Եկող շաբաթ Վրաստանին լուրջ «քննություն» է սպասվում ԵՄ-ում

Վրաստանում ԵՄ դեսպան Պավել Գերչինսկին ասել է, որ Վրաստանի ղեկավարությունը երկրի ժողովրդին հեռացնում է ԵՄ-ի անդամակցությունից՝ չնայած վրացի ժողովուրդը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Նա ընդգծել է, որ ներկայիս իշխանությունների օրոք երկիրը երբեք չի դառնա ԵՄ անդամ, հաղորդում է SOVA-ն։
Միաժամանակ, նա Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհելը համարում է «իր դիվանագիտական կարիերայի ամենամեծ հաջողություններից մեկը» (որոշումը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին - Խմբ.):
«Ես իսկապես հուսով եմ, որ հոկտեմբերի ընտրություններից հետո մենք կվերադառնանք ԵՄ ճանապարհ, որն այս փուլում կասեցված է։ ԵՄ-ն պատրաստ է վերսկսել բանակցությունները Վրաստանի հետ, եթե այն ունենա ժողովրդավարական կառավարություն։ Բայց եթե այս կառավարությունը խախտում է Եվրամիության հիմնարար սկզբունքները՝ ազատություն, ժողովրդավարություն, օրենքի գերակայություն, մարդու իրավունքներ, ապա, ցավոք, պետք է դա շատ բացահայտ ասեմ՝ Վրաստանը չի դառնա Եվրամիության անդամ»,- ասել է Գերչինսկին։
Դիվանագետը հայտնել է, որ Վրաստանի հարցով խորհրդարանական քննարկումները տեղի կունենան հոկտեմբերի 8-ին Բրյուսելում։ Ելույթով հանդես կգա ԵՄ բարձր ներկայացուցիչը և ԵՄ փոխնախագահը։ Հոկտեմբերի 14-ին նախատեսված է ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումը, որում Վրաստանը պաշտոնապես ներառված է ընթացիկ հարցերի օրակարգում։ ԵՄ 27 երկրների նախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը։
ԵՄ դեսպանը նշել է, որ առջեւում Վրաստանում ընդլայնման վերաբերյալ զեկույց կա։ Այն կհրապարակվի հոկտեմբերի երկրորդ կեսին։
Հավելենք, որ հոկտեմբերի 17-ին և 18-ին տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նիստը, որին նախագահ Շառլ Միշելը կհրավիրի ԵՄ 27 երկրների վարչապետներին և նախագահներին՝ քննարկելու Վրաստանի հարցը։
Պաշտոնական Թբիլիսին, արձագանքելով ԵՄ դեսպանի հայտարարություններին՝ անընդունելի է համարել դրանք և նշել, որ դա ընտրություններին միջամտելու ուղղակի փորձ է:
Կարծիքներ