Սա ուզում են դարձնել երրորդ համաշխարհային պատերազմ

Սա ուզում են դարձնել երրորդ համաշխարհային պատերազմ

Ռազմական փորձագետ, իրավապաշտպան, քրեագետ, զինվորների մոտ 500 սպանության գործերով դատարանում տարիներ շարունակ տուժողներին ներկայացրած Ռուբեն Մարտիրոսյանի հետ երկար զրուցեցինք բոլորին հետաքրքրող թեմայով՝ նոր ղարաբաղյան պատերազմի մասին: Սակայն զրույցն ամբողջապես հրապարակման ենթակա չէ՝ նկատի ունենալով ռազմական դրության պայմաններում գործող սահմանափակումները: 
Մեր զրույցից առանձնացրինք որոշ հարցեր ու պատասխաններ, մնացածը կհրապարակենք սահմանափակումները վերանալուն պես: 

- Իսրայելի գերագույն դատարանը մերժեց ակտիվիստ Էլի Ջոզեֆի պահանջը՝ արգելել Ադրբեջանին զենք վաճառելը: Ակտիվիստը մամուլի հրապարակումներ էր ներկայացրել, որոնք ապացուցում էին, որ Ադրբեջանի սպառազինությունների մեծ մասը Բաքուն ստացել է Իսրայելից: Հայաստանը կարո՞ղ էր որեւէ կերպ մասնակցել այս պրոցեսին, նպաստեր, որ դատարանն այլ որոշում ընդուներ: 

- Ըստ էության, հայկական կողմը բազմաթիվ փաստեր է ֆիքսել, ունի ապացույցներ, որ ադրբեջանցիների կողմից օգտագործվող անօդաչու սարքերն իսրայելական են: Իսրայելի գերագույն դատարանը վճիռ կայացրեց, բայց մենք մեր փաստերը չէինք ներկայացրել դատարանին: Ինչո՞ւ: Ինչո՞ւ եք թույլ տալիս, որ Իսրայելի դատարանն ասի, որ նման փաստեր չկան: Վաճառքի արգելք չդրվեց, որովհետեւ չգտան արժանահավատ ապացույց, որ դրանք օգտագործվում են Արցախի դեմ պատերազմում: Մերոնք ընդամենը հրապարակել են այդ լուսանկարներն ու տարածում են: 

- Դուք աշխատել եք Վազգեն Սարգսյանի հետ, ճանաչել եք նրան: Ձեր կարծիքով, ի՞նչ կաներ Վազգեն Սարգսյանն այս իրավիճակում: 

- Նախ՝ մենք հիմա կունենայինք ԱԹՍ-ներ: Ի՞նչ էին անում բյուջե վերադարձվող թալանված գումարներով: Առաջին հերթին պետք է դրանցից ձեռք բերած լինեին: Երկրորդ․ նա կտեղափոխեր պատերազմն Ադրբեջանի տարածք եւ կստիպեր Ադրբեջանին իր ուժերը տեղափոխել երկրորդ ճակատ: Դա իմ կարծիքն է: 

- ԱԱԾ քննչական դեպարտամենտի նախկին պետ Միքայել Համբարձումյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար՝ Քյարամյանի տեղում է հիմա: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս նշանակումը: Որքան գիտեմ, նա եւս բանակայինների սպանությունների գործերով էր ժամանակին զբաղվում: 

- Ես հայտարարում եմ, որ Միքայել Համբարձումյանը չպետք է զբաղեցներ այդ պաշտոնը: ԱԱԾ պետի պաշտոնակատար է նշանակվել մի մարդ, որը հանցագործություն է կատարել իր նախկին պաշտոնում՝ որպես ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետ: Երկու սպանության գործ՝ Արսեն Մխիթարյանի եւ Լեւոն Թորոսյանի սպանության գործերը: Ես մտածում էի, որ նա կբացահայտի, բայց նա ավելի խորը թաղեց ճշմարտությունը եւ կոծկեց սպանության գործը՝ ամենացինիկ ձեւով: 

- Կարո՞ղ եք մի փոքր հիշեցնել այդ պատմությունը․ Լեւոն Թորոսյանը սպանված «ինքնասպաններից» է, խիստ կասկածելի նախաքննություն էր կատարվել, ու վարչապետի մոտ քննարկվել էր, չէ՞, նրա գործը: 

- Լեւոն Թորոսյանը մահացել է 2018 թվականին՝ Տավուշի զորամասում: Գործը քննվել է ինքնասպանության վարկածով: Այդ գործի բանալին մեկ փաստի մեջ է: Երիտասարդը զորամասում մենակ էր մնացել: Նրան դիրքեր չէին բարձրացրել: Նա փախուստի էր դիմել, սակայն ընդամենը 8-9 ժամից ծնողները նրան ուղարկել էին զորամաս: 200 ականատես վկա կա, որոնք տեսել են, թե ինչպես է կապիտանը պատժել զինվորին զորքի առաջ: Ես ընդամենը խնդրել եմ, որ այդ դեպքի շուրջ քննություն անեն: ԱԱԾ քննիչը վերցրել է ականատես վկա զինծառայողներից մեկի նախկին ցուցմունքը, որը ստացել էին ճնշումների արդյունքում, քսերոքս է արել, դրել է այդ տղայի դիմաց: Նա էլ երջանիկ, որ իրեն չեն ծեծում, ստորագրել է՝ առանց բառ փոխելու: Հիմա այս գործը վարչապետի ստեղծած զինվորական գործերի վերանայման հանձնաժողովին են տվել: Ահա, այս մարդուն նշանակել են ԱԱԾ պետի պաշտոնակատար:  

- Վերադառնանք պատերազմի թեմային: Սա տարածաշրջանային պատերա՞զմ է դառնում: 

- Ոչ: Սա դառնում է երրորդ համաշխարհային պատերազմ: Այսօր բոլորը միահամուռ ասում են թուրք-ադրբեջանական հարձակման, թրքալեզու ժողովուրդների միավորման մասին: Իրականում Թուրքիան իրագործում է ԱՄՆ-ի ծրագիրը՝ հասնել մինչեւ Չինաստան, հասնել մուսուլման ույգուրներին: 

Թուրքիայի հետեւում կանգնած է ԱՄՆ-ն: Այդ բոլոր խոսակցությունները, թե Ամերիկան նեղացած է Թուրքիայից, քանի որ Թուրքիան ռուսներից «ԷՍ-400» հրթիռներ է վերցրել, այդ բոլորը կապիկություններ են: Այսօր Թուրքիան նստել է Ադրբեջանում F-16 ամերիկյան ինքնաթիռներով: Դա մի տեխնիկա է, որը ծածկում է տարածքը եւ թույլ է տալիս, որ դրոնները, անօդաչուներն ինչ ուզեն, անեն: 

- Մեր պաշտպան ռուսներն ինչո՞ւ ակտիվ չեն: 

- Ես նկատում եմ, որ ռուսներն արդեն մի քանի օր է՝ շատ են շփոթված: Մի քանի օր շարունակ ազնվորեն ասում են, հասկացնում են, որ այսօր ամեն ինչ վճռվում է ռազմի դաշտում: Ռուսաստանը կորցնելու շատ բան ունի: Դաղստան, Չեչնիա, Հայաստան՝ Ռուսաստանը կորցնում է Կովկասը: