Ես չգիտեմ իրենց տեսլականը, կադրերին, փորձը, գիտելիքները, ուր են ուզում գնալ․ Վիկտոր Մնացականյան

Ես չգիտեմ իրենց տեսլականը, կադրերին, փորձը, գիտելիքները, ուր են ուզում գնալ․ Վիկտոր Մնացականյան

Այսօր լուր էր հրապարակվել, որ Կենտրոնի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը, «համարելով իր առաքելությունն ավարտված, մեկնել է ԱՄՆ»։ Մենք կապվեցինք նախկին թաղապետի հետ։ «Փախչելը մի քիչ վիրավորական է, հատկապես` իմ դեպքում, հատկապես, երբ ես վաղուց Երևանում եմ։ Ամերիկա էի գնացել, հիմնականում՝ Լոս Անջելես և Գլենդել քաղաքներ, կարելի է ասել`  մի տարի է, չէի հանգստացել, հանգիստը համատեղել եմ մի քանի աշխատանքային հանդիպումների հետ։ Հանդիպել եմ Լոս Անջելեսի և հատկապես Գլենդելի քաղաքային իշխանությունների հետ, փորձի ուսումնասիրություն ենք կատարել ինժեներիայի, կոմունալ, ենթակառուցվածքային, ճարտարապետաշինարարական բլոկի մասնագետների հետ, որովհետև հետագայի համար այստեղ մեծ ծրագիր ունենք, որ պիտի անենք Երևանում, օրինակ՝ Կոնդի վերակառուցումը։ Այդ ծրագիրը քննարկում ենք։ Ինչ վերաբերում է լքել-գնալուն, ապա ամոթ է, չգիտեմ էլ՝ արժե՞ դրա համար պատասխանատվության կանչել»,- ասաց Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

- Երեկ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունեցավ՝ Ավետ Պողոսյանը, Դուք ծանո՞թ եք նրան, ի՞նչ կասեք այդ նշանակման մասին։

- Ոչ, բացարձակապես ծանոթ չեմ, բայց հաջողություն եմ մաղթում այդ պատասխանատու և կարևոր գործում։

- Ձեր հրաժարականից հետո Ձեզ պաշտոններ առաջարկե՞լ են։

- Այո, տարբեր պաշտոններ են առաջարկել։

- Մենք տեղեկություններ ունենք, որ Ձեզ առաջարկել են կադաստրի պետի պաշտոնը։

- Եթե կարելի է, չպատասխանեմ:

- Պատրաստվո՞ւմ եք կրկին պետական պաշտոն զբաղեցնել։

- Դեռ չգիտեմ, եթե կարողանամ իմ ծրագրերն իրականացնել, իմ փորձն ու գիտելիքները կարողանամ օգտագործել և ռեալ օգուտ տալ հայրենիքին, հատկապես քաղաքաշինական, ուրբանիստիկ ոլորտում, որ փոփոխությունները շատ աչքի ընկնող լինեն, հնարավոր է, որ նաև համաձայնեմ։

- Երեկ նոր թաղապետը նշանակումից անմիջապես հետո ժամեր չանցած` ազատվեց Ձեր կադրերից։ Ինչպե՞ս սա կմեկնաբանեք։

- Ես կոռեկտ չեմ համարում, ճիշտն ասած, դա մեկնաբանել։ Այդ աշխատանքը մի քիչ թիմային բնույթ ունի։ Ենթադրում եմ, որ ինչ-որ մարդիկ իրենց կադրերով ու տեսլականներով գան, ես պարզապես չգիտեմ իրենց տեսլականը, կադրերին, փորձը, գիտելիքները, և թե ուր են ուզում գնալ, այսինքն՝ ինչով էին խանգարում կոնկրետ հենց այդ մարդիկ, բայց երևի բացատրություն ունեն։ Այդ պաշտոնը ոչ թե թաղապետի պաշտոն է, դա ժողովրդական լեզվով է «թաղապետ», դա կոչվում է «վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ», և այդ ամբողջ աշխատակազմն իրականում պետք է հարմարվի ղեկավարին։

- Բայց առաջին օրվանից միանգամից երևո՞ւմ է անհամապատասխանությունը։

- Եթե կարելի է, չմեկնաբանեմ։ 

- Դուք Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածում տեղյակ եղե՞լ եք, որ քաղաքապետարանը նվերներ է ստանում և դրանց դիմաց շինթույլտվություններ է տալիս։

- Ես չմեկնաբանեմ, եթե կարելի է, դա իմ պրոֆիլի հարցը չէ, վարչական շրջանի ղեկավարի և քաղաքապետարանի աշխատանքները տարբեր են։