Տիկինը մոռացել է, թե ինքը ով է և ինչի է կոչված․․․

Տիկինը մոռացել է, թե ինքը ով է և ինչի է կոչված․․․

Հանճարեղ Թումանյանի տողերը, իրենց պարզ միամտությամբ ու անկեղծությամբ, զինաթափում է մարդու․
Երազումըս մի մաքի
Մոտըս եկավ հարցմունքի.
-Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…

Սա բազմաթիվ մաքիներ խժռած գայլի երազն է։ Անգամ հոշոտող գայլը մեղքի զգացում է ապրում , այլապես ձագի մայրը երազում չէր գա ու միամիտ հարցներ՝  ո՞նց էր համը իմ ձագի․․․ Մենք Մեծն Թումանյանից բան ունենք սովորելու, նրա աղբյուրից ջուր խմելու, կրթվելու, զորանալու վայելքը պիտի զգանք․․․ Իմ հարցը՝ ուղղված Աննա Հակոբյանին, նույն անկեղծությունն ուներ․ «Հիմա մենք քո ասած տխմա՞րն ենք, թե՞ մարդուդ ասած համբալը» վերտառությամբ հոդվածի մեջ։  Ես նրան չէի վիրավորում, պարզ հարց էր՝ թումանյանական շնչով ու մաքրությամբ մի փոքրիկ  հոգեբանական վերլուծություն։  Ես նրան հնարավորություն էի տալիս՝ մաքրվելու, մտածելու, ուղղվելու, վերանայելու իր գործելակերպը։

Երկրի ղեկավարի կինը և ոչ բարով ղեկավարը, ովքեր իրենց  գործելակերպով արժանացել են հանրության մեղմ ասած «դժգոհությանը», իրենց  բառերով ասած՝ հայհոյանքին, ատելությանը՝  իրավունք չունեն մարդկանց տխմար, համբալ անվանել։ Դա ամուսինների բարոյականության վերջին փշուրների կործանումն է, երբ իրենք հավասարվում են իրենց հայհոյող մարդկանց ու փորձում նրանցից ավելի բարձր հայհոյել։ Իրենց հայհոյողը անզոր մարդն է, որը կորցրել է իր երկիրը, իր որդիներին,  և նա մաքի չէ, որ լեզու չունենա ու չխոսի, չընդվզի։ Նրանք պիտի դա հասկանան ու ընդունեն։  Զույգի աչքերին մղձավանջային երազներ պիտի գան, որ մարդկանց հասցրել են այն կետին, որ անզորությունից ասում են այն, ինչ իրենք լսում են։ Ու ահա հայտնվում է մեկը, ով չի հայհոյում ու մեղմ  հարց է տալիս՝ «Հիմա մենք քո ասած տխմա՞րն ենք, թե՞ մարդուդ ասած համբալը»։ Ովքե՞ր են այդ մենքը։ Այդ մենքը իրենց ծաղկուն երկիրը կորցրած հանրությունն է, իրենց որդիների ոսկորներին կարոտ մնացած ծնողներ, հարազատներ են, այդ մենքը Եռաբլուրն է, այդ մենքը իրենց պաշտոնավարման ժամանակ իրենց կորցրած, խելագարության հասած հանրությունն է, այդ մենքը տնից շպրտված Արցախն է․․․ Այդ մենքը Հայաստանն է, հայ ժողովուրդը։  Ի՞նչ է պատասխանում Աննա Հակոբյանը։ Հոդվածս տեղադրում է իր ֆեյսբուքյան էջում և գլխագրում զետեղում՝ «Երկուսը»։ Այսինքն մենք և՛ տխմար ենք, և՛ համբալ։ Պատճառն այն է, որ հանդուրժում ենք այս ամենը, իրենց։ Տիկինը մոռացել է, թե ինքը ով է և ինչի է կոչված․․․ Ասում է՝ ինչ ասեք՝ կհակադարձեմ․․․ Սա էժանագին շոու է, որտեղ հաղթող չի լինելու, իսկ պարտվողը երկիրն է լինելու։