Թոշակի անցած դատավորները ամիսներով թոշակ չեն ստացել, վարկերով են «յոլա գնում»

Թոշակի անցած դատավորները ամիսներով թոշակ չեն ստացել, վարկերով են «յոլա գնում»

Թոշակի անցած մի խումբ դատավորներ դիմել են վարչական դատարան՝ պահանջելով վերականգնել իրենց իրավունքներն ու տրամադրել իրենց թոշակը։ Բանն այն է, որ նրանք արդեն մի քանի ամիս է՝ տարիքի բերումով անցել են կենսաթոշակի, սակայն թոշակ չեն ստանում, եւ պատճառն օրենքն է, որը, պարզվում է, հակասահմանադրական է ճանաչվել։ Հիմա կառավարությունը նոր օրենք է մշակում, որպեսզի հստակեցվի, թե որքան թոշակ պետք է ստանան դատավորները, ու դրանից հետո նոր կվերականգնվի նրանց թոշակը։ Իսկ մինչ այդ թոշակառու դատավորները ստիպված են «յոլա գնալ» կա՛մ իրենց խնայողություններով, եթե հասցրել են որեւէ բան կուտակել դատավոր աշխատած տարիներին, կա՛մ «հարեւանից պարտք անելով», ինչպես ժամանակին հորդորում էր առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

Կենսաթոշակի գնացած դատավորներից Էդիկ Ավետիսյանը, որը Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում երկար տարիներ դատավոր աշխատելուց հետո 5-6 ամիս է՝ թոշակի է անցել, մեզ հետ զրույցում այսպես ներկայացրեց խնդիրը․ թոշակի անցած դատավորները սկզբում ստանում էին իրենց աշխատավարձի 75 տոկոսի չափով թոշակ։ Հետո փոխվեց օրենքը՝ դառնալով 55 տոկոս։ 

2019 թվականին օրենքի այս փոփոխության սահմանադրականության հարցը վիճարկել են Սահմանադրական դատարանում։ ՍԴ-ն որոշել է, որ օրենքն իսկապես հակասում է Սահմանադրությանը, այսինքն՝ վատթարացնող օրենք է։ «Արդյունքում Սահմանադրական դատարանը դատավորներին կենսաթոշակ նշանակելու մասին օրենքի այդ դրույթները համարել է Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, նաեւ հանձնարարել է կառավարությանը, որ երեք ամսվա մեջ Սահմանադրությանը համապատասխան օրենք ընդունեն, որ դատավորները թոշակ ստանան։ Ու չեն արել մինչեւ հիմա»,- ասաց պարոն Ավետիսյանը։

Ըստ Էդիկ Ավետիսյանի՝ սա օրենքի խախտում է, որ իրենք մինչեւ հիմա թոշակ չեն ստանում, քանզի պետք է գոնե 55 տոկոսի չափով, այսինքն՝ դեռեւս գործող օրենքով, իրենց թոշակը ստանային, մինչեւ նոր օրենքի ընդունումը։ Ուստի ինքը, թոշակի անցած եւս մի քանի դատավորներ, այդ թվում՝ Ռուբեն Ափինյանը, Արթուր Սմբատյանը եւ այլք, մոտ երեք ամիս առաջ դիմել են դատարան՝ վերականգնելու իրենց իրավունքները։

Նոր իշխանությունները երեւի մտածում են՝ թոշակի անցած դատավորներն այս տարիներին միլիոններ են կուտակել ու կարող են դրա հաշվին առանց եկամտի ապրել։ «Բայց չգիտեն, որ հիմա դատավորներն արդեն վարկերով են ապրում»,- նկատեց Էդիկ Ավետիսյանը։

Երեկ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի ցանկում ներառված էր «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում  կատարելու մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման եւ սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մաuին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկման համար պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը որպես գլխադասային նշանակելու վերաբերյալ հարցը։ Նախագծի հեղինակներն Ազգային ժողովի պատգամավորներ Արթուր Դավթյանը, Վլադիմիր Վարդանյանը եւ Աննա Կարապետյանն են։ Խոսքը, ինչպես հասկացանք, հենց այս օրենքի մասին է։
Նախագծի հեղինակներից իմքայլական Արթուր Դավթյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվելու է այդ օրենքի նախագիծը։ «Նախագիծն այնպես ենք մշակել, որ հակասահմանադրական նորմը վերանա, որ արդեն նոր օրենք ընդունենք, որ իրենք ստանան էդ թոշակը համապատասխան չափի, եւ դա չլինի հակասահմանադրական»,- ասաց նա։

- Նոր օրենքով, աշխատավարձի քանի՞ տոկոսի չափով պետք է լինի կենսաթոշակը։

- 75 տոկոսի։

- Այսինքն՝ կվերադառնանք նախնական տարբերակին։

- Այո, որովհետեւ դա է ճիշտ համարել Սահմանադրական դատարանն իր որոշման մեջ։

- Թոշակի անցած դատավորներն ասում են, որ 4-5 ամիս է՝ իրենք ոչ մի կոպեկ թոշակ չեն ստացել ու այս հարցով վարչական դատարան են դիմել։

- Սխալ են արել։ Իրենք եթե դիմեն թոշակավորման, կստանան։ Երբ որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է դա ճանաչել, ստացվում է՝ էդ 55 տոկոսանոց նորմը էլ չի գործում, ճի՞շտ է։ Նոր նորմը հիմա դեռ ընդունման փուլում է, այսինքն՝ դեռ չենք ընդունել, ճի՞շտ է, թե՞ չէ։ Այսինքն, եթե իրենք ուզենային առհասարակ քաղաքացիների, ոչ թե դատավորների կարգավիճակով դիմեին թոշակ ստանալու, կստանային։

- Կստանային, բայց 30-40 հազար դրամ, ոչ ավելի։

- Ապրես։ Դրա համար էլ դա իրենց ձեռք չի տալիս, իրենք էլ ստիպված սպասում են, մինչեւ էս օրենքը կընդունվի, էս օրենքով կդիմեն, եւ արդեն էն, ինչ որ հասանելի է իրենց, կստանան։

- Դատավորներից մեկն ինձ հետ զրույցում ասաց, որ քանի դեռ ԱԺ-ն նոր օրենք չի ընդունել, պետությունը պարտավոր է իրենց հին կարգով այդ 55 տոկոսը վճարել։ Դրա համար էլ դիմել են դատարան։

- Ես, ճիշտն ասած, հա՛մ տեղյակ չեմ դրա մասին, հա՛մ էլ չգիտեմ, թե ինչքանով են ճիշտ արել։ Դա գնահատելու խնդիր է։

- Լավ, հիմա եթե օրենքն ընդունվի եւ մտնի ուժի մեջ՝ 75 տոկոսով, իրենք արդեն այս ամիսներինը, որ չեն ստացել, միանգամից կստանա՞ն արդեն 75 տոկոսով։

- Դա պետք է ուսումնասիրել, բայց ենթադրում եմ՝ այո, ինչո՞ւ պիտի չստանան։