Աթենա Ֆարոխզադ. Սպիտակ գիրք

Աթենա Ֆարոխզադ. Սպիտակ գիրք

***
Մայրերն ու լեզուները նման են իրար այն բանով, 
որ նրանք միշտ ստում են ամենի մասին։
Հայրս ասում էր՝ եւ, որովհետեւ, ոչ ոք քո հարազատներից 
թաղված չէ այս հողում,
այն քոնը չէ։
Մայրս ասում էր՝ միայն երբ թաղես ինձ այս հողում,
այն կդառնա քոնը։
Եթե լիրիկական «ես»-ի եղբայրն իր վրա բացահայտում է
«սովորական ռասիզմի» բոլոր դրսեւորումները ծաղկող երկրում,
հորեղբայրը հիշում է սարսափները պատերազմի, որից փախչում էր։
Հայրս ասում էր՝ եղբայրդ սափրվում էր, նախքան մորուքը երեւաց․
եղբայրդ տեսնում էր հայելում ահաբեկչի դեմքը եւ որպես սուրբ ծննդյան նվեր՝
մազերը հարթեցնող սարք էր ուզում։
Եղբայրս ասում էր՝ ինչ-որ մի օր ես ուզում եմ մեռնել երկրում, 
ուր մարդիկ գիտեն ինչպես է արտասանվում իմ անունը։
Հորեղբայրս ասում էր՝ պատերազմը երբեք չի ավարտվել,
պարզապես դու դադարել ես լինել դրա զոհը,
հորեղբայրս ասում էր՝
եթե դու չես դողում, հատելով սահմանը,
ուրեմն քո հատածը սահման չէ։
Մայրս ասում էր՝ բարբարոսություն կա, որը երբեք չի վերանա
հորդ գլխի գենետիկ նյութի գնդիկների բաժանումից,
բայց ոչ Իմ ներսից։
Հայրս ասում էր՝ քաղաքակրթությունների հակամարտություններից
հիմնահատակ անտագոնիզմից իմ հոգնած գլխի,
բայց ոչ Նրա ներսից։

***
Մայրս ասում էր՝ պատերազմից հետո երջանիկ ապրելն անհնար է,
հայրս ասում էր՝ պատերազմն ապրելու վերջին հնարավորությունն է։
Եթե քամին դադարել է տերեւաթափել ծառերը, ուրեմն եղբայրս երեկ 
վերադարձել է տուն։
Ես չգիտեմ՝ ինչու են բոլորը խոսում անապատներից, 
բայց գիտեմ, որ նրանք բոլորն էլ վախենում են ավազների վրա գրություն թողած
այն աստծուց, որ հրեա է կամ հայ, ավելի շատ՝ հայ, որովհետեւ նրանց երակները փշերից են։
Ծառն ասում է՝ այստեղով ձիեր են անցել։ Եթե դու չես լսել նրանց կարմիր դոփյունը,
ուրեմն քո ականջներում պատերազմը բոսորագույն վարդի սոխուկ է,
ուրեմն դու ծաղկելու ես Դատաստանի գիշերը։
Մայրս ասում է՝ դու չգիտես ինչ է պատերազմը, քանի դեռ չունես զավակներ։
Հայրս ասում է՝ դու չես իմանա ինչ է պատերազմը, քանի դեռ ունես ընտանիք։

***
Աստղերի մեջ ննջած ճշմարտությունների գլխում երկու պատերազմ կա։
Աշխարհը բաժանված է մայրերի ու աստվածների։
Եթե համատիեզերային կենտրոնը խաղաղությունն է,
ուրեմն աստվածները, որոնց արարել է մարդկային ցեղը եւ բաժանել կրոնների,
ամենաանհեթեթ հորինվածքն են,
եթե տիեզերքում թրթռում է նույնիսկ գեթ մեկ ցողունի պորտալար,
ուրեմն աշխարհում գոյություն ունեցող միակ անհերքելին արգանդն է,
ուրեմն աշխարհն այլեւս բաժանված չէ աստվածների։


Թարգմանությունն անգլերենից՝ Մարգարետ ԱՍԼԱՆՅԱՆԻ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ