Այսօր մենք գրել էինք, որ ՔՊ-ն նախաձեռնող խմբի նիստ է արել, որտեղ քննարկել են ՊՎԾ գործունեությունը։ Մեզ լրացուցիչ տեղեկություններ են հաղորդել։ Նույն նիստի ժամանակ Գյումրիից ՔՊ-ական մի ներկայացուցիչ բարձրացրել է այս օրերին համատարած հոսանքազրկումների հարցը։ Մասնավորապես խոսակցությունը գնացել է այն տրամաբանության մեջ, որ ինչու՞ պիտի Ռուսաստանի քաղաքացին տնօրինի Հայաստանի Էլցանցերը եւ պետք է այդ մենաշնորհը վերացնել, ՀԷՑ-ը հետ վերցնել «Տաշիր» ընկերությունից՝ Սամվել Կարապետյանից։
Այս խոսակցությունը կարծես թե իր ավարտին չի հասել, բայց նիստից 2 օր անց հանրային գործիչ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրեթե նմանատիպ մի գրառում է կատարել, որ երկուշաբթի օրվանից սկսում են պայքարը ՀԷՑ-ի դեմ։ Ըստ նրա՝ «Տաշիր գրուպ»-ի մենաշնորհը պետք է վերացնել։
Ակնհայտ է, որ իշխանության ներսում ինչ-որ գործընթաց են պատրաստում ՀԷՑ-ի, մասնավորապես՝ Կարապետյանների բիզնեսի դեմ, որը կարող է տեղավորվել Ռուսաստանը Հայաստանից հեռացնելու արևմտյան ծրագրի մեջ։