«ԱՐԱ Չի՛,... Արքայա» կամ՝ «Քյարամյան-Աղազարյան» հայտնի «բաթլի» հետքերով
«ԱՐԱ Չի՛, ...... Արքայա» խորագրով GALLUP-ի նոր հարցման արդյունքները, որ իրականացվել են հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում, վերաբերում են արդի հիմնախնդիրներին եւ ներքաղաքական զարգացումներին: Հեռախոսային հարցումներին մասնակցել է 1.100 հոգի: Հետազոտության ընտրանքային սխալը ±3% է:
GALLUP International Association-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանն ասում է` իրեն, որպես քաղաքացու, հաճելիորեն զարմացրել են մի քանի հարցումների արդյունքներ, օրինակ՝ այն, որ հարցվածների 51.5 տոկոսը խիստ բացասական է գնահատել այն փաստը, որ Սահմանադրական դատարանն Անկախության հռչակագրում Արցախի հիշատակումն իրավական ուժ չունեցող համարեց. «Ինձ համար դուրեկան տվյալ էր նաեւ այն, որ Հայաստանն Ադրբեջանին ու Թուրքիային այլեւս ոչինչ չունի զիջելու, եւ հետագա բանակցությունները պետք է լինեն առանց հավելյալ զիջումների․ այդպես է կարծում հարցվածների 90 տոկոսը: Բացի այդ, ներկայում ՀՀ կառավարությունն էներգետիկ անվտանգության ոլորտում քննարկում է երկու տարբերակ. առաջինը՝ վերազինել առկա ատոմակայանը մինչեւ 2036թ., եւ երկրորդը՝ փակել առկա ատոմակայանը եւ փոխարենը կառուցել մեկից ավելի ամերիկյան փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ: 63.7 տոկոսը կողմ է առաջին տարբերակին՝ վերազինել առկա ատոմակայանը»:
Ա. Նավասարդյանն ասում է` իրենք հիմնականում բաց հարցեր են տալիս, առանց պատասխաններ մատնանշելու եւ ուղղորդելու, թե որ խնդիրն է կարեւորը. «Քաղաքացիներն իրենք են պատասխանում, մենք ընդհանրացնում ենք եւ ներկայացնում, թե որ խնդիրն է առավել շատ նշվել, բայց կան հարցեր, երբ խնդրում ենք կոնկրետ գնահատել, օրինակ` նախագահի կամ վարչապետի աշխատանքը:
Ի դեպ, այս անգամ եւս մեր քաղաքացիներին` 76,2%-ին, առավել շատ հուզում են անվտանգային խնդիրները»:
Հատկանշական է, որ շաբաթներ առաջ «Բրեւիս» ընկերության կողմից եւս ներկայացվեց մի հարցում, որտեղ, ինչպեսեւ իրենց դեպքում, շատ հարցերում պատկերը նույնական էր, դա առնչվում էր թե՛ անվտանգային խնդիրներին, թե՛ վարչապետի վարկանիշին:
Ա. Նավասարդյանն ասում է` զուգահեռներ կարելի է եւ գուցե պետք է անցկացնել հետազոտությունների միջեւ, բայց ինքը հակված չէ մեկնաբանություններ տալ մյուս հետազոտությունների վերաբերյալ։ «Ու եթե անգամ որոշ հարցերում կան տարբերություններ, շատ ու շատ կարեւոր է ուշադրություն դարձնել, թե որ ժամանակահատվածում է իրականացվել հարցումը: Քանի որ կախված նրանից` հունիսին է իրականացվել հարցումը, թե օգոստոսին, հիմնախնդիրները կամ վերաբերմունքը տարբեր կուսակցություններին ու իրադարձություններին կարող են տարբեր լինել մարդկանց մոտ»,- ասում է զրուցակիցս ու, այդուհանդերձ, անդրադառնում Բրեւիսի հետազոտությանը` նշելով, որ իրենց դեպքում հարցերի քանակն ավելի ծավալուն է, իսկ դա կապված է ֆինանսական միջոցների հետ, որը թույլ է տվել այդպիսի ծավալուն հետազոտություն անել: Իրենց դեպքում ֆինանսավորողը հենց GALLUP-ն է, հետեւաբար՝ նպատակահարմար չեն գտնում շատ ծավալվել, բայց, մյուս կողմից, արագ արձագանքում են եւ փորձում անդրադառնալ տվյալ ժամանակահատվածի ամենակարեւոր եւ հասարակությանը հուզող հարցերին:
«Ցավոք, մենք նախորդ 2 ամիսներին չիրականացրինք ոչ մի հետազոտություն, որովհետեւ, ըստ էության, ոչ մի իրադարձություն կամ որոշակի գործողություն չի եղել քաղաքական դաշտում կամ սոցիալական խնդիրների վերաբերյալ, որը կարելի է չափել եւ տեսնել՝ կա՞ արդյոք փոփոխություն, ստուգենք դրական կամ բացասական փոփոխությունները: Միայն սեպտեմբերի վերջից սկսվեցին որոշակի շարժումներ. Բագրատ սրբազանը փորձեց որոշակի միջոցառումներ կազմակերպել, նաեւ որոշակի խժդժությունները ՔՊ-ում մեզ ստիպեցին որոշակի հարցադրումներ առաջ քաշել եւ փորձել հասկանալ մեր հասարակության վերաբերմունքը դրանց հանդեպ»:
Անդրադառնալով հետազոտության «ԱՐԱ Չի՛,... Արքայա» վերնագրված խորագրին, ասում է, որ նման ձեւակերպումը պայմանավորված է «վերջերս ԱԺ-ում Քյարամյան-Աղազարյան» հայտնի «բաթլի» հետքերով: «Այդտեղ է, որ մեկը մյուսին ասում են` արա... արա չի եւ այլն... ես ուղղակի փորձեցի այդ անվանումով նկարագրել, թե ինչպիսի մակարդակի է այսօր իջել մեր քաղաքական դաշտը եւ, մասնավորապես, քննարկումների որակը ՔՊ-ի ներսում»:
Ինչ վերաբերում է մասնագիտական այն դիտարկումներին, որ բջջայինով քաղաքական հարցումներ անելը սխալ է, մարդիկ վախենում են, որ իրենց կձայնագրեն, իրենք «սեւ ցուցակներում» կհայտնվեն, Ա. Նավասարդյանը մասնագիտական տգիտություն է համարում նման գնահատականները. «Այդպիսի խնդիր, ըստ էության, չկա, նախ՝ որովհետեւ հեռախոսահամարներն ընտրվում են պատահականության սկզբունքով։ 2-րդ` դրանք անանուն հարցումներ են, իհարկե՝ չեմ բացառում, որ որոշ «ռեսպոնդենտներ» կարող են նման մտավախություն ունենալ եւ որոշակի շեղումներով պատասխանեն: Բայց եկեք հակառակ տարբերակը նայենք. նման հարցապնդումներ անողները, թե մարդիկ վախենում են, եւ հեռախոսային հարցումները ճշգրիտ չեն, 2 մեծ բացթողում ունեն․ նախ՝ ամբողջ աշխարհում հեռախոսային հարցումներն արդեն իսկ գերակշռում են հետազոտական շուկայում: 2-րդ ամենակարեւոր խնդիրը, որ եթե իրենք պնդում են, որ դեմառդեմ հարցումներն են ճիշտ, ուրեմն եկեք հասկանանք՝ ո՞րն է ավելի զգուշանալու առիթ, երբ զանգում են ձեր ձեռքի հեռախոսահամարի՞ն, թե՞ երբ գալիս են ձեր տուն։ Այստեղ վախի հետ կապված բոլոր փաստարկները կոտրվում են, որովհետեւ այս դեպքում դու գիտես ոչ միայն մարդու հեռախոսահամարը, այլ նաեւ՝ տան հասցեն»:
Զրուցակիցս ընդգծում է` որոշակի շեղումներ ցանկացած դեպքում կարող են լինել, բայց իրենց ազդեցությունը որեւէ կերպ չի տարածվում «ռեսպոնդենտների» վրա. «Օրինակ, նախընտրական կամ ընտրական շրջանում շատ անգամ ասում են` այ, ձեզ մոտ կա տվյալների որոշակի շեղում..., բայց ես ասում եմ՝ եթե մեր այս մոտեցումը լինի իդեալական տարբերակ, այդ դեպքում ինչի՞ համար ենք մենք անցկացնում ընտրություններ, կիրականացնեինք հարցում, եւ ըստ այդ հարցումների տվյալների՝ քաղաքական կուսակցությունները կզբաղեցնեին իրենց տեղերը: Հետեւաբար, սրանք հավելյալ, որպես ուղղորդիչ կամ ստուգիչ ազդակներ են մեր հասարակության համար, թե ինչպիսի իրավիճակ է տվյալ ժամանակահատվածում, քանի որ Հայաստանը փոքր երկիր է, ապա փոփոխությունները կարող են լինել շատ արագ, հետեւաբար ասել, որ այս շաբաթ այսպիսի իրավիճակ է տվյալ խնդրի վերաբերյալ, նույնը պնդել մյուս շաբաթվա վերաբերյալ՝ ես չեմ համարձակվի: Ամեն ինչ դինամիկ է»:
Ո՛չ իշխանական, ո՛չ ընդդիմադիր դաշտից գաղտնի հարցումներ իրականացնելու պատվերներ չեն տրվել իրենց, պատասխանը, ըստ Նավասարդյանի, շատ պարզ է։ «Քանի որ բոլորի վարկանիշն էլ ոչ փայլուն վիճակում է, հետեւաբար, ինչի՞ համար հարցում պատվիրեն, եւ 2-րդ` ինչո՞ւ պատվիրեն, երբ ես անվճար անում եմ ու հրապարակում եմ»,- ասում է ու հավելում, որ իրենք մշտապես թե՛ ՏԻՄ, թե՛ համապետական ընտրություններից առաջ ակտիվ հարցումներ են անում եւ հրապարակում են արդյունքները, ըստ այդմ՝ անհրաժեշտություն էլ չի առաջանում իրենց առանձին կամ գաղտնի հարցումներ պատվիրելու. «Պատվիրեն, թե չպատվիրեն, միեւնույն է` պատկերն այն է, ինչ կա, բայց ես չեմ բացառում, որ այլ հետազոտական կազմակերպությունների իրենք պատվիրում են հարցումներ»:
Կարծիքներ