Մեկնարկել է Շեքսպիրյան միջազգային փառատոնը

Մեկնարկել է Շեքսպիրյան միջազգային փառատոնը

Նոյոմբերի 1-ից մեկնարկել է Երեւանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը, որն անցկացվում է 14-րդ անգամ եւ կշարունակվի մինչեւ նոյեմբերի 5-ը:

Փառատոնը կհյուրընկալի 6 երկրից ժամանած ավելի քան 90 մասնակիցների եւ հյուրերի, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետների, արտմենեջերների, միջազգային փառատոնի տնօրենների Լեհաստանից, Իտալիայից, Ղազախստանից, Իրանից եւ Ռուսաստանից: Երեւանյան 7 բեմահարթակներում կցուցադրվի 10 ներկայացում:

Այս տարի փառատոնին կմասնակցեն Ղազախստանի Ալմաթիի ազգային թատրոնը` «Արքա Լիրի ողբերգությունը» ներկայացումով, Իտալիայի I’m Perfect թատերական ընկերությունը` «Համլետ» պլաստիկ ներկայացումով, Օրսկի Ա. Պուշկինի անվան պետական դրամատիկ թատրոնը՝ «Չափն ընդդեմ Չափի», Իրանի AAN թատերական ընկերությունը՝ «Մակբեթ», Ղազախստանի Տ. Ախտանովի անվան դրամատիկական թատրոնը՝ «Համլետ», Theater Academy in Warsaw (Լեհաստան)՝ «Շեքսպիրյան ոգիներ», Երեւանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը՝ «Ռոմեո եւ Ջուլիետ» ներկայացումներով:

Փառատոնի շրջանակում Հայաստան են ժամանելու թատերական փառատոների ղեկավարներ, հայտնի թատերական գործիչներ: Փառատոնի ընթացքում մեկ հարկի տակ կցուցադրվեն բազմաժանր եւ նորարարական թատերական մոտեցումներով ներկայացումներ` շեքսպիրյան թեմայով:
Այս տարի անցկացվող FestOut ծրագրի շրջանակում իրենց մասնակցությունն են ունենալու ուսանողական եւ անկախ թատերախմբերը, այդ թվում՝ «Օթելլո» (ռեժիսոր՝ Գրիգոր Խաչատրյան), «Շեքսպիրյան մոզաիկա» (ռեժիսոր՝ Հրաչյա Ղազարյան), «Շեքսպիրյան տրիլոգիա» (ռեժիսոր՝ Մարիամ Հարությունյան): FestOut ծրագրով տեղի է ունենալու մրցույթ, որի հաղթողը հրավեր կստանա Գդանսկի շեքսպիրյան փառատոնի Shakespeare Off փառատոնին մասնակցելու համար:

Երեւանի շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնն աշխարհահռչակ Եվրոպական շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: Փառատոնի հիմնադիրներն են Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը եւ լեհ աշխարհահռչակ շեքսպիրագետ Անջեյ Ժուրովսկին: