Ինչո՞ւ 2021-ին չձեւավորվեց «Ռոբերտ Քոչարյան-Արթուր Վանեցյան-ՀՅԴ» դաշինքը

Ինչո՞ւ 2021-ին չձեւավորվեց «Ռոբերտ Քոչարյան-Արթուր Վանեցյան-ՀՅԴ» դաշինքը

Իհարկե, իրադարձությունները հետին թվով վերլուծելն ու ընդդիմության սխալները բռնելը դյուրին, բայց ոչ այնքան ազնիվ գործ է։ Իրադարձությունների թեժ փուլում շատ բան չես նկատում, չես կողմնորոշվում, հետո՝ բոլորն են նկատում։ Բայց չենք կարող չարձանագրել, որ ընդդիմությունն այս տարիներին ահռելի քանակի սխալներ է թույլ տվել, որոնք մեր հասարակության եւ երկրի համար անդառնալի հետեւանքներ են ունեցել։

Օրինակ, միանշանակ այսօր կարող ենք պնդել, որ 2021 թվականի ամռանն արտահերթ ընտրությունների գնալը սխալ էր։ Դրա արդյունքներն այն ժամանակ անկանախատեսելի էին, սակայն ստացվեց այնպես, որ հեռանալու փոխարեն Նիկոլ Փաշինյանի դիրքերը զմռսվեցին եւ նա նոր վերածնունդ ապրեց՝ հնարավորություն ստանալով երկիրը տանել հետագա կործանման։ Եւ այդ ընտրությունների անցկացման հարցում ոչ միայն Գագիկ Ծառուկյանի ու Էդմոն Մարուքյանի մեղքն էր մեծ, այլեւ իրենց արմատական ընդդիմություն համարող Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի։ Թեեւ՝ հանուն արդարության նշենք, որ Սերժ Սարգսյանը դեմ լինելով՝ ստիպված մասնակցեց այդ ընտրություններին։ Նա այն քչերից էր, որ ընտրություններից առաջ հասկանում էր՝ հաղթանակի դեպքում Փաշինյանին շատ ավելի բարդ է լինելու հետագայում հեռացնելը։ 
Ուրիշ սխալներ էլ եղան․ օրինակ՝ դաշինքների ձեւավորման հարցում։

Ինչպե՞ս պատահեց, որ Սերժ Սարգսյանը միացավ Արթուր Վանեցյանի հետ, իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ Վահե Հակոբյանի։ Այսօր արդեն ակնհայտ է, որ 2 կոնֆիգուրացիան էլ սխալ էր։ Մի դեպքում Արթուր Վանեցյանը կենդանացրեց, նոր շունչ տվեց ՀՀԿ-ին, իսկ ՀՀԿ-ն՝ որպես անջնջելի խարան կարող է մնալ Վանեցյանի վրա եւ առաջիկայում էլ վնասել նրան։ Մինչդեռ առանձին գնալու դեպքում պարզ կդառնար, թե՝ ով ինչ քաշ ունի․ ՀՀԿ-ն միայնակ կարողանո՞ւմ է հաղթահարել խորհրդարան անցնելու շեմը, առանց Վանեցյան- քարշակի, որը նաեւ ֆինանսական ծախսերը վերցրեց իր վրա՝ ՀՀԿ-ին ազատելով իր կուտակած միջոցները ծախսելու անհրաժեշտությունից։ Նաեւ կերեւար, թե Արթուր Վանեցյանը՝ որպես նոր մարդ, նոր ուժ, ինչ շանսեր ունի եւ ինչքանով է ունակ ինքնուրույն ճանապարհ անցնելու։ Իսկ եթե անպայման պետք էր դաշինք կազմել, ապա շատ ավելի տրամաբանական կլիներ «Ռոբերտ Քոչարյան-Արթուր Վանեցյան-ՀՅԴ» դաշինքը, որտեղ կլիներ որոշակի գաղափարական ընդհանրություն եւ պայքարի միակամություն։ Իսկ անհայտ հայացքների, սկզբունքների ու կապերի տեր Վահե Հակոբյանի հետ ճանապարհ գնալը Քոչարյանի պարագայում կարող էր մի բացատրություն ունենալ՝ նախընտրական ծախսերը կիսելու եւ դրանց մի պատկառելի մասը Հակոբյանի վրա դնելու մտադրությունը։ 

Այսօրվա հայացքով առավել եւս անարդար եւ անբարոյական է թվում այն, որ Ազգային ժողովում չեն այլեւս այն անձինք, ում դեմքով այս դաշինքները եկել են խորհրդարան՝ Ռոբերտ Քոչարյանը, Արթուր Վանեցյանը, Վահե Հակոբյանը։ Դա առավել ցցուն է «Պատիվ ունեմ» խմբակցության առումով։ Ցուցակի առաջին դեմքը, որը նաեւ ֆինանսական (իր վերջին գումարները ծախսելով ընտրությունների ժամանակ), բարոյական հարվածներ է կրել այս մեկ տարում եւ 7 մանդատ ստացել, խմբակցությունը հանձնեց Սերժ Սարգսյանին, ում մարդիկ դժվար թե ձայն տային՝ որպես ցուցակի առաջին համարի։ Խմբակցությունն այսօր ամբողջությամբ Հանրապետականներին է պատկանում։ Սա նաեւ նշանակում է, որ «Հայաստան» դաշինքի հետ համագործակցություն, որպես այդպիսին, չկա եւ չի լինելու, որովհետեւ Վանեցյանը բավականին սերտ հարաբերություններ ուներ «Հայաստան» դաշինքի հետ, հատկապես՝ Իշխան Սաղաթելյանի, նաեւ կարողանում էր կապող օղակ, միջնորդ լինել Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի միջեւ։ Հիմա, փաստորեն, ոչ միայն ընդդիմադիր մեծ խմբակցությունն է պառակտվել, այլեւ երկու ընդդիմադիր խմբակցությունների միջեւ հաղորդակցությունն է ընդհատվել։

Եւ վերջապես, վերադառնալով մանդատների թեմային․ Չեմ պնդում, թե որն էր ճիշտ՝ մանդատը դնե՞լը, թե՞ պահելը։ Ճիշտը ընդդիմության միասնական դիրքորոշումն էր, որը չհաջողվեց իրականացնել։ Առավել եւս բոյկոտ հայտարարելուց հետո՝ երբ վստահ չէին, որ կարողանալու են ընդդիմադիր դաշտի միասնականությունը պահպանել, պետք էր վա-բանկ գնալ եւ, ասենք, Արթուր Վանեցյանի՝ մանդատը դնելու պահին, կողմնորոշվել ու միասնաբար հրաժարվել մանդատներից։ Ցուցակներում կային մարդիկ, որոնք կվերցնեի՞ն մանդատները՝ ոչինչ․ պետք էր քաղաքական քայլ անել եւ ասել, որ խորհրդարան գնացողը ՔՊ է եւ վերջ։