Կանայք դժգոհում են․ քաղաքապետարանի տրամադրած անվճար տոմսերն սպառվում են

Կանայք դժգոհում են․ քաղաքապետարանի տրամադրած անվճար տոմսերն սպառվում են

Օրերս Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, որով տեղեկացնում էր, որ քաղաքապետարանը կանանց միջազգային օրվա՝ մարտի 8-ին ընդառաջ,  յուրօրինակ անվճար նվեր է պատրաստել քաղաքացիների համար։  Քաղաքապետարանը հրավիրում էր երևանցիներին ընտրել, թե մարտի 8-ին որտեղ անցկացնեն տոնական երեկոն՝ թատրոն, կինո, համերգ։

«Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք մեր երևանցիներին հրամցնենք հետաքրքիր մշակութային միջոցառումներ, ամենակարևորը՝ բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ: Եվ մենք դրա համար ստեղծում ենք առիթներ: Արդեն փետրվարի 27-ից սկսած՝ երևանյան բոլոր թատրոնների տոմսարկղերում կլինեն հրավիրատոմսերը և մեր երևանցիներն իրենց ճաշակին հարմար ներկայացում, համերգ և կինո կընտրեն ու կգնան դիտելու: Հրավիրատոմսերը բաժանվում է անվճար։ Մենք ընտրել ենք մայրաքաղաքի թատրոնների խաղացանկի լավագույն նեկայացումները. օրինակ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի «Դիմակահանդես»-ը՝ Արամ Խաչատրյանի հանճարեղ գործը, Պարոնյան թատրոնը կներկայացնի շատ հետաքրքիր ներկայացում՝ «Սիրելիներից մի բաժանվեք», Սունդուկյան թատրոնը՝ «Հարսնացու հյուսիսից», այլ թատրոններ ևս իրենց խաղացանկի լավագույն ներկայացումներն ի ցույց կդնեն այդ օրը, և ես վստահ եմ, որ մենք կունենանք լեփ-լեցուն դահլիճներ »,- նշել էր  փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը։

«Հրապարակ» օրաթերի խմբագրություն են դիմել քաղաքացիներ, որոնք նշում են, որ այսօր առավոտյան գնացել են տոմսարկղեր՝ անվճար տոմսերի ձեռքբերման համար, սակայն դրանք արդեն ժամը 11։00-ին մոտ սպառված են եղել, իրենք մնացել են առանց տոմս։ Ըստ քաղաքացիների՝ խոսքը մասնավորապես  Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք «Դիմակահանդես»  բալետի տոմսերի մասին է։ Նշենք, որ ըստ քաղաքապետարանի հայտարարության,  ցանկացողները տոմսերը կարող էին ձեռք բերել այսօրվանից՝ փետրվարի 27-ից։

«Անվճար տոմսերը բաժանվել են մինչև ժամը 12։30։ Եղել է 250 տոմս, այս պահին բոլորը սպառված են»,- նշեց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տոմսարկղի աշխատակիցներից մեկը։

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ ասաց, որ տոմսարկղերը սկսել են իրենց աշխատանքը առավոտյան 10։00-ից և իր տեղեկություններով էլ այս պահին մի քանի տոմսարկղերում արդեն անվճար տոմսերն սպառված են։

«Այո, Օպերայի տոմսերը ամենաարագն են սպառվել, իմ տեղեկություններով՝ սպառվել են նաև Պարոնյանի թատրոնի, Սունդուկյանի և «Մոսկվա» կինոթատրոնի տոմսերը։ Թվերն այս պահին չգիտեմ, բայց կարող եմ ասել, որ Օպերայի թատրոնում 300 տոմս է եղել։ 17 կազմակերպություն՝ թատրոն, կինոթատրոն, համերգասրահ, բոլոր այս կազմակերպություններին տրամադրվել է իրենց դահլիճների չափով։ Տրվել է 70/30 հարաբերակցությամբ, այսինքն՝ դահլիճի 70 տոկոսի չափով հրավիրատոմսեր են տրվել, մնացած 30 տոկոսը կրկին անվճար բաժանվել են դպրոցների, մանկապարտեզների աշխատակիցներին։ Այո, տոմսերը սպառվել են սպասվածից ավելի արագ, սա, իհարկե, մի կողմից հաճելի է, որ հետաքրքրությունն այսքան մեծ է եղել։ Սա հիմք է տալիս ենթադրելու, որ հետագայում ևս պետք է այս պրակտիկան կիրառել։»,- ասաց Կարապետյանը։