Կորոնավիրուսի հետ կապված՝ «կիսահղի» որոշումներ

Կորոնավիրուսի հետ կապված՝ «կիսահղի» որոշումներ

Մինչ կորոնավիրուսի պատճառով աշխարհում համաշխարհային արտակարգ իրավիճակ է, որի ընթացքում բիզնես-կայսրություններ են փլուզվում, ու հազարավոր ընկերություններ տասնյակ միլիոնների կորուստներ կրում, վիրուսի ուրվականը չոքել է նաեւ Հայաստանի սահմանների մոտ։ Նախ լուրեր տարածվեցին, որ Կապանում եւ Քաջարանում գրանցվել է կորոնավիրուսի դեպք, ինչը հետո հերքվեց, սակայն տագնապի զգացումը մնաց։ Թերեւս այդ պատճառով այսօր Հայաստանում ազատ վաճառքում բժշկական դիմակներ չկան` կորոնավիրուսի վտանգը դեղատներից սրբել է բժշկական դիմակները։ Հայաստանի ամենախոշոր ներկրողներից «Գեդեոն Ռիխտեր» եւ «Նատալի ֆարմ» դեղատների ցանցից, առցանց դեղատներից մեզ հայտնեցին, որ վաճառքում դիմակներ չկան, ոչ էլ՝ բազայում։ Ի դեպ, դիմակները նախկինում վաճառվում էին 20-50 դրամ մանրածախ գնով, վերջին օրերին թանկացել էին։ Հետաքրքիր է, որ ԱՆ-ի՝ «Անհրաժեշտ խորհուրդներ չհիվանդանալու համար» ցանկի կետերից մեկը դիմակների օգտագործումն է։ Բայց ինչպե՞ս, եթե չկան։ Նախարարությունում այս հարցին որեւէ հոդաբաշխ պատասխան չունեն, իսկ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանն էլ ասաց, թե մոտ 160 հազար դիմակ նախարարությունն ունի, մի այդքան էլ ձեռք է բերելու։ Ի դեպ, նշենք, որ ոմանք անցել են տնայնագործական՝ մառլյայից պատրաստված դիմակների օգտագործմանը։

Անցած մի քանի օրերին շատերը, այդ թվում՝ Չինաստանում գտնվող Կարապետ Ռուբինյանը, առաջարկել էին փակել Իրանի հետ օդային կապը, նաեւ Մեղրիի անցակետից ՀՀ տարածք չթողնել բեռներ ու մարդիկ։ Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստից հետո գրեց, որ 2 շաբաթով դադարեցնում են ցամաքային հաղորդակցությունն Իրանի Հանրապետության հետ, իսկ օդային հաղորդակցության նկատմամբ կիրառելու են սահմանափակումներ: Այս կիսալղոզված քաղաքական որոշման իմաստն այդպես էլ չհասկացանք եւ ՊԵԿ-ի Մեղրիի անցակետից փորձեցինք պարզել՝ Իրանից բեռնատարներ մտնո՞ւմ են ՀՀ տարածք։

Բնականաբար, սահմանը հատում են վարորդներ՝ մարդկանց հետ միասին։ ՊԵԿ մամուլի խոսնակ Լուսինե Մկրտչյանը մեզ հայտնեց․ «Միայն կարող եմ ասել, որ անցակետի փակման մասին պաշտոնական հրահանգը եթե կլինի, կլինի հայտարարության տեսքով եւ կլինի մեր պաշտոնական կայքէջում։ Այս պահի դրությամբ նման բան չկա»։ Այսինքն՝ բեռներն էլ, վարորդներն էլ մուտք են գործում ՀՀ տարածք։ Ավելի ուշ կառավարությունից հայտնեցին, որ Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումներն իրականացվելու են առանց սահմանափակումների (կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ), որեւէ սահմանափակում չի կիրառվում ՀՀ եւ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այս որոշմանը, գրել է․ «Իրանի հետ Հայաստանի սահմանն իրականում այդպես էլ չի փակվել։ Մասնավորապես, Իրանից Հայաստան չվերթները չեն դադարեցվել, այնտեղից Հայաստան ցամաքային ճանապարհով եկող բեռնատարների վարորդներն անարգել մտնում են երկիր։ Ինչ վերաբերում է հատուկ հսկողությանը, ապա բոլորս էլ գիտենք, որ հիվանդությունն ունի գաղտնի շրջան, եւ այն չափազանց բարդ է հայտնաբերել գաղտնի շրջանում։ Ըստ այդմ, կառավարության կողմից երեկ երեկոյան տարածված հայտարարությունն առ այն, որ Իրանի հետ օդային եւ ցամաքային հաղորդակցությունը փակվում է, իրականությանը չի համապատասխանում»։ Եվ ամփոփումը. «Կառավարության այս որոշումն ինձ ТУПОЙ И ЕЩЕ ТУПЕЕ կինոն հիշեցրեց․․․ Անկեղծ, մեկը կասի՞ տրամաբանությունը սահման փակելու, երբ չվերթները դեպի Իրան եւ հակառակ շարունակում ենք, բեռնափոխադրումների պահով վարորդների մուտքն Իրանից ազատ է։ Կա՛մ սրանք գիժ են, կա՛մ մեզ են գժի տեղ դրել»։
Համեմատության համար նշենք, որ կորոնավիրուսի վտանգի պատճառով Թուրքիան փակել է ցամաքային սահմանը ոչ միայն Իրանի, այլ նաեւ Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ: Այս թեմայով փորձեցինք լսել առողջապահության նախկին նախարարներ Արարատ Մկրտչյանի ու Նորայր Դավիդյանի կարծիքը։ Առաջինն ասաց, որ Հայաստանում չէ եւ կարծիք չունի, իսկ Դավիդյանն ասաց․ «Դժվարանում եմ ասել, որովհետեւ Պարսկաստանում կա․․․ իհարկե, իմ կարծիքով՝ կամ պետք է վերահսկողությունն ահավոր խստացնել, սարսափելի ուժեղացնել․․․ եւ հետո՝ փակելը․․․ ինչքա՞ն, ինչքա՞ն ժամանակով։ Իհարկե, պետք է ստուգել՝ որտեղի՞ց է գալիս, շփում ունեցե՞լ է, թե՞ ոչ, ո՞ւմ հետ կարող ա ունենար»։ Հետաքրքիր է, որ Նորայր Դավիդյանը խնդրին նայում է ոչ թե որպես առողջապահության նախկին նախարար, այլ՝ տնտեսագետ․ «Լրիվ փակելն ինչ-որ անորոշ ժամանակով մեր պետության համար ահռելի վնասներով է հղի։ Իհարկե, եթե հիվանդությունը եղավ, ավելի վատ կլինի»։

Մյուս կողմից՝ եթե Իրանի հարցում ինչ-որ որոշումներ ենք ընդունում, ուրեմն ինչո՞ւ չենք փակում օդային կապն Իտալիայի, մասնավորապես, Միլանի հետ, որտեղ հիվանդացության ու մահերի ավելի շատ դեպք է արձանագրվել, քան Իրանում։ Այսօրվա դրությամբ Իտալիայում վարակվածների թիվը 219 մարդ է, որոնց գերակշիռ մասը գտնվում է Լոմբարդիա նահանգում, կա 5 զոհ։ Իտալիայում ՀՀ դեսպանատունն Իտալիայում գտնվող իր քաղաքացիներին հորդորել է խուսափել կարանտինային գոտում գտնվող Լոմբարդիա եւ այլ համայնքներ՝ այցելությունից եւ առհասարակ հյուսիսային շրջաններում մարդաշատ վայրերում գտնվելուց։ Եվ ամենամեծ աբսուրդն այն է, որ չնայած այս ամենին, Չինաստանից Հայաստան չվերթները չեն դադարեցվում։