Փաշինյանի հետ որևէ արդյունքի չենք եկել, փոխանակել ենք տեսակետներ

Փաշինյանի հետ որևէ արդյունքի չենք եկել, փոխանակել ենք տեսակետներ

Ամուլսարի շահագործման դեմ պայքարող քաղաքական ուժի՝ ՔՈ-ի մի շարք անդամներ՝ Սուրեն Սահակյանն ու Գարեգին Միսկարյանը սուրճ էին խմել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ լուսանկարներ տարածել համացանցում։

Մենք «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գերագույն մարմնի անդամ, կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանի հետ զրուցեցինք սրճախմության «օրակարգի» եւ արդյունքների շուրջ։

-Պարոն  Սահակյան, արդյոք պատահական սրճախմությո՞ւն էր՝ հաշվի առնելով այն, որ հենց նույն ժամին Տիգրան Ավինյանը գրառում կատարեց այն մասին, որ Ամուլսարի հարցով կոնսենսուս չկա, իսկ արդարադատության նախարարն էլ հիշեց, որ Ընդերքի մասին օրենքը կառավարությանը հնարավորություն է տալիս ցանկացած պահի հանք շահագործողին զրկել լիցենզիայից։

- Ես Ձեր նշած զարգացումներին տեղյակ չեմ և չեմ հասկանում հարցը, քանի որ հանդիպումը տեղի է ունեցել կառավարական ամառանոցում և ոնց կարող է պատահական սրճախմություն լիներ։

-Սուրճը հաճելի էր, բարի, ընկերական մթնոլորտո՞ւմ,  թե՞ մթագնված էր այն փաստով, որ նախօրեին ոստիկանները կոշտ ուժ էին կիրառել բնապահպան-ակտիվիստների նկատմամբ։

-Դուք սուրճ խմելու մեջ ենթատե՞քստ եք ման գալիս։

-Չէ, ուղղակի նման բան չէր եղել, դրա համար եմ հարցնում։

-Կարող է՝ սուրճ չխմեինք, մթագնված լիներ և սուրճ խմեինք, չլիներ։ Սուրճ խմելը դրա հետ կապ չունի։ Բայց բռնության մասին մեր  տարածած հայտարարության մեջ խոսել էինք դրա անթույատրելիության մասին և դրանով պայմանավորված ժողովրդավարության հետընթացի մասին։

-Իսկ սուրճ խմելու նախաձեռնությունը Ձեզնի՞ց էր, թե՞ Փաշինյանից։

-Պարոն Փաշինյանը և Գարեգին Միսկարյանը պայմանավորվածություն ձեռք էին բերել վաղուց՝ դեռևս Ամուլսարի խնդրի ակտիվացումից առաջ, իսկ այն, որ ես էլ մասնակցեմ, դա հանդիպումից մեկ օր առաջ է տեղի ունեցել վարչապետի արարողակարգի ծառայության միջոցով։ Իրենց խնդրանքից հետո։

-Քննարկեցիք, բնականաբար, Ամուլսարի հարցը վարչապետի հետ։

-Միակ քաղաքական հարցը, որ քննարկվել է, Ամուլսարի հարցն է եղել։ 

-Ի վերջո, Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը՝ ոչ դրական, ոչ բացասական է։ Ձեր կարծիքով՝ նա   հակված է, որ Ամուլսարը շահագործվի՞, թե՞ ոչ։

-Վարչապետն Ամուլսարի հարցում մոտեցումների մասին բարձրաձայնել է իր առցանց ելույթի ընթացքում և հրապարակային ելույթներում, մեզ հետ որևէ այլ բան, որը չի բարձրաձայնվել այդ ելույթներում, չի խոսացվել։ Մենք ունեցել ենք տեսակետների փոխանակում։

-Այսուհանդերձ, Ձեր համար իր դիրքորոշումը հասկանալի՞ էր։ 

-Վարչապետն ուզում է ամեն ինչ անել օրենքի շրջանակներում։ Մեզ համար նաև այլ հարցեր են կարևոր, վարչապետը դրանց նայում է բնապահպանության տեսանկյունից, մենք նայում ենք մի քանի այլ տեսանկյուններով ևս։

-Այուսհանդերձ, ի՞նչ տպավորություն ստացաք՝ հանքը կշահագործվի՞, թե ոչ։

-Վերջնական արյունքի չենք հանգել, ընդամենը տեսակետներ ենք փոխանակել։ Ինչ վերաբերում է տպավորությանը․ այն, որ հանքը չի շահագործվելու դա կախված չէ վարչապետի հետ հանդիպումից և արդյունքի գալուց։ Հանքը չի շահագործվելու յուրաքանչյուր դեպքում՝ ուզի թե չուզի, որովհետև կառավարության հիմնական գործառույթը սեփական քաղաքացիների կոչին ականջալուր լինելն է և ըստ նրանց ցանկությամբ շարժվելն է։ Իսկ իմ տպավորությամբ՝ ՀՀ քաղաքացիների մեծամասնությունը չի ուզում էդ հանքի շահագործումը։ Դա ակնհայտ կդառնա շուտով։ 

-Իսկ, օրինակ, չպնդեցի՞ք, որ հարցը լուծվի հանրաքվեով և ժողովուրդը հավաքական պատասխանատվություն կրի։

-Մենք կարծում ենք, որ Ամուլսարը չպետք է շահագործվի ոչ  մի դեպքում և դրա համար հանրաքվե անել պետք չէ։

-Ինչպե՞ս այդ օրը բաժանվեցիք Փաշինյանից, ինչ որ կոնսենո՞ւս, պայմանավորվածությո՞ւն։

-Չէ, ոչ մի արդյունքի չենք եկել, ոչ մի պայմանավորվածություն չի եղել։ Իրար տեղեկացրել ենք մեր տեսակետների մասին, հայտնել, որ մենք պայքարելու ենք մինչև վերջ և Ամուլսարը հանք չի դառնալու։

-Իսկ նա ինչ-որ այլ ճնշումների, ռիսկերի մասին չխոսե՞ց, միգուցե ինչ-ինչ ճնշումներ, վտանգներ կան, որոնց մասին չի բարձրաձայնել։

-Ինքը ասել է, որ որևէ ճնշում չկա, որևէ բանով կաշկանդված չէ՝ արգելել կամ թույլատրել։ Եվ այդ կեղծ թեզը, որ Հայաստանը արբիտրաժում տուգանքներ կվճարի, ինքն  իր փոխվարչապետի՝ Տիգրան Ավինյանի բերանով շրջանառածի վերաբերյալ ասաց, որ նման բան չկա, որ նման վախերն անհիմն են։

-Ամուլսարի հանքը նաև այլ զարգացումներ առաջացրեց։ Իմքայլականները կանգնած են տրոհման վտանգի առաջ։

-«Իմ քայլը» խմբակցության ներսի կոնֆլիկտների մասին չեմ կարող իմանալ, դրանք մամուլի դաշտ չեն սպրդել։ Մի քանի հոգի, այո, հրապարակային արտահայտվել են, բայց իրոք չգիտեմ իրենց նպատակներից, ոչ էլ անգամ գիտեմ քանի հոգի են։

-Այն պատգամավորներին, որոնք առաջնորդի ելույթից հետո շարունակեցին հակառակը պնդել, իրենց համարում եք առավե՞լ սկզբունքային։ Օրինակ՝ Լենա Նազարյան, Վարազդատ Կարապետյան։

-Լենային, այո, համարում եմ սկզբունքային մարդ։ Եվ իր արձագանքն այս հարցին ևս մեկ անգամ ապացուցեց էդ պնդմանս ճշմարտացիությունը։