Նախապաշտպանությունները կհետաձգվե՞ն

Նախապաշտպանությունները կհետաձգվե՞ն

Երևանի պետական համալսարանի ավարտական կուրսերում սովորող մի շարք ուսանողներ մտահոգված են, չգիտեն՝ ի վերջո ինչ է լինելու իրենց ավարտական աշխատանքների և դրանց նախորդող նախապաշտպանության ժամանակացույցի հետ։ «Հրապարակի» հետ զրույցում ուսանողները նշեցին, որ արտակարգ դրության, մարդկանց տեղաշարժի սահմանափակումների պայմաններում, հնարավոր չէ ավարտին հասցնել հայտնի դիպլոմայինները։ 4-րդ կուրսի ուսանողների խոսքով՝ հիմնական պատճառը գրադարաններից օգտվելու հնարավորությունից զրկվելն է, չեն կարող առանց գրադարաններ այցելելու զբաղվել ավարտական աշխատանքներով։

Ավելին, մենք տեղեկացանք,որ մայր բուհի միջազգային հարաբերությունների ավարտական 4-րդ կուրսի ուսանողները ավարտական աշխատանքների նախապաշտպանության հետաձգման հորդորով  բաց նամակով դիմել են ԵՊՀ ղեկավարությանն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։ 

«Երբ մի կերպ, փոխդեկանի ու դեկանի հետ քսանչորսժամյա քննարկումների արդյունքում գտնում ենք օպտիմալ լուծում, թե որ քննությունը ինչ ֆորմատով է անցկացվելու, մեզ է հասնում մյուս «բոթը»՝ ավարտական աշխատանքների նախապաշտպանությունը կանցկացվի ապրիլի 15-ից 20-ը ընկած ժամանակահատվածում։ 

Հարգելիներս, իհարկե շնորհակալություն նման վեհ կարծիքի համար՝ 4-րդ կուրսեցիների վերաբերյալ, բայց հավատացեք, որ ո՛չ կորոնավիրուսը, ո՛չ արտակարգ դրությունը, և ո՛չ էլ հնարավոր պանիկան չեն շրջանցել մեզ։ Մեզնից շատերի ծնողներն այս օրերին Սպիտակ բանակում են, շատերիս հարազատները հիվանդների մեջ, շատերիս եղբայրներն ու հայրերը զինված ուժերում են և ես կարող եմ մինչև ուշ գիշեր թվարկել այս շարքը։ Եթե անգամ, որպես տոկուն երիտասարդներ կարողանանք ուժ գտնել մեր մեջ և տերմինատորի պես հասցնել քննությունները պարապել, ապա ինչպես վերջնական տեսքի բերենք մեր ավարտական աշխատանքները, եթե ոչ մի գրադարան չի աշխատում, իսկ օնլայն գրքերի մեծամասնությունը փակ են և ենթակա միայն վաճառքի։

Խնդրում ենք վերանայել ժամկետները և մտնել նաև մեր դրության մեջ»,- ասվում է բաց նամակի մեջ։

Քիչ առաջ տեղեկացանք նաև, որ հարցը միջազգային հարաբերությունների ֆակուլտետում այժմ քննարկվում է, և ,ամենայն հավանականությամբ, նախապաշտպանությունը ուսանողների պահանջով կհետաձգվի։

Մեզ փոխանցեցին նաև, որ ռեկտորատը ավարտական աշխատանքի վերջնաժամկետ է սահմանել հունիսի 29-ը, իսկ ավարտական աշխատանքին նախորդող նախապաշտպանությունը պետք է տեղի ունենա վերոնշյալ ժամկետից առնվազն 2 շաբաթ շուտ։ 

Նշենք, որ ուսանողները նախապաշտպանության պետք է ներկայանային ապրիլի 15-20-ն ընկած ժամանակահատվածում և որոշ ֆակուլտետներում դեռ կարող են ներկայանալ, քանի որ սա ներֆակուլտետային խնդիր է, օրերը հստակեցվում են դեկանատներում։

Ֆակուլտետներում այժմ դիտարկվում է նաև նախապաշտպանության հեռավար, օնլայն անցկացման տարբերակը։