Ապտակ հայ ժողովրդին
Ադրբեջանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը, չնայած մեզ համար ցավալի, բայց կուռ տրամաբանությամբ է առաջնորդվում։ Նա պարզ ասում է, որ հայերի մեծամասնությունը կաջակցի խաղաղությանը՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությամբ։ Ինչ վերաբերվում է Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող ճանապարհի կամ «Զանգեզուրի միջանցքի» հարցին, նա նշում է, որ Ադրբեջանը չի հրաժարվում դրանից, դրան կվերադառնա ավելի ուշ։ Ադրբեջանը գործում է բաց։ Բայց իմ անդրադաձը այլ խնդրի վրա է, որը կապված է մեզանից յուրաքանչյուրի հետ․ դա այն է, որ Ալիևի ներկայացուցիչը հայտարարում է, որ հայերի մեծամասնությունը կհամաձայնվի ՀՀ Սահմանադրության փոփոխության հետ։ Իսկ դուք, հավատացած եմ, գիտեք, թե ինչ կփոխվի Սահմանադրության մեջ, որը անդառնալի կլինի։
Ինչո՞վ է հիմնավորում դա․ «Ցանկանում եք խաղաղությա՞ն հասնել Ադրբեջանի հետ, թե՞ թողնել նոր հակամարտության հնարավորությունը։ Կարծում եմ, որ եթե նման հարց տան, ապա հայերի մեծամասնությունը կաջակցի խաղաղությանը, քանի որ 2021 թվականին, երբ Փաշինյանը, ղարաբաղյան պատերազմում կրած վատագույն պարտությունից հետո, արտահերթ ընտրությունների կոչ արեց, նրա կուսակցությունը հաղթեց։ Նորմալ պայմաններում ցանկացած առաջնորդ, ով պարտվել է նման պատերազմում, ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»։
Ադրբեջանի ներկայացուցիչը հայտարարում է «վատագույն պատերազմ»։
Նա չի ասում, չի օգտագործում այն բառը, որը հայ ժողովուրդն է օգտագործում «վատագույն» պատերազմ կազմակերպողի, կազմակերպիչների հանդեպ։ Տողատակերը հասկանալի են։ Եթե նման «վատագույն», խայտառակ, դավաճանական պարտությունից հետո Փաշինյանի կուսակցությունը հաղթել է արտահերթ ընտրություններում,- այդպես է տրամաբանում Ալիևի ներկայացուցիչը,- ապա Սահմանադրության, հետո նաև այլ հարցերի փոփոխությանը հայերի մեծամասնությունը կհամաձայնվի։
Սա իմ եզրահանգումը չէ, այլ Ալիևի ներկայացուցչի հայտարարությունն է․ «Նորմալ պայմաններում ցանկացած առաջնորդ, ով պարտվել է նման պատերազմում, ջախջախիչ պարտություն կկրեր ընտրություններում, բայց նա հաղթեց»։ Սա ապտակ է հայ ժողովրդին։ Գուցե հակառակորդի ապտակից ուշքի՞ գա «հայերի այն մեծամասնությունը», որին նկատի ունի Ամիրբեկովը և որը վճռեց երկիրը կործանման տանող այս կարճ ճանապարհը։
Կարծիքներ