Բա հո անտեր շուն չե՞նք եղել, ո՞նց կարայինք բանակ չունենալ

Բա հո անտեր շուն չե՞նք եղել, ո՞նց կարայինք բանակ չունենալ

Արդեն մի քանի օր է՝ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի դեմ արշավ է սկսվել: Պատճառը Միքայելյանի այն հայտարարությունն է, թե Հայաստանի Հանրապետությունը 30 տարի շարունակ բանակ չի ունեցել: Բայց Սասուն Միքայելյանը միակ թիրախավորվածը չէ` գեներալ Մովսես Հակոբյանի դեմ էլ արշավ ձեռնարկվեց` նրա վերջին հարցազրույցի պատճառով, որտեղ հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը բանակից հասկանում են այնքան, որքան ինքը` գինեկոլոգիայից: Հակոբյանի հարցազրույցից հետո ԵԿՄ-ն հաղորդագրություն է տարածել.

«Արցախի հերոսին, գեներալ-գնդապետին վայել չէ համեմատել հաստիքները, որի հետեւանքով մարդկանց որոշակի խմբեր ներկայացվում են բացասական լույսի ներքո։ Ի տարբերություն ձեզ, մենք մարդկանց չենք դասում ըստ հաստիքների եւ կարեւորում ենք ու հարգում յուրաքանչյուրի կատարած աշխատանքը։ Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից, ու մենք միշտ եղել ենք եւ այսօր էլ խրամատում ենք՝ կատարելով մեր առջեւ դրված մարտական խնդիրը։ Երեւանի տաքուկ անկյուններից անհիմն հայտարարություններ տարածելը, այնուամենայնիվ, շատ հեշտ է։ «Բանակ չի եղել» ասելով անհրաժեշտ է հասկանալ, որ խոսքը վերաբերում էր ռազմաքաղաքական էլիտային եւ ոչ իր առջեւ դրված մարտական խնդիրը կատարող զինծառայողին։ Որոշ բարձրագույն զինվորական անձինք (ի դեմս ձեզ) իրենց զբաղեցրած պաշտոնները ծառայեցնում էին ոչ թե ի նպաստ ՀՀ ու ԶՈՒ-ի, այլ անձնական շահերի սպասարկմանը։ Քանի որ հանրային ու պետական ծառայությանը գնահատական տվողը դուք չեք, այլ՝ քաղաքացին, անհրաժեշտ է հիշել, որ Սասուն Միքայելյանը մշտապես զբաղեցրել է ժողովրդի կողմից ընտրովի պաշտոններ, եւ հենց դա է նրա գնահատականը»։

Մենք զրուցեցինք ԱԺ նախկին պատգամավոր, «Ոգու փորձություն» կազմակերպության նախագահ Հակոբ Հակոբյանի` Լեդի Հակոբի հետ: Նա նշեց, որ Հայաստանը մշտապես ունեցել է հզոր բանակ:

- ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը պնդում է, որ մենք 30 տարի բանակ չենք ունեցել:

- Բա հո անտեր շուն չե՞նք եղել, ո՞նց կարայինք բանակ չունենալ (ծիծաղում է): Սասուն Միքայելյանն էլ լավ գիտի, որ հզոր բանակ ենք ունեցել, պռոստո ջղայնացած մի բան ա երեւի ասել: Ո՞նց կարայինք բանակ չունենալ: Բանակ ունեցել ենք: Դրանում ոչ մի կասկած չկա: Մենք էլ էդ բանակի զինվորն ենք եղել:

- Ի՞նչ վիճակում է բանակն այսօր:

- 90-ականներին հաղթանակ տարանք, բնական ա` էս վիճակից հետո մեզ ժամանակ ա պետք, որ ամեն ինչ կարգավորվի: Ժամանակի խնդիր ա:

- Մովսես Հակոբյանն էլ իր հերթին է մեղադրում Սասուն Միքայելյանին՝ նշելով, որ վերջինս բանակից ոչինչ չի հասկանում:

- Մեկը մյուսին, դե, ասում են, բայց մենք լավ գիտենք, որ Մովսես Հակոբյանն էլ ա ճանապարհ անցած մարդ, կարող ա մեկը մյուսի վրա ջղայնացած՝ իրար տենց բաներ են ասում: Մովսես Հակոբյանն էլ մեծ ճանապարհ ունի անցած: Երեւի պահի տակ վիճաբանել են: Ժամանակին իրար լավ էլ հարգում էին:

- Իսկ պաշտպանության նախկին նախարար, պատգամավոր Սեյրան Օհանյանն այժմ քրեական հետապնդումների է ենթարկվում:

- Ցավդ տանեմ, իմ մտածածն ու ասածն էն ա, որ ինչքան հնարավոր ա` պետք ա միասնական լինենք: Սեյրանն էլ, Մոսին էլ, սաղս էլ մեզ բռակներ ենք թույլ տվել, բայց հիմա պիտի մի ընտանիք լինենք: Թուրքը գլխներիս վերեւը կանգնած, մենք իրար ենք վարկաբեկում: Գոնե տենց ճանապարհ անցած տղերքը պետք ա, ինչքան կարան, միասնական լինեն ու աշխատեն, ինչքան կարան, հեռու մնան քաղաքականությունից: Քաղաքականությունից ինչքան հեռու, էնքան լավ:

- Քաղաքականությունից հեռու մնալը, անտարբեր լինելը չի՞ վնասում հենց բանակին:

- Մենք պետք ա մի ընտանիք դառնանք, մտածենք, որ ախպերներ ենք, թուրքն էլ գլխներիս վերեւն ա կանգնած: Իրար վարկաբեկելը մենակ թուրքին ա ձեռ տալիս:

- 90-ականներին, երբ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը փորձում էր զիջումների գնալ, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը եւ մի խումբ պետական այլ գործիչներ դա թույլ չտվեցին` հայտարարեցին, որ թշնամուն պետք չէ զիջել: Այսօր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակները մսխվել են, Արցախը բլոկադայի մեջ է, իսկ դուք ասում եք՝ քաղաքականությունից հեռու մնանք, պահանջատեր չլինենք:

- Տեր-Պետրոսյանի հրաժարականը պահանջող մասսայի մեջ ես էլ եմ եղել: Էնքան ոգեւորված էինք, որ մեզ թվում էր՝ Թուրքիան էլ կարայինք գրավել: Մենք զինվոր էինք: Անցան տարիներ, հոկտեմբերի 27 եղավ, էս եղավ, էն եղավ, ու մենք հասկացանք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էր ճիշտ, իսկ մենք սխալ դուրս եկանք: Ես չգիտեի, որ էս վիճակին կարանք հասնել: Էդ մարդը ճիշտ էր, ես դա զգացել ու իրա կողքն եմ կանգնել: Տեր-Պետրոսյանը շատ հզոր քաղաքական գործիչ ա, ես իրան ընդունում ու հարգում եմ:

- Արցախը բլոկադայի մեջ է, ձեր հաղթանակները մսխված են, ինչպե՞ս է ստացվում, որ ժամանակին Տեր-Պետրոսյանի հրաժարականն էիք պահանջում, այսօր քաղաքականության մեջ չեք ուզում խառնվել:

- Մենք էն վիճակում ենք հիմա, որ պետք ա ազգովի մի մարդ դառնանք: Էլ ճիշտ ու սխալ անելու ժամանակ չկա: 30 տարի հետո մեր սերունդները թող դնեն՝ ճիշտ ու սխալ անեն:

- Պարտված գերագույն գլխավոր հրամանատարի հետ միավորվելն ի՞նչ կտա ձեզ, մեր երկրին:

- Ցավդ տանեմ, միշտ էլ եղել են պարտություններ ու հաղթանակներ: Էսօր պարտությունները խորացնում ենք մենք՝ սեպ խրելով ազգիս մեջ: Պետք ա միասնական լինել: Գերագույն գլխավոր հրամանատարը 500 կիլոմետր հեռավորության վրա նստած ա եղել: Պարտությունը մեր բոլորինն ա: Մեր բռակը պետք ա սաղս էլ զգանք ու համախմբվենք:

- Մի քանի օր առաջ 15 զինծառայող Ազատ գյուղում ողջ-ողջ այրվեց, դրա պատասխանատուն ո՞վ է` Ձեր կարծիքով:

- Ես հիմա դիրքերում եմ, նույն բանը կարա իմ հետ էլ ըլնի: Փորձանք ա, եղել ա, պիտի չլիներ: Էն ժամանակներում դրանից ավելի վատ պայմաններ էլ են եղել, բայց կարողացել ենք հաղթահարել: Քարը փեշերից պետք ա թափել: