Համեստ ցուցանիշների ամփոփում

Համեստ ցուցանիշների ամփոփում

Մարզական տարին օրեր առաջ ավարտվեց, և, ըստ ավանդույթի, տեղի ունեցան տարբեր ասպարեզներում առավել աչքի ընկած ու պատվավոր մրցանակների արժանացածների ընտրությունն ու մեծարումը։ Անցած մրցաշրջանը լի էր բազմապիսի լուրջ ստուգատեսներով, և գրանցված արդյունքներն էլ կարծես վատ չէին։ Դրա ամփոփ վկայությունն էր նաև այն, որ տարվա ընթացքում, ինչպես հաղորդեցին, մեր մարզիկները ձեռք են բերել 199 տարբեր մրցանակներ։
Այժմ, երբ էյֆորիան անցել է, հարկ եմ համարում խոստովանել, որ վերոհիշյալ եռանիշ թիվը մի փոքր տարակուսելի է, եթե նկատի ունենանք, որ ամենապատկառելի մրցասպարեզներում ունեցել ենք աշխարհի և Եվրոպայի սոսկ մեկական չեմպիոններ (ըմբիշ Մալխաս Ամոյան և շախմատիստուհի Էլինա Դանիելյան)։ Խաղային ձևերի մասին կարելի է ընդհանրապես չհիշատակել, քանի որ դրանք, կներեք տաֆտոլոգիայի համար, վաղուց խաղից դուրս վիճակում են, համաճարակն էլ իր հերթին հարկադրեց մի շարք մրցաշարեր հետաձգել։ Որտեղի՞ց ծնվեց այդ թիվը՝ 199, գուցե թեթևատլետնե՞րն ու լողորդնե՞րն են հաճելի անակնկալ մատուցել` դժվար թե։

Իսկ եթե ավելի սթափ ու ռեալ գնահատենք, առավել շատ գովասանքների արժանացան միայն մեր ըմբիշները, ծանրորդներն ու բռնցքամարտիկները։ Պատահական չէ, որ հենց նրանք են հիմնականում տեղ զբաղեցրել լավագույն տասնյակում։ Անսովորը միայն այն է, որ մրցույթի կազմակերպիչները բավարարվել են լոկ նրանով, որ մարզաձևերի հետ մեկտեղ այբբենական կարգով կազմել են ընտրված տասնյակը, հրաժարվելով, ինչպես ընդունված է, տեղերը որոշել համաձայն ստացած միավորների, ավելին` ի հայտ բերել նաև լավագույն թիմին, մարզիչին։ 

Չէ որ աչքի ընկած մարզիկներին ի հայտ բերելը նույնպես տարվա ցուցանիշների յուրատեսակ ամփոփում է, և այն ինչ- որ տեղ հիշեցնում է պատվանդան, որի վրա, ըստ աստիճանների, տեղ են զբաղեցնում առավել աչքի ընկած, սակայն որակական արժանիքներով միմյանցից տարբերվող մարզիկները։ Թե չէ ի՞նչ ստացվեց, ո՞վ չգիտի որ, ասենք, Արթուր Ալեքսանյանը ըմբիշ է, իսկ Հովհաննես Բաչկովը` բռնցքամարտիկ։

Ցավալի է նաև այն, որ Տոկիոյում կայացած օլիմպիական խաղերում էլ տխուր ավանդույթը չխախտվեց։ Վերջին վեց օլիմպիադաներում, այսինքն 20 տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է ընդամենը մեկ չեմպիոն (Արթուր Ալեքսանյան, 2016 թվական, Ռիո դե Ժանեյրո)։ Մինչդեռ լավ հիշում եմ՝ 1956 թվականին` Մելբուռնում  և 1992- ին` Բարսելոնայում կայացած  խաղերից տուն վերադարձան երեքական  հայաստանցի օլիմպիական չեմպիոններ։

Եթե մեր սպորտի ղեկավարները նպատակահարմար չգտան որոշել նաև տարվա թիվ մեկ թիմին ու մարզիչին, այդ որոշումը հարմար համարեց «շտկել» ֆուտբոլի ֆեդերացիան. թիվ մեկ ֆուտբոլիստ ճանաչվեց Վարազդատ Հարոյանը (նա այժմ խաղում է իսպանական «Կադիս» թիմում), իսկ թիմ և մարզիչ` մեր ազգային հավաքականը ու նրա ղեկավար Խոակին Կապառոսը։ Վերջինիս աշխատանքը բարձր գնահատվեց երևի ոչ այն բանի համար, որ մեր գլխավոր թիմը աշխարհի առաջնության նախընտրական փուլում գերազանց մեկնարկից հետո (երեք հաղթանակ) հաջորդ յոթ հանդիպումներում կտրուկ զադնի դրեց, ոչ մի հաղթանակ չտարավ, 21 հնարավորից շահելով ընդամենը 3 միավոր, ոչ նրա համար, որ մեր ընտրյալ ֆուտբոլիստները հենց Երևանում 0:5 հաշվով խայտառակ պարտություն կրեցին Հյուսիսային Մակեդոնիայի թիմից, իսկ մինչ այդ էլ, ընդունելով 30 հազար բնակիչ ունեցող Լիխտենշտեյնի սիրողական հավաքականին, աղյուսակը 0 միավորով  եզրափակողին  չկարողացան հաղթել, էլ չհիշեցնեմ նաև գերմանացիներից 1:10 ընդհանուր հաշվով կրած պարտությունները, այլ, հավանաբար այն պատճառով, որ Կապառոսը շատ ազնիվ գտնվեց, հրապարակավ ներողություն խնդրեց մարզասերներից  նրանց սպասելիքները  չարդարացնելու համար...

Թեև այնքան էլ արդար չէ, սակայն տեղին է ու նաև հետաքրքիր տասնյակի հարցում զուգահեռ անցկացնել Ռուսաստանում անցկացված նույնանման միջոցառման հետ։ Այստեղ թիվ մեկ մարզիկ երրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց թենիսիստ Դանիիլ Մեդվեդևը, որի օգտին գրանցվեց 245 միավոր։ Ինչպես չնշել, որ լավագույն տասնյակում 44 միավորով տեղ զբաղեցրեց Տոկիոյի օլիմպիադայի միակ հայազգի չեմպիոն, մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը։ Ռուսաստանում ընտրվեցին նաև լավագույն թիմը, մարզիչը, օտարազգի մարզիկը, իսկ խոստումնալիցների «նորահայտներ» անվանումով  ցուցակը գլխավորեց Մոսկվայի «Դինամոյի» 18- ամյա ֆուտբոլիստ, մեր հայրենակից Արսեն Զախարյանը։ Ավելին` ի հայտ բերվեցին նաև «Հիասթափեցրածները» բաժնում հայտնված ամենաանհաջողակ, տկար թիմերն ու անհատ մարզիկները։ Այլ կերպ ասած, լիովին դրսևորվեց երկրի մարզական ամբողջ պատկերը։ Մի՞թե սա չէ կարևորը։

Եվս մի հետաքրքիր զուգահեռ. եթե մեր լավագույն տասնյակում ութ տեղ զբաղեցնում են ըմբիշները, ծանրորդներն ու բռնցքամարտիկները, ապա «ռուսական տասնյակում» ընդգրկված են ճիշտ ութ մարզաձևերի ներկայացուցիչներ։ 

Այո, մարզական տարին ամփոփելիս հարկ է ոչ միայն այբբենական կարգով որոշել 10 լավագույններին, խրախուսել աչքի ընկածներին, այլև բացահայտել թերությունները, կոնկրետ եզրակացությունների հանգել, այլապես տարվա մարզական պատմության էջն անհնար կլինի հարստացնել։ Հուսանք, որ այդ առումով մեկնարկող տարվա ընթացքում լայնածավալ տեղաշարժեր կգրանցվեն։

Միսակ Նազարյան