Ըստ Միրզոյանի՝ ինչ պետք է անել, որպեսզի խաղաղությունը լինի կայուն ու երկարատև

Ըստ Միրզոյանի՝ ինչ պետք է անել, որպեսզի խաղաղությունը լինի կայուն ու երկարատև

Այսօր՝ հունիսի 5-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը։  ՀՀ 2022թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկումները շարունակվում են։ Օրակարգում է արտաքին գործերի նախարարության, միջազգային կազմակերպություններին անդամակցության վճարներին վերաբերող հարցերը: Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Պրն Միրզոյան, կառավարության ղեկավարը բազմաթիվ անգամ հայտարարել է, որ իրեն Ղարաբաղի ժողովուրդը չի ընտրել ու ինքը չի կարող Ղարաբաղի ժողովրդին ներկայացնել։ Հիմա բանակցություններ են տեղի ունենում, Ղարաբաղի ժողովուրդն ու քաղաքական ուժերը հայտարարում են, որ այն, ինչ դրված է օրակարգում, իրենց շահերից չի բխում, համաձայն չեն որևէ կարգավիճակով վերադառնալ Ադրբեջանի կազմ։ Ուզում եմ հիմա հասկանալ՝ Արցախի ժողովրդից, իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ»,- քիչ առաջ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ դիմելով Արարատ Միրզոյանին։

«Այո, վարչապետը բազմիցս է ասել, որ մենք ԼՂ ժողովրդի կողմից մանդատ չունենք իրենց ապագայի համար բանակցելու։ Դուք հիմա ասում եք, որ մենք իրավունք չունենք որոշելու նրանց ապագան, սակայն ես կասեմ, որ մենք այդպիսի հավակնություն էլ անգամ չենք ներկայացնում։ Մենք չենք էլ փորձում այդպիսի բան անել։ Մենք համարում ենք, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը իրատեսական չի կարող լինել, ամբողջական, կայուն, երկարատև չի կարող լինել, եթե այդ կարգավորման շրջանակներում չի ստեղծվում մի հարթակ, որտեղ ԼՂ-ն ու պաշտոնական Բաքուն կարող են երկխոսել։ Մենք կարգավիճակի շուրջ չենք բանակցում։ Որպեսզի խաղաղությունը լինի կայուն, աշխատող, երկարատև, պիտի առկա խնդիրները հասցեագրվեն, իսկ այդ խնդիրները կան։ Ոչ մեկ աշխարհում չի կարող ժխտել, որ ԼՂ ժողովրդի անվտանգության ու իրավունքների հետ կապված կան բազմաթիվ բաց հարցեր, բլոկադան, ապօրինի շրջափակումը, գազի, էլեկտրաէներգիայի հետ կապված խնդիրներն էլ հենց դրա մասին են վկայում։ Այս հարցերը պիտի քննարկվեն, հասցեագրվեն, բայց ոչ մեր կողմից, ԼՂ ընտրված ու լիազոր ինստիտուտների կողմից։ Մենք պիտի փորձենք ապահովել սկիզբը, մեկնարկը, մեխանիզմը»,- հավելեց նա։