Ինչպե՞ս կարելի է սուրբ և անսխալական վարչապետից հիասթափվել

Ինչպե՞ս կարելի է սուրբ և անսխալական վարչապետից հիասթափվել

Երեկ ուղիղ եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց այն մարդկանց ցանկը, որոնք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով հիասթափվել են հեղափոխությունից և հեղափոխական թիմից։ Փաստացի Նիկոլ Փաշինյանի տրամաբանության համաձայն կառավարությունից հիասթափվելու պատճառներ չկան, իր քաղաքական թիմն ամեն ինչ ճիշտ է արել և հիասթափության պատճառը հենց իրենք են՝ հիասթափվողները։ Այսինքն, մարդիկ հիասթափվել են ոչ թե այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն է ինչ-որ հարցում թերացել կամ էլ սխալվել, ընդհակառակը՝ հիասթափվողներն են ի սկզբանե սխալ և ի բնությունե թերի, այդ իսկ պատճառով էլ հիասթափվել են։ Հակառակ պարագայում ինչպե՞ս կարելի է սուրբ, օծյալ, սրբակենցաղ, աստվածընտիր, հպարտ, անսխալական և դուխով հեղափոխականներից հիասթափվել։ 

Մի պահ կտրվենք Նիկոլ Փաշինյանի աստվածային և վերմարդկային բնությունից և կարճ ներկայացնենք վարչապետի վերջին ելույթների վերաբերյալ իմ համեստ տպավորությունները։ Կարծում եմ, որ վարչապետը հոգեբանական լուրջ խնդիրներ ունի, որոնք սխալվելու չնչին հավանականությամբ նույնական են խաղամոլների հոգեբանական խնդիրներին։ Այսինքն, վարչապետը խաղամոլ է դարձել, իսկ անընդհատ խոսելու ու եթերներից չիջնելու բարդույթն էլ  «ազարտային» խաղի կարգավիճակ է ստացել։ Նա խաղամոլի տրամաբանությամբ անընդհատ խաղում է, պարտվում և ամեն անգամ փորձում է ետ բերել պարտվածը։ Այլ խոսքով՝ վարչապետն անընդհատ խոսում է, միշտ վիճահարույց և երբեմն էլ ակնհայտ սխալ տեքստեր է արտաբերում ու ամեն անգամ հաջորդ ելույթով փորձում ետ բերել նախորդ ելույթի ժամանակ պարտվածը, այսինքն՝ ուղղել սխալներն ու վրիպակները։ Իմ տպավորությամբ սա չընդհատվող և շարունակական երևույթ է, Փաշինյանը խոսելու է այնքան, մինչև թույլ տրված սխալներն այլևս անդառնալի և անուղղելի կլինեն, ինչպես խաղամոլների դեպքում, որոնք խաղում են այնքան ժամանակ, մինչև չեն կորցնում վերջին ունեցածը։ 

Իսկապես իրավիճակն այս չափազանց արտառոց է։ Սթափ դատող գործիչը, երբեք չէր գա այն համոզմանը, թե ինքն այնքան անսխալական է, որ իրենից հիասթափվելու պատճառներ պարզապես չեն կարող լինել։ Ի դեպ հիասթափվողների փաշինյանական ցուցակում ներկա էին բոլորը, բացի ամենակարևորից, որն է՝ ՀՀ քաղաքացին։ Այսինքն, վարչապետ Փաշինյանն արդեն իսկ սկսել է չհասկանալ օբյեկտիվ իրականությունն ու իրերի իրական դասավորությունը։ Նա դեռևս ապրում է պաշտամունքի սիմուլյացիայի մեջ և կարծում է, թե ֆեյսբուքյան կեղծ իրականության ագրեսիվ փոքրամասնությունն իսկապես արտահայտում է ժողովրդի ամբողջական կամքը։ 

Նիկոլ Փաշինյանի օգնականներն ու խորհրդականները պարտավոր են նրան զեկուցել, որ հեղափոխության և հեղափոխական թիմի վերաբերյալ հանրային պատկերացումներն իսկապես փոխվել են և շարունակում են փոխվել։ Իսկ փոփոխությունն այդ վստահաբար վարչապետի շահերից չի բխում։ Շուտով նա իր մաշկի վրա կզգա դրա հետևանքներն ու կհասկանա, որ հիասթափվածների իր ցանկն ինքնասիրահարված և անսխալականության բարդույթով տառապող մարդու պարզունակ դրսևորում է։ Հիասթափվողներն իսկապես շատ են ու բազմաշերտ՝ օտարերկրյա ներդրողներից մինչև աղքատ գյուղացիներ։ Սոցիալական անարդարությունը, անարդյունավետ կառավարումն ու անլուծելի տնտեսական խնդիրները ոչ միայն արժեզրկում, այլև կոտրում են հեղափոխական թիմի ողնաշարը։ Նույնիսկ Փաշինյանի թիմակիցներից շատերն են իրենից հիասթափվել և հարմար առիթի են սպասում նրան կուլ տալու համար։ Ամենավերջում պարզվելու է, որ Փաշինյանը նույնիսկ թիմ էլ չունի, քանի որ բոլորը հիասթափված են կամ էլ ձևացնում են հիասթափություն։ 

Արթնացեք քնից, պարոն վարչապետ։ Դուք ոչինչ չեք արել այս երկրում, ոչ մի լուրջ հարց չեք լուծել, բայց շարունակում եք կարծել, որ հենց Դուք եք այս երկրի մեծագույն ձեռքբերումը։