Մի՛ եղեք այդքան անճաշակ

Մի՛ եղեք այդքան անճաշակ

Արդեն դժվար է ասել` ո՛ւմ բախտն է բերել՝ նրա՞նց, ովքեր ընդգրկվել են ԿԳՄՍ նախարարության համապատասխան փորձագիտական խմբի կազմած գրականության ծրագրերում, թե՞ նրանց, ովքեր այնտեղ չկան: Ավելի որոշակիացնեմ հարցադրումը. Սիամանթոյի, Ռուբեն Սեւակի, Վահան Թեքեյանի՞ բախտն է բերել, թե՞, դիցուք, Պարույր Սեւակի:

Հարցը հռետորական չէ, որովհետեւ պատասխանն է ցավալի. բերել է չընդգրկված հեղինակների՛, սակայն ո՛չ Պ. Սեւակի բախտը: Որովհետեւ գրականությունից պետք է մղոններով հեռու լինել, պոեզիայից ոչինչ չհասկանալ` դպրոցականներին առաջարկելով այն երկերը, որոնք առաջարկել է այս փառապանծ խումբը՝ «Մենք քիչ ենք», «Հայաստան», «Մոր ձեռքերը» բանաստեղծությունները: Սրանք ստեղծագործություններ են, որ կարող էր գրել ո՛վ ասես, հետեւաբար դրանք գրել է «նաեւ» Պարույր Սեւակը, բայց չէ՞ որ Սեւակի պոեզիան բնութագրվում է ամենեւին էլ ո՛չ այդ բանաստեղծություններով: Ավելին` Սեւակի ստեղծագործության ողջ փիլիսոփայությունն ընդվզում է հենց ա՛յս տեսակի բանաստեղծության դեմ: Եթե կարճ ասելու լինենք` Սեւակը Սեւակ, ասել է թե` բանաստեղծության նորարար ու նորոգիչ է դառնում ո՛չ այսպիսի հանգաբանությամբ, այլ առավելապես «Եղիցի լույս» ժողովածուով եւ դրան նախորդած բանաստեղծական մի քանի շարքերով («Վերնագիրը վերջում» եւն): Եվ բերել ու դպրոցական ընթերցողին մատուցել այսպիսի՛ Սեւակ, կնշանակի խեղաթյուրել նրա ստեղծագործության ա՛յն ընկալումը, որն իրավամբ արժեքավորն է, եւ որին նա արժանի է:

Բայց սա, ինչպես ասում են, չարյաց փոքրագույնն է: 10-րդ դասարանի գրականության ծրագրի նախագծում, կամընտրական ընթերցանության համար առաջարկվող երկերի ցանկում առաջարկվում է Պ. Սեւակի… «Ամանեջ» վեպը: Սա կատարյալ արհամարհանք է նախ իր՝ Սեւակի ու նրա գրական ժառանգության հանդեպ, որովհետեւ բոլոր առումներով թույլ ու թերի այս գործով չէ, որ բանաստեղծը պիտի ներկայանա պատանի ընթերցողին:  Դա շինծու, արհեստական մի տեքստ է, գոնե ինձ համար` Սեւակի խոշոր վրիպումներից մեկը, որ ինքն էլ իր ձեռքով հազիվ թե հրապարակ բերեր: Սերո Խանզադյանի՝ այսօր մոռացված «Հողը» վեպը, օրինակ, իմ պատկերացմամբ՝ գեղարվեստական արժանիքների առումով հարյուր անգամ նախընտրելի է, քան «Ամանեջը»: Եվ բերել այս ձախողված գործը մատուցել դպրոցականին` նշանակում է խաթարել նրա ընթերցողական աճը, աղավաղել նրա գեղագիտական ճաշակի ձեւավորման ընթացքը: Նշանակում է նաեւ` խաթարել դպրոցականի պատկերացումները հայ պոեզիայի նշանավոր դեմքերից մեկի` Պարույր Սեւակի մասին: 

Աստծու սիրուն, մի՛ եղեք այդքան դիլետանտ, այդքան անճարակ եւ այդքան… անճաշակ:

ՀԳ. Նախարարության հայտնի փորձագիտական խումբը հիմա էլ գուցե հայտարարի, թե անսալով «հանրության ձայնին»՝ փոխել է Պ. Սեւակի` դպրոցում ուսուցանվելիք ստեղծագործությունների ցանկը: Ցանկը, անշուշտ, միշտ կարելի է փոխել, բայց արդյո՞ք կարելի է փոխել գեղագիտական ճաշակը, որ հատուկ է այս խմբին, կարելի՞ է նրանից այսուհետ ակնկալել ծրագրային ստեղծագործությունների մասնագիտական ընտրություն: Համոզված եմ՝ ոչ: Որովհետեւ այս խումբը հենց միայն Սեւակի «վրա» սայթաքել է՝ երեւան բերելով իր ոչ կարողունակությունը, իմացության եւ գեղագիտական ճաշակի ահռելի բացակայությունը:
Ահռելի, որովհետեւ գործ ունենք դասագրքի եւ ծրագրի, դրանով իսկ` նոր սերնդի գեղագիտական դաստիարակության ու կրթության հետ: