Թիվ 19 պոլիկլինիկայում բժիշկներին ազատել են աշխատանքից

Թիվ 19 պոլիկլինիկայում բժիշկներին ազատել են աշխատանքից

Թիվ 19 պոլիկլինիկայի մանկական բաժնի քանի՞ աշխատողի տնօրեն Սամվել Սարգսյանն ազատեց աշխատանքից։ Աշխատակիցներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ազատումը պաշտոնապես պատճառաբանվել է նրանով, որ աշխատակիցները չունեն լիցենզիա, սակայն տնօրենի ու այդ աշխատակիցների միջև նախկինում էլ են հակասություններ եղել:

«Մանկական բոլոր նեղ մասնագետներին, նախարարի հրամանով, որոնք չունեն համապատասխան որակավորում, ուրբաթ օրն ազատել են աշխատանքից։ Չեն եղել համապատասխան դասընթացներ, մարդիկ չեն մասնակցել, չունեն համապատասխան սերտիֆիկատներ, բայց բոլորը ստաժավոր, նորմալ աշխատողներ են։ Բացի այդ, թիվ 19 պոլիկլինիկայի աշխատակիցների մի մասի և տնօրենի միջև կա հետհեղափոխական կոնֆլիկտ, քրեական գործ է հարուցվել և այլն, այդ մասով կա նաև վրեժխնդրության միտում, որովհետև մենք նախարարությունից ճշտեցինք, որ նախարարի նման հրաման իսկապես կա, բայց այնտեղ հարկադիր պարապուրդի մասին է խոսքը, որ մարդկանց ենթարկեն հարկադիր պարապուրդի, ստեղծեն համապատասխան դասընթացներ, շուտափույթ այդ հարցը լուծեն ու վերադառնան աշխատանքի, իսկ տնօրենը տվել է պայմանագրի վերջնական լուծման հրաման և պարտականությունները տեղաբաշխել է տվյալ բաժանմունքի մեծահասակների համապատասխան մասնագետների վրա, այսինքն՝ մարդկանց, որոնք ոչ միայն չունեն լիցենզիա, այլև աշխատանքային փորձ չունեն՝ դեռահասների և երեխաների հետ անհատական աշխատելու։ Ամբողջ խնդիրն այն է, որ այդտեղ կա վրեժխնդրություն։ Եթե խնդիրը լիցենզիան է, ապա այսօր այդ գործով զբաղվելու իրավունք չունի նաև այն աշխատակիցը, որը ոչ միայն լիցենզիա չունի, այլև փորձ չունի»,- մեզ հետ զրույցում ասաց աշխատակիցը, որը չցանկացավ հրապարկել իր անունը՝ հետագայում խնդիրներ չունենալու մտավախությունից ելնելով։

Խոսեցինք պոլիկլինիկայի մեկ այլ բժշկի՝ մանկական գինեկոլոգ Մարինա Վիրաբյանի հետ։ Նա ասաց, որ 2 բժշկի են ազատել աշխատանքից։ Վիրաբյանի խոսքով՝ պատճառը տնօրենի հետ ունեցած հակասութուններն են եղել, որակավորման հարցով ինքը բազմիցս նախարարություն է գնացել, սակայն ասել են, որ նման հրաման դեռևս չկա։ Տնօրենը նույնիսկ առանց բժշկուհու իմացության հանձնարարել է նրա աշխատասենյակի պատից պոկել բժշկի անուն-ազգանունով ցուցանակը:

«Ամսի 11-ին՝ ուրբաթ օրը, աշխատանքից հետո, տնօրենը կանչեց իր աշխատասենյակ, ես էի, մանկական ակնաբույժը, մանկական էնդոկրինոլոգը, նյարդաբան, քիթ-կոկորդ։ Ես ընթացքում կոնֆերանսների եմ մասնակցել, 2005 թվականին վերապատրաստում եմ անցել հանրապետության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգի մոտ, ինչը գրավոր տեսքով ներկայացվել է։ Մանկական գինեկոլոգիա մասնագիտությամբ օրդինատուրա գոյություն չունի, այսինքն՝ հետդիպլոմային կրթություն, դա մտնում է մանկաբարձություն և գինեկոլոգիա ցիկլի մեջ, որով մենք ամեն 5 տարին մեկ լիցենզավորվում ենք։ Ամբողջ Հայաստանի Հանրապետությունում չկա մանկաբարձ-գինեկոլոգ օրդինատուրա։ Հիմա Արսեն Թորոսյանը հրաման է տվել, որ նեղ մասնագետը պետք է ունենա հետդիպլոմային նեղ մասնագիտական կրթություն, այսինքն՝ ես պետք է ունենամ մանկական գինեկոլոգի օրդինատուրա»,- մեզ հետ զրույցում ասաց Վիրաբյանը։

Նրա խոսքով՝ իր ազատմամբ մտահոգված են նաև պացիենտները, նրանցից մեկը նույնիսկ գնացել և իր անկետան հետ է վերցրել պոլիկլինիկայից։

Հարցի առնչությամբ պարզաբանում խնդրեցինք առողջապահության նախարարութունից։ Նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը, պատասխանելով մեր հարցին, թե ինչ հիմքով են ազատվել բժիշկները, ասաց․

«2017 թվականի հուլիսի 24-ին «ԹԻՎ 19 ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԲԸ-ին առողջապահության նախարարության կողմից տրամադրվել է N Կ-ԲՕ-002295 բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա` արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակներով:
Լիցենզավորվելուց հետո գործունեությունը սկսելուց 5 օր առաջ կազմակերպության կողմից չեն ներկայացվել կադրային փաստաթղթերը, այդ իսկ պատճառով 2019 թվականի հոկտեմբերի 4-ին առողջապահության նախարարի թիվ No 2797-Ա հրամանով կասեցվել են լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական ակնաբանական, մանկական սրտաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական նյարդաբանական, մանկական ներզատաբանական, մանկական վիրաբուժական տեսակների գործունեությունը: 

Կասեցումից հետո որոշ տեսակների համար ներկայացվել են բժիշկների և միջին բուժաշխատողների մասնագիտական կրթության վկայականներ, և առողջապահության նախարարի 2019 թվականի հոկտեմբերի 15-ի No 2975 - Ա հրամանով վերոնշյալ կասեցման հրամանի «մանկական քիթ-կոկորդ-ականջաբանական, մանկական նյարդաբանական, մանկական սրտաբանական և մանկական ներզատաբանական» տեսակների մասով ուժը կորցրած է ճանաչվել:
Լիցենզիայով նախատեսված արտահիվանդանոցային` մանկական ակնաբանական, մանկական գինեկոլոգիական, մանկական վիրաբուժական տեսակների մասով կասեցումն ուժը կորցրած չի ճանաչվել, քանի որ ներկայացված մասնագետները չեն համապատասխանել լիցենզիայով նախատեսված տեսակներին, մասնավորապես` մանկական տեսակներով բժշկական օգնություն և սպասարկում կարող է իրականացվել միայն մանկական մասնագետների կողմից»։