Հերքում եմ, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու

Հերքում եմ, որ կա որոշում ինչ-որ շենք ծախելու

Նախօրեին Արագած համայնքում տեղացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր բուհերում առկա խնդիրների մասին եւ առաջարկել իր լուծումները․ «Մենք ունենք էսպիսի գաղափար, որ Երեւանի բուհերի մեծամասնության շենքերը հանենք վաճառքի, ձեւավորված գումարներից Երեւանից դուրս կառուցենք քաղաք, որը կլինի բուհական, ակադեմիական քաղաք, որտեղ կենտրոնացված կլինի մեր գիտական, դասախոսական պոտենցիալը, եւ, այ, էս երեխեքը բարեփոխված դպրոցներից հնարավորություն ունենան գնալ էդ բարեփոխված բուհական համակարգ։ Այսօր մեր բուհերում շենքային պայմաններն արդեն չեն համապատասխանում 21-րդ դարի չափանիշներին»,- ասել էր նա: 

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարն անդրադարձավ բուհերի վաճառքի թեմային․ «Ի՞նչ ենք թողնելու մեր երեխաներին, թողնելու ենք բուհեր եւ լավ բուհեր։ Ունենք այն, ինչ ունենք, պետք է պահպանենք մեր ունեցածը, թույլ չտանք անկում, եւ զարգացնենք, բերենք որակական այլ մակարդակի։ Վստահեցնում եմ՝ շենքային կառույցներին որեւիցէ վտանգ չի սպառնում, անհոգ եղեք, նման որոշում առավել եւս չկա, կա միայն գաղափար»։ 

Նախարարը նշեց, որ խնդիրը բուհերի շենքերը չեն․ «Խնդիրը նոր շենքերն են, նոր քաղաքն է, նոր կոմունիկացիաները, նոր կամպուսները, խնդիրը ձեւի ու բովանդակության համապատասխանությունն է։ Մենք չենք կարող նկուղային պայմաններում բարձրագույն կրթություն ապահովել։ Գաղտնիք չէ, որ այսօր բազմաթիվ խնդիրներ կան բուհերում, սկսած սանիտարահիգիենիկ պայմաններից, մինչեւ լսարանային մակերեսների քանակից, լսարանների ժամանակակից դասախոսություն կազմակերպելու տեխնիկական հագեցվածություն եւ հանրակացարանային, սպորտային կոմպլեքսներ, համալիր մոտեցում չկա։ Այն, ինչ հիմա շրջանառվում է մամուլում, շատ կուզեմ դառնա իրականություն, բայց այս պահին կա միայն ցանկություն եւ չկա հստակ վայր»,- նշեց նա՝ հավելելով, որ ունեն այդ կամքը կյանքի կոչելու համար։

Նախարարը հորդորեց անհոգ լինել, եթե գաղափարը կյանքի կոչվի, նախ կսկսեն ակադեմիական քաղաքը կառուցել, նոր կանցնեն շենքերը վաճառելուն եւ ոչ հակառակը՝ շենքերը վաճառել՝ նոր ակադեմիական քաղաք կառուցել․ «Ես հերքում եմ, որ կա որոշում ինչ որ շենք ծախելու, անկախ նրանից փլատակ է դա, թե ոչ։ Չկա նման որոշում վաճառել ԵՊՀ-ի շենքը, եթե հակառակը ինձ ապացուցեք, ես կգնամ տուն, չի կարելի ամեն ինչ ենթադրել, ինչու ենք փնտրում մի բան, որ գոյություն չունի եւ չի ունենալու, ԵՊՀ-ի շենքը ֆեյսբուքյան ստեղծարարաները դարձրել են գիշերային չգիտեմ ինչ, ցերեկային առեւտրի սրահ, անհարմար է։ Նման որոշում չկա, բայց Աստված մի արասցե, եթե լինի նման բան, ես ավելի անհանգիստ կլինեմ, քան դուք»։ 

Հարցին՝ հերքո՞ւմ է վարչապետի հայտարարությունը, Դումանյանն ասաց․ «Ես իրավասու չեմ վարչապետի հայտարարությունը հերքել կամ հաստատել, քանի որ դա կառավարության որոշում չէ։ Ես կարող եմ ասել այն, ինչ ես եմ հասկանում՝ եթե իրականություն դառնա այն գաղափարը, որի մասին խոսեց վարչապետը եւ բնական ցանկություն կառաջանա շատ բուհերի մոտ տեղափոխվել այդ գեղեցիկ վայրը եւ որպեսզի այդ գաղափարը իրականություն դառնա, այդ բոլոր շենքերն էլ անգամ եթե վաճառվեն, բավարար չի լինի այդ գաղափարն իրականացնելու համար։  
Հետո այդ ինչ որ տեղը պետք է լինի բավականին մոտ քաղաքին, արագընթաց տրանսպորտային միջոցներով, եթե դա լինի, չեմ կարծում, որ մանկավարժական համալսարանի բարձրահարկ շենքը կլինի լավագույն վայրը կրթական գործընթաց իրականացնելու համար, նույնը ֆիզկուլտ ինստիտուտի մասին։ Կա միայն գաղափար, ոչ` որոշում, այլ հարց է, որքանով է իրատեսական դա, միայն քաղաքական կամքը բավարար չէ, պետք են ֆինանսական միջոցներ»։ 

ԿԳՄՍ նախարարը շտապեց հանգստացնել նաեւ ԳԱԱ-ի մասով. «Ակադեմիան եւս չի լուծարվելու, ակադեմիայի շենքերին որեւիցէ վտանգ չի սպառնում»։