Մենք, համաճարակն ու փրկիչները

Մենք, համաճարակն ու փրկիչները

Մինչ անտարբերության մեջ ննջում է մարդը, ստահակությունը լկտիությունը, խաբեությունն ու սուտը իրենց սովորության համաձայն՝ ամենուր հայտնվում են օրինավորության, ազնվության հագուստներով։ Գալիս են որպես փրկիչներ ու մարդահաճո ճառերով մոլորության մատնում մի ողջ ազգաբնակչության։

Պետական մտածողությունը կդառնա ծաղրի առարկա, իսկ գեղեցիկ երիտասարդությանը՝ նրբորեն կհագցնեն երկար պատրաստված համաշխարհաքաղաքացու զգեստները։
Բազմաթիվ Քրիստոսներ կգան մարդկության բեռը իրենց ուսերին դնելու պատրաստակամությամբ ու դու նորից կխաբվես, մա՛րդ․․․

Ցածր ինքնագիտակցության մակարդակի այս ճգնաժամում՝ ազատ աշխարհի կոսմոպոլիտները կջախջախեն ազգերի մշակույթները ու նրանց կյանքի երակներում կներարկվի կենարար թվացող ինքնաոչնչացման թույնը։Մենք մեր գիտակցությունը զորացնելու մեծ խնդիր ունենք։ Այո,
գիտակցությունն ունի իր հզոր դերակատարումը յուրաքանչյուրիս կյանքում, բայց այդուհանդերձ՝ ենթագիտակցությունը ունի գիտակցությանը երբեմն պաշարելու հնարավորություն։ Օրինակ՝ երբ դուրս ենք գալիս չափորոշիցների սահմանագծից․․․
 

Գիտակցության պաշարը հավաքվում, ձևավորվում է մարդու աշխարհաճանաչողության հիմքի վրա: Այսինքն՝ մենք վերցնում ենք կյանքի նեկտարը, որով էլ զարգացնում ու զորացնում ենք գիտակցությանը։ Այդպես տալիս ենք նրան գործելու բոլոր մեխանիզմները, բայց սրանով չի որոշվում իր կամքի գերակայության հաստատման հարցը։ Ավելի պատկերավոր օրինակով հիմնավորեմ. բոլորս ունենք արտաքին և թե ներքին ազդակներ, բայց ազդակների ամբողջությունը չի արտացոլվում մեր ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՎՐԱ, այսինքն՝ որոշ մասն է միայն իր տիրույթում: Բնականաբար այն արտահայտվում է մեր վարքում,մոտեցումներում, քանի որ նրա ներգործուն ազդեցությունը պիտի արտահայտվի բնականորեն...
 

Պետք է չհերքել, որ փրկություն տանող ճանապարհներից մեկն էլ՝ գիտակցության հզորացմամբ է հնարավոր գտնել, որովհետև էս կռվում, երբ արդեն անգիտակցականից ազդակները սկսում են գրոհել, կամ իր պահանջներն թելադրել ՄԵԶ, նրանք բախվում են ԳԻՏԱԿՑԱԿԱՆ նորմերին, իր կողմից սահմանված երևույթներին ու դու նորից փրկվում ես...

Հիմա հասկանու՞մ եք, թե ինչու գովազդ պատրաստելիս ընտրում են ենթագիտակցականի էն մասը, որը վստահ են, որ ձգում է մարդուն։ Այդ ժամանակ է միայն հնարավոր փաստացի կոնտեքստից դուրս, բայց իրականացնել գովազդը ապրանքի, որովհետև քո բոլոր ցանկությունները իր թույլ կողմերով հանդերձ՝ ուսումնասիրվել և շարունակվում է ուսումնասիրվել, իսկ դու՝ շարունակ նահանջում ես և անվճռականությանդ հաշվին՝ սպանում համոզմունքերդ…

Ընդունենք, որ քննադատական, վերլուծական մտքի ոչնչացումը՝ դաժանորեն պարտության կմատնի մեզ, մշուշում կթաղի մեր ապագան․․․

Այո, հասարակությունը ինքնագիտակցության մակարդակի բարձրացման խնդիր իսկապես ունի ու եթե խոսում ենք քննադատական, վերլուծական մտքի մասին, ուրեմն՝ եկեք մինչև վերջ անկեղծ լինել և ասել, որ ստրուկտուրալիստականից անցում պիտի կատարենք պոստստրուկտուրալիզմի, որ վերջապես մարդու մերկ վերլուծական մտքերը տեսնելու հնարավորություն ունենանք...
 

Հիմա հարց.
Պատմիչների ժառանգությունը ամբողջությամբ իրականությու՞ն էր, կամ քանի՞ տոկոս ճշմարտություն կար նրանց մեջ: Չգիտեք, չէ...
Ախր որոշ պատմիչներ նույն շրջանում կատարված իրադարձությունները տարբեր ձև են մեկնում, այդ պատճառով էլ իրականությունը անհայտ է մնում...
Այ սրա համար է նաև պիտք անցում կատարել պոստստրուկտուրալիզմի.․.

Իսկ պանդեմիան․․․

Ցավոք համաճարակի ժամանակահատվածում մեր միասնությունը, համախմբվածությունը կրկին չի ստացվում և դրա փոխարեն՝ նկատվում է օրեցօր հասունացող անառողջ մթնոլորտը: Միանշանակ է, որ օրվա վարչապետը առողջապահության ներկայիս նախարարի հետ, գոնե սկզբնական փուլում, (այն շատ պատասխանատու փուլ եմ համարում) իրենց պահեցին անլուրջ և անպատասխանատու։ Այն ինչ-որ կերպ անլրջացրեց կորոնավիրուսի դեմ ուղղված մեր պայքարը: Դեռ հայտնի քարոզարշավի ժամանակ էր պետք մտածել այսօրվա հետևանքների մասին և քայլեր ձեռնարկել լուծումներ գտնելու համար։ Ինքս էլ այս վիրուսի վերաբերյալ շատ հարցերի պատասխաններ եմ փորձել գտնել, բայց այն երբեք չեմ դարձրել «կորոնավիրուսն ու՞մ շունն է» հայտնի այդ անբովանդակ թեզի քարոզչության միջոց․․․

Կարծում եմ սխալները չընդունելու, շարունակ իրենց քայլերը արդարացնելու, ներողություն չխնդրելու այս թուլակամությունը՝ մեծ վտանգներ ունի մեզ համար պահված․․․

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Հիմա ձեզ չեմ գովելու որոշ քաղ․ գործիչների նման, հարգելի հայրենակիցներ, քանի որ մեր սխալները նույնպես հետևանք են․․․
Որքան էլ դժվար, կամ տհաճ լինի ճշմարտությունը՝ մենք պետք է չշրջանցենք այն, որովհետև կեղծիքը, բոլորի մոտ լավը երևալու ցածրարժեք ցնակություննրը՝ մեզ երբեք չեն կարող փրկել իրական վտանգներից...
 

Առողջություն ցանկանալով ազգակիցներիս, մոլորակի ողջ բնակիչներին, ուզում եմ՝ համաճարակը մեր ազգային ինքնագիտակցության մակարդակի բարձրացմանը ծառայեցնել փորձենք և գիտակցությամբ սպանել կարողանանք մեզ նվաստացնող, մեր մեջ բույն դնել փորձող, անվստահության ծնունդ հանդիսացող խեղճությունը...

Վաչագան ՄԱՆՈՒԿՅԱՆ