Այդ ձեւաչափը կարող է շարունակություն ունենալ, եթե․․․

Այդ ձեւաչափը կարող է շարունակություն ունենալ, եթե․․․

Քաղաքական անկարողությունը դարձել է մեր ժամանակների ամենաբնորոշ գծերից մեկը։ Դա ամենուր է՝ եւ իշխանության, եւ ընդդիմության, եւ հին քաղաքական ուժերի, եւ նորերի, եւ ռուսամետների, եւ արեւմտամետների շրջանում։ Նիկոլ Փաշինյանի գործած ավերածություններից մեկն էլ այս տարիներին դա է՝ անկարող եւ անուժ դարձնել ողջ երկիրն ու ամբողջ քաղաքական դաշտը։

Արդեն, կարելի է ասել, երկրորդ անգամ երկրի ամենահեղինակավոր մարդիկ՝ նախկին նախագահները փորձում են ինչ որ մարմին ձեւավորել եւ պետությանն առաջարկել իրենց ծառայությունները։ Նախորդը 44-օրյա պատերազմի ժամանակ էր։ Երբ բոլորն ամեն ինչ արեցին, որ այդ կառույցը չստեղծվի-չգործի եւ այդ մարդիկ որեւէ դերակատարում չստանձնեն երկրում։ Ի՞նչ որակում ասես կարելի է տալ դրան, բայց, ըստ իս, ամենաբնորոշը Լոպե Դե Վեգայի հայտնի պիեսի անվանումն է․ «Շունը խոտի դեզի վրա»՝ ոչ ինքն է ուտում այդ խոտը, ոչ թողնում է ուրիշներն ուտեն։ 

Երկրի ղեկին գտնվող անձը շարունակ վախեր ունի, որ եթե այս մարդկանց մոտ թողնի եւ նրանք ինչ որ դերակատարում ստանձնեն երկրում, կարող են իր իշխանությունից մաս խլել, ինչ որ հավակնություններ ունենալ, հաջողության դեպքում՝ դափնիներ վայելել եւ այլն։ Ուստի ավելի լավ է պարտություն, անհաջողություն, կործանում, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ակտիվացում եւ որեւէ կարգավիճակ։ Եւ որքան էլ մենք մեզ պատռենք, թե հիմա հարկավոր է ազգի կոնսոլիդացիա, առողջ ուժերի համախմբում, բոլոր ռեսուրսների մոբիլիզացիա, դրան հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է խոչընդոտում։ Նա 44-օրյայի ընթացքում ամեն ինչ արեց, որ նախագահները ոչ մի քայլ չանեն եւ իրեն նեղություն չտվեց նրանց հանդիպելու համար, ձգձգեց ու ձախողեց Տեր-Պետրոսյանի ու Քոչարյանի այցը Մոսկվա եւ ի չիք դարձրեց այդ մարդկանց ջանքերը։ Հիմա էլ նույնն է անում՝ հայտարարում է, որ ինքը գիտակցում է իր պատասխանատվությունը, գրեթե բաց տեքստով հասկացնելով, որ ձեր աջակցության եւ խորհուրդների կարիքը չունեմ։ 
Իհարկե, կարող ենք ենթադրել, որ դա ոչ միայն վախի գործոնն է՝ իշխանությունը կորցնելու կամ կիսելու վախը, այլեւ մեծամտությունը։ Մարդն այսքան աղետից ու կորուստներից հետո էլ կարծում է, որ ինքն ամեն ինչ գիտի, ինքն ամենալավը գիտի եւ չկա երկրագնդի վրա մեկը, որը կարող է իրենից ավելին իմանալ ու ավելի ճիշտ որոշումներ կայացնել, ուստի եւ իրեն որեւէ խորհուրդ տալ։ Ինքը Մակրոնի ու Բլինքենի հետ է տալիս- առնում, հայտնի կինոյի մոտիվներով՝ Իշտոյանա վիձել, ո՞վ են այլեւս ՀՀ քաղաքացիներն ու անգամ՝ ՀՀ նախկին նախագահները, որ կարողանան իրեն խորհուրդներ տալ, ուղղություն ցույց տալ, օգտակար լինել։ ԱՄՆ ու ԵՄ դեսպանների նման խորհրդատուներ ունի՝ հերիք է էլի։

Հիմա գանք մեր նախկին նախագահներին ու կաթողիկոսին, որոնք իրենց ծանր տեղը թեթեւացրին եւ փորձեցին ինչ որ բան անել այս նեղ վիճակից երկիրը հանելու համար։ Իհարկե, եթե այս մարդկանց մեջ մի քիչ ավելի շատ եռանդ լիներ, կարողանային մի կողմ դնել իրենց ամբիցիաները, առաջնորդվել ոչ թե իրենց անձնական ու կուսակցական շահերով, հրաժարվել անցյալի կոմպլեքսներից ու ձերբազատվել իրենց ճշմարտությունն առաջ տանելու ցանկությունից, կարող էր նաեւ այս ֆորմատը կայանալ։ Բայց դրա համար նախ հարկավոր էր այդ մարմինը, այդ խորհրդատվություններն ուղղել ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ հանրությանը։ Փաստ է, որ Փաշինյանն իրենց կարիքը չունի, բայց մեր ժողովուրդն ունի։ Անգլուխ հոտի վերածված մեր հասարակությունը ամեն քայլափոխի ցուցադրում է այդ պահանջն ու խնդրանքը՝ ազգի մեծեր հավաքվեք, մի բան արեք, մի բանով մխիթարեք ու հույս ներշնչեք մեզ, ծրագիր տվեք ու խոսք ասեք։  

Դրա համար հարկավոր էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը մոռանար 97 թվականի փուլային կարգավորման իր տարբերակը, Ռոբերտ Քոչարյանը հրաժարվեր իր պաշտոնավարման տարիների տնտեսական «հաջողությունների» թմբկահարումից, Սերժ Սարգսյանը մոռացության մատներ 2015-ին ձախողված ֆուտբոլային դիվանագիտությունը եւ այս երեքը միասին մոռանային միմյանց հետ ունեցած տարաձայնությունները, ինչը գրեթե անհնարին է, դատելով նրանց պահվածքից։ Ընդ որում, ամենադեստրուկտիվն այս խմբի մեջ իրեն պահում է Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի պահվածքի մոտիվները, որքան էլ իր ինտելեկտի հանդեպ հարգանք ունենաս, շատ բարդ է հասկանալ՝ երկրի հանդեպ մտահոգությո՞ւնն է, թե՞ ապագայում եւս մեկ անգամ «ճիշտ դուրս գալու» ձգտումը, Նիկոլ Փաշինյանին հեռացնե՞լն է, թե՞ ավելի ամրապնդելը, Ռոբերտին ու Սերժին հաղթե՞լն է, թե՞ քաղաքական պրոցեսներից դուրս չմնալը։ 

Եւ վերջապես՝ ի՞նչ է ուզում Ամենայն հայոց կաթողիկոսը, որը մեկ գնում է ՀՀ նախագահի ինաուգուրացիային եւ հեղափոխական ելույթ ունենում, մեկ էլ ամեն ինչ անում է գործող իշխանություններին հաճոյանալու, ծառայություններ մատուցելու համար։ Պետք է հասկանալ, թե հիմա որ փուլն է։ Կարծում եմ՝ երկրորդ։ Թեեւ չի բացառվում, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի հաճոյախոսություններից Վեհափառն այնքան է հուզվել, որ ամեն ինչ անում է վերականգնված հարաբերությունները չփչացնելու համար։

Ամեն դեպքում ունենք այն, ինչ ունենք։ Ցավոք, այս ձեւաչափից որեւէ ակնկալիք ունենալը նորից ժամավաճառությամբ զբաղվելու է նմանվում։ Բայց կարծում եմ՝ այն կարող է նաեւ շարունակություն ունենալ։ ՀՀ առաջին նախագահը համաձայն չէ, նրա՝ երկխոսության առաջարկը չի ընդունվել եւ նա «խաղից» դո՞ւրս է գալիս, նրան պետք է մնաս բարով ասել եւ շարունակել սկսածը։ 

Իմ համեստ կարծիքով՝ հանդիպումները կարող են շարունակվել եւ այդ ֆորմատում կարող են ընդգրկվել նաեւ ոչ միայն Արցախի նախկին նախագահները, այլեւ ՀՀ ու Արցախի նախկին վարչապետները, հարկավոր է հրավիրել նաեւ Արմեն Սարգսյանին, որքան էլ մասնակիցները պրետենզիաներ ունենան նրա նկատմամբ եւ Կիլիկիո կաթողիկոսին։ Այս ձեւաչափը, եթե անգամ երկիրը չփրկի եւ ռեալ իշխանություն չունենա, զուտ հոգեւոր իմաստով կարող է շատ կարեւոր դեր խաղալ այսօրվա Հայաստանի եւ հայ ժողովրդի կյանքում։

Արեք դա, շարունակեք իրար գլխի հավաքվել, դա հույս ու ապագայի հանդեպ հավատ կներշնչի հասարակությանը, ազգի ոգին կբարձրացնի, ցույց կտա, որ մենք մորթվող ոչխարի պես չենք սպասում վախճանին, որ մենք կանք ու լինելու ենք՝ անկախ մեզ սպասվող նոր արհավիրքներից ու թշնամիների ոտնձգություններից։