Կրակել ու թռնել 

Կրակել ու թռնել 

Նիկոլը քայլեց Երեւանում` այդպես ցույց տալով, որ ինքը խորապես թքած ունի ընդդիմության եւ իր չուզողների վրա, որ ինքը «դուխով» տղա է, էն կինոյի տղան, որ կարող է ցանկացած պահի հանգիստ ու անարգել քայլել: Ո՞վ է ասում, թե բունկերում է թաքնվում եւ գող-գող է ման գալիս, դե տեսե՛ք: Տեսանք, թե ինչպես է 100-200 մետր ճանապարհն անցնում հազարավոր ոստիկաններից` 1500-ից մինչեւ 3 հազար, շղթա կազմած անվտանգության միջանցքով: Զգլխիչ հերոսություն:

Այդպես Ալիեւն էլ կանցներ Երեւանով՝ Էրդողանի թեւը մտած: Սա հոգեվարքի մեջ գտնվողի մի վերջին ճիգ էր, թե դեռ կենդանի եմ, չեմ մեռել: Սա վերջակետ էր, որ Նիկոլն իր ձեռքով դրեց իր առաջ: Վերջացած, ավարտված մեկը: Ավարտ, որ կրկնվում է ամեն օր եւ համառորեն չի ավարտվում: Սա այն տեսարանն է, որ միայն Նիկոլին է հաճույք ու հպարտություն պատճառում, թե ինչ կարեւոր ու թանկ անձ է, որ հազարավոր ոստիկաններ ու շենքերի տանիքներին զգոն կանգնած դիպուկահարներ են ամեն քայլը հսկում՝ հանուն ապահովության ու պահպանության: Բայց այս տեսարանին նայելով` կինը հաստատ չի ասի, թե ինչ կարեւոր ամուսին ունեմ, եւ երեխաները չեն ոգեւորվի, թե ինչ թանկ պապա է մեր պապան: 

Սա աննման ու անհամեմատելի է մեր 30 տարվա, 300 տարվա, գուցե՝ 3 հազար տարվա պատմության մեջ: Դեռ ոչ մեկն այդպես բարիկադավորված չի պաշտպանվել սեփական ժողովրդից, որ բարիկադների մյուս կողմից գոռում է՝ «դավաճան», «հեռացիր»: Հասցեատերը երկրի ղեկավարն է: Դեռ ոչ ոք այդքան մերժված ու արհամարհված չի եղել, այդպես ավերող ու ոչնչացնող չի եղել: Աննախադեպ է ցածրանալու, իջնելու, ընկնելու մեջ՝ որպես անօրինակ ու հակաօրինակ: Ոչ ոք այդպես համառորեն չի կառչել սեփական ավերակներից` դեռ մի քիչ էլ մնալու, երեւալու տենդով: Մեր իրականության այս էջը մենք միշտ փորձելու ենք արագ թերթել, պատռել, որպեսզի շնչել կարողանանք եւ ինքներս մեզ չդադարենք հարգել: Բայց անհնար է, մնալու է միշտ աչքի փուշ, սնկային հիվանդության հետք մարմնի վրա, չեչ դեմքին եւ չմաքրվող լաքա մեր շապիկին: Բոլոր առումներով Նիկոլը կերտեց հակապատմություն եւ մնաց մեր պատմության շրիշակը. ինչպես չպետք է լինել: 

Բայց սա դեռ վերջը չէ, իրեն բնորոշ վերջաբան է պատրաստում Նիկոլը, որ հետեւանքն է լինելու իր թողած խորշագծի: Խաղաղ ցուցարարների նկատմամբ, որ ընդամենը վանկարկում էին «Նիկոլ, դավաճան», սույնին պաշտպանող ոստիկանները բիրտ ուժ կիրառեցին: Ոտք կոտրեցին, քիթումռութ ջարդեցին, ոտնատակ արեցին, 50-ից ավելի քաղաքացիների խցկեցին ոստիկանական մեքենաները եւ տարան: Երեք միլիոն վարչապետից 50-ին տրորեցին հանուն մեկ վարչապետի, որ հանկարծ չտրորվի: Ամեն իմաստ արժեզրկող ու ոչնչացնող այս աննախադեպը փչացրեց նաեւ ոստիկանական համակարգը` բարոյալքելով, դարձնելով ժողովրդի թշնամի: Սա սկիզբն էր, մեկնարկը այն սպառնալիքի, թե պետությունն իրավունք ունի կրակելու: Դեռ փողոցում եք, երբ ոտք ենք ջարդում, քիթ ու բերան արյունլվա անում, եթե համարձակվեք պետական պահպանության տակ գտնվող շենքեր գրավել, կստանաք այն, ինչի մասին զգուշացրել ենք` կրակելու իրավունք: Սա է Նիկոլի վերջաբանը` կրակել ու թռնել: Թե որքան կհաջողվի այդ «թռիչքը», օրը ցույց կտա: Ցավոք, կա ճակատագրի հեգնանք, եւ դա պետք է ամբողջանա:

Հուսիկ Արա