Պատերազմից հետո մի քանի հազար մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից

Պատերազմից հետո մի քանի հազար մարդ հրաժարվել է ՀՀ քաղաքացիությունից

2021 թ. հունվար 1-ից մինչև 30.11.2021 թ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու համար դիմել է 4552 անձ, ՀՀ քաղաքացիություն ստանալու համար՝ 7909 անձ։ Այս մասին «Հրապարակ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ ոստիկանությունից։

Մենք նաեւ հետաքրքրվել էինք, թե դիմածներից քանիսի՞ դիմումն է մերժվել եւ քանի՞սն է բավարարվել։

«ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմած անձանց 4073 դիմում բավարարվել է, ընթացքի մեջ է գտնվում 3584 դիմում, մերժվել է 252 դիմում»,-նշված է գրավոր հարցման պատասխանի մեջ։

Ըստ ամենայնի, քաղաքացիություն ստանալու համար դիմածների թվի մեծ լինելը պայմանավորված է պատերազմից հետո բազմաթիվ արցախցիների՝ Հայաստան տեղափովելու հետ։

Նշենք, որ ՀՀ  քաղաքացիությունը դադարեցնելու վերաբերյալ  2012թ-ին դիմել է  968 քաղաքացի, 2013թ-ին՝ 1461, 2014թ-ին՝ 2407, 2015թ-ին՝ 2487, 2016թ-ին՝ 3863, իսկ 2017թ-ին՝ 5250 քաղաքացի։

Նշենք նաեւ, որ քաղաքացիության պաշտոնական դադարեցումները լինում են բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով։