«Հրապարակ»․ Գնացել են ֆռֆռալու, Դավոսը սրանց խելքի բանը չէ

«Մատակարարման շղթայի ցնցումները հաղթահարելու պայմաններով, մենք սեղանին դրեցինք «Խաղաղության խաչմերուկի» նախագծի մեր առաջարկը, որը, հուսով եմ՝ ծանոթ է ձեզ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին Դավոսում տեղի ունեցած համաշխարհային տնտեսական ֆորումի պանելային քննարկման ժամանակ: «Խոսքը մեր տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունն ավելի արդյունավետ դարձնելու, նոր տրանսպորտային հաղորդակցություններ ստեղծելու մասին է ոչ միայն Ադրբեջանի, այլ նաեւ Թուրքիայի հետ, խորացնելու մեր համագործակցությունն Իրանի, Վրաստանի հետ: Սա նաեւ ԵՄ-ի մասին է, որովհետեւ, եթե այս ծրագիրն իրականություն դառնա, մենք կունենանք նոր շղթայական երթուղիներ Հայաստանով Եվրամիության համար։ Դա միայն տնտեսության խնդիր չէ։ Դա նաեւ անվտանգության շատ կարեւոր գործոն է, քանի որ դուք հենց նշեցիք փոխկախվածությունը որպես ընդհանուր կայունության եւ անվտանգության համար շատ կարեւոր գործոն: Բայց, իհարկե, այս նախագիծը կաշխատի այն դեպքում, երբ մենք կարողանանք կայուն խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, ինչը, ցավոք, հիմա այդպես չէ»,- ասաց նա:
Փաշինյանն ամեն նման ֆորումի մասնակցելուց հետո հայ հանրությանը ներկայացնում է իրականությունից խիստ հեռու, գունագեղ հեռանկար, իբրեւ թե դարակազմիկ պայմանավորվածություններ է ձեռք բերել, եւ հիմա մեր երկիրը կծաղկի: Իրականում ի՞նչ է իրենից ներկայացնում Դավոսը, ի՞նչ կարող է այն մեզ տալ։ Զրուցել ենք տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ։
«Վախենամ՝ Դավոսում Հայաստանի գոյությունը կասկածի տակ դնեն հանկարծակի: Դավոս Փաշինյանին չեն էլ հրավիրել, այլ ուղղակի պետության փողերով գնացել են այնտեղ զվարճանալու եւ փորձում են իմիտացիա ստեղծել, թե իբրեւ Հայաստանն այսօր կարեւոր է: Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել է Դավոսում հայտարարել, թե Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ ձգտում է մոտենալ Եվրոպային: Հայաստանին այսօր ոչ մեկը լուրջ չի ընդունում, Փաշինյանի հայտարարություններին` եւս: Իրականում Հայաստանի համար Դավոսին մասնակցելը ո՛չ տաք է, ո՛չ էլ սառը: Պարզապես այս մարդիկ սիրում են վոյաժներ անել, իսկ Դավոսում չկա իրավունք՝ երկրներին մերժելու, եթե մասնակցության ցանկություն կա: Այն մի տեղամաս է, որտեղ գործում է աշխատանքային դիվանագիտություն, եւ ցանկացած երկրի ղեկավար, պաշտոնատար անձ դրան մասնակցելով՝ իր երկրի, պետության համար փնտրում է առաջխաղացման դինամիկ փոփոխություններ: Հայաստան այսօր գոյություն չունի, ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանը զուտ շրջագայելու նպատակով է այնտեղ մեկնել: Որպես ոլորտի մասնագետ՝ ես պնդում եմ․ Հայաստանում տնտեսությունը սարսափելի վիճակում է գտնվում, չկա որեւէ աճ, զանազան ճանապարհներով ֆինանսական ռեսուրսներ են մտնում Հայաստան, տնտեսական ակտիվություն չկա: Տնտեսական աճ երկրներին ապահովում են արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը: Այս երկու ճյուղերը մեզանում չկան: Գնացել են ֆռֆռալու, ժամանակ անցկացնելու, Դավոսը սրանց խելքի բանը չէ: Մի անգամ այսօրվա նախագահն էլ էր մասնակցել Դավոսին, կարծեմ՝ դաշնամուր նվագեց, բայց ոչ մի լուրջ մարդ նրա հետ անգամ չառնչվեց: Սրանք ման են գալիս՝ տեսնեն, թե որտեղ ինչ կա, գնան, պետության հաշվին ժամանակ անցկացնեն, ուրախանան: Այլ բան փնտրել պետք չէ»:
Կարծիքներ