Սա խոհրդավոր մահերից չորրորդն էր

Սա խոհրդավոր մահերից չորրորդն էր

Պարույր Սևակի փողոցի շենքը, որտեղ բնակվում էր ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը, մի քանի ժամով աղետի էպիկենտրոն է դարձել՝ ոստիկանական մեքենաներ, տեսախցիկներ, նախկին և ներկա պաշտոնյաներ հավաքված են այստեղ։ Րոպեներ առաջ  քննչական կոմիտեն ընդամենը հայտնել էր, որ «Կուտոյանի դին հայտնաբերել են հրազենային վիրավորումով»: Սակայն իրավապահ շրջանակները սկսեցին ակտիվորեն տարածել ինքնասպանության վարկածը։ Դրան ոչ ոք չի հավատում։ Քաղաքում խոսում են, որ Գեորգի Կուտոյանին սպանել են։ Նրա մահը շարունակում է խորհրդավոր մահերի հետհեղափոխական շղթան։ 

Դրանցից առաջինը տեղի ունեցավ անցյալ տարի, հուլիսի 9-ին։ Մոսկովյանի շենքերից մեկում հայտնաբերեցին «Գազպրոմ Արմենիա» ընկերության «Տրանս Գազ» ՍՊԸ-ի տնօրեն Նիկոլայ Գաբրիելյանի դիակը։ Խնամիական կապ ուներ Արոյի հետ։ Գազի Կոլյան նաև նախկին  վարչապետ Կարեն Կարապետյանի ընկերն էր։ Մահվան պաշտոնական վարկածն ինքնասպանությունն էր։ Նիկոլայ Գաբրիելյանի ձեռքում  գտել են անվանական ատրճանակը, որը նա ստացել էր որպես պարգեւատրում։ 

Սեպտեմբերի 23-ին, Բջնիի իր առանձնատանը մահացավ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը։ Նա պետք է սեպտեմբերի 24-ին հարցաքննվեր Մարտի 1-ի գործով, և այս մահը, որը կրկին որակվեց որպես ինքնասպանություն, անմիջապես կապեցին հարցաքննության հետ։ Տեղեկություն շրջանառվեց, որ հաջորդ օրը նա ոչ թե ուղղակի հարցաքննվելու էր, այլ կալանավորվելու էր, և Հարությունյանին նախօրեին հայտնեցին այս մասին, ակամայից հրահրելով ողբերգական կրակոցը։ ՀՔԾ-ից հերքեցին այս վարկածը, գեներալի մահը համարեցին ինքնասպանություն, սական ոչ ոք դրան չհավատաց։ Չնայած այս գործով հանրային մեծ հետաքրքրություն կա, որևէ տեղեկություն նախաքննության ընթացքի մասին չի հրապարակվում։ 

Նոյեմբերի 28-ին Պյատիգորսկում խորհրդավոր հանգամանքներում մահացավ Մարտի մեկի մեկ այլ վկան՝ ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը։ ՌԴ լրատվամիջոցները տարածեցին, որ նա մահացել է  մասնավոր գարեջրի գործարանում գազի պայթյունի հետևանքով: Այս դեպքում ևս հարց բարձրացավ, թե արդյո՞ք կարող էր քաղաքի ոստիկանապետը հենց այնպես «տրաքել» գարեջրի գործարանում։ Ամենավատն այս իրավիճակում այն է, որ դեպքերից որևէ մեկը չի բացահայտվում։