Եթե ամեն տեղ «ըսենցը» փոխարինենք «ընենցով», կդառնանք «հենց ընենց» պետություն

Եթե ամեն տեղ «ըսենցը» փոխարինենք «ընենցով», կդառնանք «հենց ընենց» պետություն

ՌԴ մայրաքաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի 12-րդ նիստը:

Կողմերի միջև ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում: Այս մասին հայտնել է Հայաստանի կառավարությունը։ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, Ղազախստանում ՀՀ նախկին դեսպան Արա Սահակյանին հարցրինք՝ սա Նիկոլ Փաշինյանի ասած տրանսպորտային ուղիների ապաշրջափակո՞ւմն է, թե՞ Ալիևի ասած՝ «Զանգեզուրի միջանցքը», կամ գուցե դրանք նույն բանե՞րն են․

«Իմ կարծիքն այնքան էական չէ, կարևորը, թե ինչ են մտածում պայմանավորվող կողմերը։ Ադրբեջանցիները պատերազմից հետո՝ արդեն երկուսուկես տարի, հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը նենգափոխել, դարձրել են «Զանգեզուրի միջանցք»։ Այդ տերմինը իրենք են հորինել, իրենք են շրջանառության մեջ դրել, և հաջողել են այն աստիճան, որ մենք էլ ենք դա օգտագործում։ Մերոնք, գիտեք, ամեն ինչ գունազարդում, քարոզչական նյութ են դարձնում, բացառիկության երանգ տալիս, 30 տարիների հետ համեմատում։ Հիմա կասեն՝ «30 տարվա շրջափակումից հետո Հայաստանը շունչ քաշեց...» և այլն։ Իրականում սա մասնակի ապաշրջափակում է, Ադրբեջանը էլի պարտադրեց իր պայմանը, որ մասնակի ապաշրջափակումը լինի այնտեղ, որտեղ իրեն է հարկավոր։ Իսկ իրեն հարկավոր է կարճ երկաթուղային կապ հաստատել Թուրքիայի հետ։ Չէ՞ որ Բաքու-Թիֆլիս- Կարսն ունեն արդեն, հիմա Բաքու- Մեղրի-Նախիջևան-Իգդիր երթուղով երկրորդ կապն են ստանում։ Նրանց համար այս երթուղին «իդեա ֆիքս» է, հետևաբար երկաթուղային կապից եւ տնտեսական նպատակահարմարությունից թանկ մի բան է դրված խաղասեղանին։ Ռազմական, անվտանգային, թուրքական ընդհանրություն, ամեն գնով Հայաստանի տարածք ներխուժել անվերահսկելի երկաթուղով... 

Մոսկովյան հաղորդագրության մեջ գրված է՝  ճանապարհ չի հիշատակվում։ Ուրեմն, գլխավոր հարվածը ստանալու ենք ավտոմոբիլային ճանապարհի ռեժիմը որոշելուց հետո։ Ըստ ՌԴ-ՀՀ-ԱՀ հայտարարության՝ ճանապարհի վերահսկողությունը Ռուսաստանի անվտանգության ուժերը պետք է իրականացնեն։ Գնացքները սուրալով անկանգառ կարող են անցնել Մեղրիի պարանոցը, իսկ ավտոմեքենաները՝ կանգառ, կայանում, լիցքավորում, նորոգում, մի բաժակ սուրճ, չնախատեսված հազար եւ մի բան կարող է պատահել։ Դե հիմա մտածեք՝ մեզ կբավարարի՞ այն աշխատանքը, որ կանեն ՌԴ անվտանգության աշխատակիցները, թե՞, ինչպես Լաչինի միջանցքում հերթապահող խաղաղապահների վերաբերմամբ է, կդժգոհենք, կբողոքենք։ Չգիտեմ։ Հարցականները շատ են, բանակցություններ վարողները անհայտ են, հայտնիներից էլ մի հոգի է խոսում՝ հակասություններով լի, վայրիվերումներով ու հինունոր իրար խառնելով։ Ռացիոնալ խոսք չկա։ Իմպեսներն էլ կցկտուր, պատառ-պատառ տեղեկություններից փորձում են ամբողջական պատկեր կառուցել։ Որքան հասկացա, այն, ինչ հիմա արվում է, Ադրբեջանի երազած «Զանգեզուրի միջանցքի» թելերից մեկն է գործարկվելու»,- պատասխանեց Սահակյանը։

Դիտարկմանը, որ երկաթուղին, որի մասին խոսվում է, նաև Երասխն է Մեղրիի հետ կապելու, և Նիկոլ Փաշինյանը, օրինակ, կարող է հակադարձել ու ասել, որ դա Հայաստանի համար տնտեսական նշանակություն ունի, Սահակյանն ասաց․

«Տնտեսական նշանակություն կունենա, եթե Ռուսաստանից եկող մեր բեռները Դերբենդով ապահով մտնեն Ադրբեջան, անվնաս ու անարգել անցնեն նրա տարածքով ու հասնեն Մեղրի, Կապան, Երևան, Գյումրի եւ այլն։ Ներկայումս Երասխը Մեղրիի հետ կապված է ավտոճանապարհով, ու դա «դռնից դուռ» շահեկան ճանապարհ է, թեև 4 բարձր լեռնանցք են հաղթահարում ծանր բեռնատարները։ Խնդիրը հիմա հարցականի տակ դրված Տիգրանաշենն է։
Փոխարեն պայքարելու, որ պահպանվի այդ փոքր հողակտորը, որը մեզնից կորզել է Ադրբեջանը ու մխրճվել մեր սրտի մեջ՝ ասում է. «Եթե ճանապարհը սենց չի կարող անցնել, նենց կանցնի»։ Մեզնից զավթած ու ապօրինաբար անկլավ դարձրած Տիգրանաշեն-Քյարքիի վերադարձը սպառնալիք է դառնալու Երևան-Գորիս-Մեղրի ռազմավարական ավտոճանապարհի համար։ Եթե ամեն տեղ «ըսենցը» փոխարինենք «ընենցով», կդառնանք «հենց ընենց» պետություն։ Դա՞ է քո ուզածը»։ 

- Ի՞նչ լուծում եք տեսնում...

- Հայ-ադրբեջանական կարգավորման բացառապես բոլոր տարրերը քաղաքական են, անգամ առաջին հայացքից պարզ մի բան թվացողները՝ բոլորը։ Ամեն դետալ փոխշաղկապված է և անտեսանելի խորքեր ունի։ Մեր առջև կանգնած է մեզ ատող, խորամանկ, ուժեղ, խելոք ախոյան։ Դարավոր ախոյան ։ Հարկ է անշտապ նախ քաղաքական խնդիրները լուծել, այսինքն՝ երկարաժամկետ լուծումների գալ Արցախի կարգավիճակի, Հայաստանի հետ անխափան ցամաքային և օդային կապի, էներգամատակարարման, խողովակաշարի, մալուխների հարցում, համաձայնության գալ միջադեպերի քննության, շփման գծի ապառազմականացման, սահմանային բնակավայրերի ու տարածքների անվտանգության ապահովման, միջազգային մշտադիտարկման, երաշխիքների և բազում այլ հարցերի շուրջ։ Ես չգիտեմ՝ Ձեր ասած անձը ինձ այդ հարցը կտա՞, թե՞ ոչ, բայց ես իրեն հարց ունեմ․ կարո՞ղ է ինքը գոնե 5 քայլ ներկայացնել, թե երկաթուղու գործարկումից հետո հետագա ինչ սցենարներ է պատկերացնում։ Անվտանգային տեսանկյունից այդ հաշվարկները գոյություն ունե՞ն։ Կարծում եմ, որ չունեն։ Ինչպես բոլոր հարցերում, այստեղ ևս այսրոպեական լուծումներ են գտել, կտրել են հայ-ադրբեջանական հարաբերությունների ոչ միայն ներկա բովանդակությունից, այլև պատմական փաստերից, այդ պետության և նրա մեծ եղբոր՝ Թուրքիայի ընդհանուր ռազմավարական վերաբերմունքից մեր հանդեպ։ Ի վերջո, իրենց համար ի՞նչ է Հայաստանը, և ինչպիսի՞ Հայաստան են իրենք ուզում տեսնել, եթե որոշել են մեր տարածքով գնալ- գալ։

Տեսնում եմ՝ այս իշխանությունը, ինչպես բոլոր հարցերում, ոչ կոմպետենտ է, այստեղ էլ է այդպես։ Ինչպես ինքն է հախուռն, այդպես էլ իր որոշումները, իր շրջապատը։ Իրենց ներսում էլ քննարկում չկա։ Չէ՞ որ սրանք հարցեր են, որոնք պետք է հասարակական քննարկում անցնեն։ Իսկ իրենք բաբանը զարնելով, պարիսպներ են քանդում ու գնում անհայտություն։ Այս կարգի հարցերը ոչ թե փակ դռների հետևում են որոշվում, այլ տնտեսագետները թող քննարկեն, տրանսպորտի մասնագետները, թուրքագետները, վեր հանեն երկու հարևանի ընդհանուր ազգային կոնցեպտը, իրենց զարգացման ու հարևանների հետ փոխհարաբերությունների պատկերացումները։ Մենք ո՞վ ենք իրենց համար, մենք մի օբյե՞կտ ենք, որից իրենք պիտի հնարավորինս շատ բան կորզեն, թե՞ միջազգային իրավունքի սուբյեկտ, որի շահերը իրենք պետք է հաշվի առնեն։ Ընդ որում, մի ազգ ու պետություն ենք, որի նկատմամբ իրենք պատմական մեղք են գործել, և պետք է հատուցում տան՝ սկսելով գոնե բարոյական հատուցումից, ճանաչումից։