Դու Հուլիոս Կեսա՞րն ես, Գայոս Օկտավիանո՞սն  ես, ո՞վ ես․ Շարմազանովի արձագանքը՝ Փաշինյանին

Դու Հուլիոս Կեսա՞րն ես, Գայոս Օկտավիանո՞սն  ես, ո՞վ ես․ Շարմազանովի արձագանքը՝ Փաշինյանին

Այսօր խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական գերէմոցիոնալ ու «բոցաշունչ» ելույթն ունեցավ, որի դրվագներից մեկում էլ հայտարարություն արեց:

«Հաջորդ խորհրդարանում տեղ են ունենալու միայն ու միայն այնպիսի քաղաքական ուժեր, որոնք աներկբայորեն պաշտպանում են 2018 թվականի ժողովրդական  արժեքները։ Ապագա իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ այն ուժերն են, որոնք կանգնել են և ժողովրդին վերադարձրել են իշխանության, դրանից դուրս որևէ մեկը էս խորհրդարանում տեղ չի ունենալու»,- ասաց Փաշինյանը։

ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովին հարցրինք, թե ինչպես կարող է մեկնաբանել Փաշինյանի այս հայտարարությունը, Շարմազանովը պատասխանեց․

«Հայաստանը վերածվում է նիկոլապետության, այլևս ոչ օրենք է պետք, ոչ ընտրություն է պետք, ոչ մեկ այլ բան, թող ինքը թղթի վրա գրի, թե որ ուժը քանի տոկոս է ստանալու, պրծնենք։ Հա՞, դրա՞ն է տանում Նիկոլ Փաշինյանը։ Ես իրեն պիտի հիասթափեցնեմ, որովհետև Հայաստանում գնալով շատանում է այն քաղաքացիների քանակը, որոնք հիասթափվել են քո իրականացրած հեղափոխությունից, որովհետև դու եկել ես «սեր և համերաշխություն» լոզունգով, բայց հանել ես դագաղներ, որովհետև դու խաբել ես ժողովրդին, դու ասել ես՝ կարմիր գծերը կհանեմ, բայց կրկնապատկել ես, ասել ես՝ տեսախցիկները կհանեմ՝ կրկնապատկել ես։ Ասել ես՝ կուտակային կենսաթոշակները չեղյալ կհամարեմ, ավելացրել ես, ասել ես՝ ժողովուրդը տուգանելու մատերիալ չէ, առավոտից իրիկուն տուգանում ես։ Իմ կարծիքով էլ՝ ապագա խորհրդարանական ընտրություններում հաջողության չեն հասնի նրանք, ովքեր Ալիևին «կիրթ ու կառուցողական» են անվանում, ովքեր տրանսգենդերության քարոզ են անում, ովքեր Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված տրանսգենդեր մարզիկին իրենց պաշտպանության տակ են առնում, ովքեր Արցախի հերոսներին կալանավորում են, ովքեր իրենց անգործությամբ պատճառ են հանդիսացել հարյուրավոր մահերի, և Փաշինյանի այսօրվա «բոցաշունչ» ելույթը մի բանի մասին է խոսում․ արջն իր ահից է գոռում, ինքը խուճապի մեջ է։ Ինքը տեսնում է, որ լինելու է ընդդիմության համախմբում, ինքը տեսնում է, որ այլևս ժողովրդի մի մեծ հատված իրեն չի վստահում, իրենից հիասթափվել է, և ամենակարևորը՝ ով աչք ունի, տեսնում է, որ այս մարդը ներդրում չի կարողանում բերել, աշխատատեղ չի կարողանում ստեղծել, մարդկանց կյանքը ավելի չի լավանում, և ի՞նչ պիտի անի Նիկոլ Փաշինյանը․․․ պետք է իր ոճին համապատասխան խառնակչություն անի։ Սա է նրա գործը»,- արձագանքեց Շարմազանովը։

Բայց չէ՞ որ Փաշինյանն ասում է, որ դուք չունեք ժողովրդի աջակցությունը, և իրեն պետք չէ հանրահավաքով վախեցնել, բա որ ինքը հանրահավա՞ք անի՝ հարցրինք Շարմազանովին:

«Եթե էդքան վստահ էր իր ուժերի վրա, թող հանրաքվեից չհրաժարվեր։ Թող հանրաքվե դներ, տեսնեինք` ժողովորդն իրեն «այո» ասելո՞ւ էր, որ ինքն էդպես մեծ-մեծ խոսում է։ Բա ինչո՞ւ վազելով հանրաքվեն չեղյալ հայտարարեց։ Եթե որևէ մեկն ինձ փորձի համոզել, որ ինքը դա արեց ժողովրդի առողջության համար, ապա չարաչար սխալվում է, որովհետև բոլոր սահմանափակումները հանել է, մարդիկ ազատ շրջում են, շինարարությունը, տրանսպորտը, սրճարանները բաց են, տեղաշարժը բաց է։ Ինքը տապալել է ամեն ինչ։ Իսկ ինչ վերաբերում է նրան, թե ով կլինի պառլամենտում, իսկ ով՝ ոչ, ապա պարզ չէ՞, որ քանի դեռ Նիկոլն ունի բացարձակ իշխանություն, ապա կարևոր չէ, թե ով է հաղթում, կարևոր է, թե ինչպես են հաշվում։ Ինչպես 2018 թվականի ընտրություններին Նիկոլը թույլ չտվեց, որ հանրապետականները լինեն, այնպես որ․․․, եթե այն ժամանակ միայն ՀՀԿ-ն էր խանգարում, ապա այսօր ՀՅԴ-ն է խանգարում, «Բարգավաճ Հայաստանն» է խանգարում, Վանեցյանի կուսակցությունն է խանգարում, Ռոբերտ Քոչարյանն է խանգարում։ Նիկոլ Փաշինյանը մի բան պետք է գիտակցի, որ իր երբեմնի դաշնակիցներն իրեն լքում են, որովհետև տեսնում են, որ իրենք խաբվել են, որովհետև հույս են կապել մի մարդու հետ, որը պետական կառավարման գագաթին այնքան կապ ունի վարչապետ լինելու հետ, ինչքան ես` Յուրի Գագարինի հետ։ Եթե ինքը լավ վարչապետ է, ապա ես էլ Յուրի Գագարինի նման լավ տիեզերագնաց եմ, էլ ինչ ասեմ։

Ժողովրդական երկրների համար անընդունելի հայտարարություն է անում վարչապետի պաշտոնը բռնազավթած անձը, կանգնում` սոցիալական բունտերով է վախեցնում․․․ ընկեր ջան, դու չհասկացա՞ր, որ 3 մլն մարդու վարչապետ ես, որ բոլորի վարչապետն ես։ ՀՀԿ-ին 60 հազար մարդ ձայն է տվել, ՀՅԴ-ին՝ 40 հազար, Ծառուկյանին՝ 100 հազար, այդ 200 հազար մարդուն քշելո՞ւ է Հայաստանից, էդ 200 հազար մարդը Հայաստանում չպիտի՞ ապրեն, կարծիք չպիտի՞ արտահայտեն։

Ու ես սա ասում եմ 2018-ի տվյալներով, հիմա հաստատ շատացել են։ Նիկոլ Փաշինյանը Բերիայի մեթոդներով է փորձում կառավարել, իսկ Բերիայի մեթոդները հավերժ չեն լինում, և այսօրվա իր էմոցիոնալ պոռթկումը խոսում է մի բանի մասին, որ ինքը տապալել է ամեն ինչ, այդ թվում նաև` կորոնավիրուսի դեմ պայքարը։ Այսօր 700-ից ավել դեպք ենք ունեցել, 12 մահ ենք ունեցել, թող դրա մասին խոսի։ Էդ 400 մահը ո՞ւմ խղճին է։ Մեղավորը հենց ինքն է, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարելու փոխարեն ծառից ծառ էր թռնում, կեռաս էր հավաքում։ Ո՞վ  էր իրեն խանգարել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի, որ էսօր էլ մամուլին է մեղադրում։ Բոլոր ընդդիմադիր ուժերը ամիսներ շարունակ կոնսոլիդացիայի կոչ են արել, խորհուրդներ ենք տվել, առաջարկություններ ենք ներկայացրել՝ և՛ մեր քաղաքական ուժը, և՛ Դաշնակցությունը, և՛ Հրանտ Բագրատյանը, և՛ «Հայրենիքը», և՛ «Բարգավաճը»։ Էդ ո՞ւմ վրա է մուննաթ գալիս։ Այդ 400 մահն իր խղճին է, և ինքը պատմության առաջ պիտի պատասխան տա։ Վրաստանի վարչապետը գործով էր զբաղված, ինքն էստեղ ծառի վրա կեռաս էր հավաքում, հիմա էլ եկել պառլամենտում գոռում է՝ «միտինգ կանեք, ես էլ միտինգ կանեմ»։ Դու երկրի վարչապետ ես, էդ ի՞նչ ձև ես խոսում քո ընդդիմախոսների հետ, դու Հուլիոս Կեսա՞րն ես, Գայոս Օկտավիանոս Օգոստո՞սն ես, ո՞վ ես, այսինքն՝ քեզ չի կարելի քննադատել։ Ես էլ ասում եմ՝ ով Ալիևին կիրթ ու կառուցողական է համարում, քաղաքական համակարգում ընդհանրապես պիտի չլինի»,- պատասխանեց Շարմազանովը։