Որքա՞ն է կազմել տնտեսական աճի ցուցանիշը 2019-ին

Որքա՞ն է կազմել տնտեսական աճի ցուցանիշը 2019-ին

Այսօր կառավարության նիստին վարչապետը հայտարարեց, որ վիճակագրական կոմիտեն շուտով կներկայացնի 2019 թվականի տնտեսական աճի արդյունքները, թե որքան ՀՆԱ-ի աճ ենք ունեցել նախորդ տարում։ Որոշ ժամանակ անց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ստանալով թվերը, հայտարարեց՝ 2019 թվականին ՀՆԱ-ի աճը կազմել է 7,6 տոկոս։ Ըստ նախնական տվյալների՝ բացարձակ թվով 6 տրիլիոն 551 միլիարդ 849 միլիոն դրամ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ արդյոք աճը իրենց նախատեսածից շա՞տ է, բայց պարզվեց, որ այնքան է, որքան նախատեսել էին: Դա չխանգարեց վարչապետին, որ հայտարարի , որ վատ ցուցանիշ չէ, և հետաքրքրվեց, թե վերջին անգամ երբ է Հայաստանում նման աճ արձանագրվել: Պարզվեց՝ վերջին անգամ 2000-ականին  է եղել ավելի բարձր աճ:

«Ուրեմն կարող ենք արձանագրել, որ մենք 2019 թվականին, եթե աճը եղել է 7,6 տոկոս, դա նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել, և համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։