Ով` ով է․․․․

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավը թվում է ծավալվելու էր Քաղաքացիական պայմանագրի շուրջ, սակայն անզեն աչքով էլ տեսանելի է, որ գյումրեցիների համար ՔՊ-ի թեման փակ է․ առանց այն էլ ցածր վարկանիշ ունեցող ՔՊ-ն` վարչական ռեսուրսի ակնհայտ չարաշահման պատճառով, մեղմ ասած, ավելի է ընկնում ընտրողի աչքից։ Դրական անձի համարում ունեցող մի քանի ՔՊ-ականների (Դավիթ Առուշանյան, Արթուր Պապիկյան, Կարեն Սարուխանյան, Մուշեղ Մուրադյան) առավելագույն ջանքերը կարող են ամենաշատը ապահովել 3-4 մանդատ իրենց կուսակցության համար։ Ըստ գյումրեցիների, «մեր Սարիկը» ունի մեկ տասնյակի հասնող ազգականներ, ովքեր պաշտոններ են զբաղեցնում իրավապահ մարմիններում։ Չհաշված Սամվել Բալասանյանի մտերմագույն ընկեր, ՇՄ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախկին նախագահ «մեր Սարիկի» քեռի Էդվարդ Մանուկյանին, թոփ տասնյակը գլխավորում է ԱԱԾ ՇՄ վարչության պետ Կամո Ներսիսյանը՝ «մեր Սարիկի» հորաքրոջ տղան։
Մարտի 8-ի առավոտը գյումրեցիների համար սկսվեց տագնապով․ Վարդանանց հրապարակից մինչև քաղաքային այգի, ներառյալ «Շիրակ» մարզադաշտը շրջապատված էր ոստիկանական ուժերով ԱԱԾ աշխատակիցներով, ջրցան մեքենաներով, կտուրները՝ դիպուկահարներով․․․․․ Մարդիկ քննարկվում էին մի քանի վարկած՝ նախորդ օրվա երկրաշարժի կրկնություն, ռումբի տեղադրում տեխնոպարկում, թուրքական արշավանքի վտանգ եւ ի վերջո` Փաշինյանի` Գյումրի ժամանում․․․․ Ճիշտ դուրս եկավ վերջին վարկածը։ Պատկերը տրագիկոմիկական էր․ դրամահավաքի եկած վարչապետին դիմավորեց ողջ իշխանական արսենալը, բայց գոնե մեկ հետաքրքրասեր գյումրեցի ներկա չէր։
Վարչական ռեսուրսն այնքան զբաղված է, որ ժամանակ չունեն քաղաքի խնդիրներով զբաղվելու: Շուրջ 10 օր է` դիմում է մուտքագրված ՆԳՆ Գյումրու ոստիկանության «Մուշի» բաժնում, «Ուռի գունդ» կոչվող տարածքում շների գլխաքանակի կրճատման գործընթացի վերաբերյալ․ ի՞նչ միջոցներով, ի՞նչ պայմաններում, ի՞նչ վարչական գործառույթներով է Երևանի ՀՈԱԿ-ը հայտնվել Գյումրիում և փակ տարածք հայտարարել գյումրեցիների սեփականություն հանդիսացող Բուլվարային 55 հասցեն։ Լռություն է ․․․․
Կամ` ի՞նչ է նշանակում տարածքային նախարարի հայտարարությունը, թե «մեր Սարիկի» ասելով` Շիրակացի փողոցը նորոգելու ծրագիրը կառավարությունը հաստատել է, երբ գրեթե մեկ տարի առաջ «Ապրելու երկիր» կուսակցությունը և ավագանու անկախ անդամ Վարդան Հակոբյանը դիմել էին կառավարություն այդ նույն հարցով։ Սրանք վարչական ռեսուրսի օգտագործման ծաղիկներն են միայն։ Բայց հենց այդ ռեսուրսի օգտագործումն էլ վերջնականապես փակելու է ՔՊ-ի «արհեստական շնչառությունը»։
Հիմա անցնենք այս ընտրությունների իրական խաղացողներին։ Մեկ նախադասությամբ՝ Սերժի թևն` ընդդեմ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի։ Մի կողմից «Իմ հզոր հայրենիք» կուսակցությունը, ում քվեները որոշակիորեն պայմանավորված են «Բալասանյան դաշինքի» ձայներով, «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինքը և «Դեմոկրատական այլընտրանքը», մյուս կողմից` Հայաստանի կոմունիստական կուսակցության միջոցով առաջադրված Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Վերջինիս վարկանիշն ամենաբարձրն է, գյումրեցիների ինքնաբուխ հավաքները և նրան ձայն տալու անթաքույց կողմնորոշումը նաեւ երաշխիք կդառնան առաջիկայում նախկին քաղաքապետի անձի «անձեռնմխելիությունն» ապահովելու հարցում։ Նրա փորձնական ձերբակալությունը` ապօրինի զենքի պատրվակով ապաշնորհ «օպերացիա» էր, ինչը Ղուկասյանի հանդեպ համակրանքի աճին նպաստեց եւ հիմա զգուշանում են նրա հետ մուկն ու կատու խաղալու սցենարից։
«Ապրելու երկիր»-ը գյումրեցիների կարծիքով միակ իրական ընդդիմությունն է, որի հեղինակությունը մի պահ սասանվեց, երբ «Բալասանյան դաշինք»-ը սկսեց բանակցել կուսակցության հետ, բայց ի պատիվ վերջինիս այդ միությունը չկայացավ․․․
«Եվրադաշինքը» գրեթե աղերս չունի Գյումրու եւ գյումրեցիների հետ, միակ կապը Լեւոն Բարսեղյանն է, Արմեն Սարգսյանն ու Արման Բաբաջանյանը մի երկու ռեստորան-սրճարանից բացի այլ բան չգիտեն մեր մասին։ «Մայր Հայաստանն» առատորեն ծախսում է` հանրահռչակվելու և ճանաչելի դառնալու համար։ Ոչ ավելին․․․
Եվ այսպես՝
Գյումրին միտինգ անող չէ․․․
Գյումրին խաբվող չէ․․․
Գյումրին իրական, անկեղծ սիրո է արժանի ։
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի
Կարծիքներ