Հրահանգ է իջեցվել Արցախ բառը չարտաբերել․ Փաշինյանը 19 անգամ ասաց Լեռնային Ղարաբաղ

Հրահանգ է իջեցվել Արցախ բառը չարտաբերել․ Փաշինյանը 19 անգամ ասաց Լեռնային Ղարաբաղ

Հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե շատ կարեւոր գործ է անում՝ հանրայնացնելով Ադրբեջանի իշխանությունների հրեշավոր պլանները՝ Արցախը էթնիկ զտումների ենթարկելու ուղղությամբ։ Հնարավոր է, որ նա մտածում է, որ միջազգային հանրությունը տեղեկացված չէ, թե ինչ է կատարվում Արցախի հետ եւ Արցախի շուրջ եւ իր գլխավոր գործը, ինչպես տարիներ առաջ՝ խմբագրի պաշտոնում, իրազեկելն է, իրականությունը աշխարհին ներկայացնելը։ Հնարավոր է նույնիսկ, որ կարծում է, թե դրանով ինչ որ կերպ զսպելու է Ադրբեջանի ախորժակը՝ ցույց տալով, որ մենք տեղյակ են քո պլանների մասին եւ աշխարհին էլ ներգրավելու ենք այդ պլանները ձախողելու գործին։ Անգամ եթե մի քիչ էլ հեռուն գնանք ու մեր երեւակայությանը եւ լավատեսությանը զոռ տանք՝ գուցե իսկապես այդ իրազեկումն ինչ որ արդյունքների հանգեցնի։ Բայց մի փաստ, այնուամենայնիվ, խոսում է այն մասին, որ սա անզորի, խեղճի, թույլի քայլեր են, որոնք ոչ մի արդյունք էլ չեն տալու։ Եւ գիտեք ինչո՞ւ․

Թեկուզ միայն այն պատճառով, որ մենք ամեն ինչում զիջել ու ընդառաջել ենք ագրեսորին, ամեն ինչում գնացել նրա քմահաճույքին ու ախորժակին ընդառաջ։ Եւ դրա մասին է խոսում ոչ թե այն, որ ստորագրել ենք՝ ինչ մեզ պարտադրել են, տվել ենք այն, ինչ մեզնից ուզել են, այլ անգամ խոսքի մակարդակով ենք ենթարկվել նրանց։

Երբ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի իր կարճ խոսքում, որով փորձում էր միջազգային եւ սեփական հանրությանը իրազեկել Ադրբեջանի հրեշավոր ծրագրերի մասին, ուղիղ 19 անգամ օգտագործում է Լեռնային Ղարաբաղ տերմինը եւ ոչ մի անգամ չի համարձակվում ասել Արցախ, այն դեպքում, որ երկրորդ հայկական պետության սահմանադրությամբ պետության պաշտոնական անվանումը Արցախ է, խոսում է այն մասին, որ ի սկզբանե տանուլ տված խաղ է սա։ Խոսում է այն մասին, որ ՀՀ վարչապետն անգամ խոսքի մեջ չի համարձակվում հակառակվել Ադրբեջանին եւ Արցախ բառը գեթ մեկ անգամ օգտագործել։

Ի դեպ, նման հրահանգ է իջեցվել բոլոր ՔՊ-ական պաշտոնյաներին ու պատգամավորներին։ Նախօրեին մի, իբրեւ թե, անկախ կառույցի ներկայացուցիչ աղերսում էր մեր լրագրողին, որ իր պատասխանների մեջ հանկարծ չգրենք Արցախ բառը, այլ գրենք Լեռնային Ղարաբաղ։
Թե երբվանից եւ ինչու այս տերմինը դարձավ այդքան սկզբունքային եւ ինչու է Ադրբեջանը համառորեն պահանջում, որ ասվի Լեռնային Ղարաբաղ, այլ ոչ թե Արցախ եւ հատկապես՝ թե ինչու է ՀՀ իշխանությունը ենթարկվում այդ պահանջին, թերեւս պետք է հարցնել իրենց։ 
Բայց ակնհայտ է, որ խոսքի մեջ անգամ ստրուկի հնազանդություն դրսեւորող իշխանությունը չի կարող պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը։ Պարզ է, որ սրանք արդեն հաշտվել են Ադրբեջանի ու Ալիեւի հլու կամակատարը լինելու ստորացուցիչ դերի հետ եւ մի ամբողջ ժողովրդի էլ փորձում են հաշտեցնել։