Մեղքը ձերն է, հասարակության վրա մի գցեք
Երեկ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում իրենց թերացումների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իրենք հույս էին դրել մեր «հարենակիցների պատասխանատվության գործոնի» վրա, այսինքն՝ կարծել են, թե քաղաքացիներն այդ կանոնները պահպանելիս դա կանեն, քանի որ անում են ոչ թե կառավարության, ոչ թե վարչապետի, ոչ թե պետական մարմնի, այլ առաջին հերթին իրենք իրենց եւ իրենց հարազատների համար։ Այսինքն, իրենք «չափից մեծ վստահություն ենք տածել» մարդկանց պատասխանատվության հանդեպ։ Սա էր վարչապետի ասածը։
Բայց մի՞թե մարդիկ են մեղավոր եւ նրանց պատասխանատվության ցածր զգացումը։ Փաստորեն, իշխանությունը փորձում է մեղքը նորից դնել հասարակության վրա՝ իշխանությունը, պետությունը ոչնչով մեղավոր չէ։
Նախեւառաջ մեղավոր են նրանով, որ այդ անպատասխանատու, անփույթ վերաբերմունքը վիրուսի հանդեպ հենց իրենք ձեւավորեցին։ Համառ ու հետեւողական ջանքերի շնորհիվ։ Հանրաքվեի քարոզարշավ, հումոր եւ հեգնանք, իբր հպարտ հայտարարություններ, առանց դիմակի ժողովներ եւ կերուխումեր։ Ո՞ր մեկը թվարկենք։
Մեղավոր են նրանով, որ ժամանակին չդադարեցրին Ռայն-էյր-ի չվերթները։ Ասում էին՝ վախենում են հարաբերությունները փչացնել լոուքոստերի հետ, որն իրենց երկու տարվա աշխատանքի թագնուպսակն էին համարում։ Գոնե դրսից ժամանած ինքնաթիռների ուղեւորներին ժամանակին չմեկուսացրին եւ չապահովեցին վարակի լոկալացումը։
Մեղավոր են նրանով, որ արտակարգ դրությունը հայտարարեցին, ապա, ըստ էության, հանեցին՝ վարակի ամենամեծ տարածման փուլում։ Տնտեսությունն ու հարկային եկամուտները նախընտրեցին մարդկանց կյանքը փրկելուց։
Մեղավոր են նրանով, որ արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ արգելեցին մեզ գրել վիրուսի մասին եւ հատուկ պատիժ մտածեցին «խուճապ տարածող» լրատվամիջոցների համար։ Եվ մեզ զրկեցին այդ վարակի իրական պատկերը ներկայացնելուց։ Ավելին՝ ցանկացած հրապարակում, որտեղ խոսվում էր հիվանդության, դրա հետեւանքների, թեստավորման, հիվանդանոցների, բուժման մասին, պարետատան կողմից կարգադրում էին հանել կամ տուգանում էին մեզ։ Իսկ առողջապահության վնասարար նախարարությունն ամեն ինչ անում է, որ մենք չկարողանանք լուսաբանել այս գործընթացը՝ բավարարվենք իրենց «լավատեսական» լուրերով։
Մեղավոր են նրանով, որ թեստերի համապատասխան քանակ չբերվեց Հայաստան, հիմնավոր չպատրաստվեցին։ Բուժանձնակազմը, որը զբաղվում է կորոնավիրուսի բուժմամբ, ո՛չ բավարար հանդերձանք ունի, ո՛չ բավարար վարձատրություն է ստանում դրա դիմաց։
Մեղքերի շարքը շարունակելի է, եւ դրան պետք է ավելացնել նաեւ այն թեթեւամտությունը, ֆեյսբուքամոլությունը, ինտրիգներն ու միսկրծոցին, որ տիրում են իշխանության ներսում։
Կարծիքներ