Ծիծեռնակաբերդի հրդեհը, նախագահ Սարգսյանի պլաններն ու երեւանցիների կասկածները

Ծիծեռնակաբերդի հրդեհը, նախագահ Սարգսյանի պլաններն ու երեւանցիների կասկածները

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրին հարակից անտառում բռնկված հրդեհի  հասցրած վնասի չափը դեռ ամփոփված չէ: Հայտնի է միայն, որ 21 հա խոտածածկ տարածք է այրվել: Դեռ հաստատված չէ հրդեհի պատճառը: ԱԻՆ մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը, պատասխանելով մեր հարցին, տեղեկացրեց, որ նախարարությունը մինչ այս պահը չունի տեղեկություն, թե արդյոք հարակից ռեստորաններում պայթեցված հրավառությո՞ւնն է եղել հրդեհի պատճառը, թե՞ այլ պատճառ կար: Ոստիկանությունն էլ այս հարցով չի զբաղվում, չնայած, կարծես թե, հենց այս մարմինը պետք է բացահայտեր դեպքը: 

Եվ ահա՝ այս անորոշության մեջ հանկարծ, հրդեհից ընդամենը 5 օր անց, Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը վերհիշում է Ծիծեռնակաբերդում «Հայ պարկ» ստեղծելու իր նախաձեռնության մասին ու հայտարարում, որ այն քննարկել է ճարտարապետ Անահիտ Թարխանյանի հետ: «Զրուցակիցները կարեւորել են այգու ստեղծման նշանակությունն ինչպես համազգային հիշողության պահպանման եւ համահայկական միասնականության, այնպես էլ մայրաքաղաքի համար բնապահպանական տեսանկյունից»,- ասված է նախագահականի տարածած հաղորդագրության մեջ: 

 Արմեն Սարգսյանի այս գաղափարը նոր չէ: Դեռ ապրիլին «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցում նախագահն ասել էր. «Եթե Եղեռնի հուշարձանից նայեք մինչեւ «Հրազդան» մարզադաշտ, կտեսնեք հսկայական տարածություն, որը, եթե չեմ սխալվում, մոտավորապես 103 հեկտար է։ Այդ տարածքը մշակված չէ, իսկ մեր քաղաքը մեծ այգու կարիք ունի։ Առաջարկում եմ ստեղծել համազգային այգի, որը կսկսվի Եղեռնի հուշարձանից անմիջապես հետո եւ կձգվի այդ 103 հեկտարով»։ Նա նաեւ կարեւորել էր, որ այգին մնա այգի, այլ չդառնա ռեստորանների շարք: 

Եվ ահա, այս խառը իրավիճակում, առանց սպասելու, որ հրդեհի հանգամանքները պարզաբանվեն, երբ դեռ փարատված չեն հանրության կասկածները, թե Ծիծեռնակաբերդի անտառը միտումնավոր են այրել, նախագահը կրկին խոսում է «Հայ պարկի» մասին /անվանումը հիշեցնում է անգլիական «Հայդ պարկը», անթաքույց է մեր նախագահի սերն առ այդ երկիր- Ս.Ս./: 

Արդյոք ժամանա՞կն էր Ծիծեռնակաբերդի տարածքում իրացնելու այդ ծրագիրը, երբ հրդեհից հետո երեւանցիները դեռ ուշքի չեն եկել: Այս հարցին ճարտարապետ Անահիտ Թարխանյանը հարցով պատասխանեց. «Իսկ Դուք ինչի՞ց եք նեղվել որ»: Նա խոստացավ կես ժամից խոսել մեզ հետ, սակայն այլեւս չվերցրեց հեռախոսը: 

Ծիծեռնակաբերդի վերաբերյալ գեղեցիկ, լավ կամ վատ քողարկված բիզնես-ծրագրեր վերջին 20 տարում շատ են եղել՝ է՛լ ռեստորանային գոտի, է՛լ բոուլինգ-կենտրոն, է՛լ սաունաներ ու լողավազաններ են ցանկացել այստեղ կառուցել:

Նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի սիրելի «Ակոռի» ռեստորանը կառուցվեց, հանրության կարծիքին դեմ գնալով: 2009 թվականի հունիսի 25-ին, երբ Վրաստանի նախագահ Սահակաշվիլին այցելեց Ծիծեռնակաբերդ, պետական արարողակարգային այցի ժամանակ «Ակոռիում» հարսանիք էր, ավանդական «տաշի-տուշի»-ով: Երևի, Սահակաշվիլին մտածեց, որ այսպես իրենց պատմական հիշողությունն ու սրբավայրերը չհարգել կարող են միայն հայերը: 

Որոշ ռեստորանների հետ պետությունը կարողանում էր պայմանավորվել: Ժամանակին «Հավանա» ռեստորանն էր մտել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տարածք, որի համար գումար էր մուծում: 
2007 թվականին այս տարածքի վրա աչք էին դրել մի շարք պաշտոնյաներ, որոնք «ապրիորի» արդեն բաժանել էին փոքր բլուրը, որտեղ հնավայրն է գտնվում: Նրանց թվում էր ՀՀ գիտությունների ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը: Դա այնքան անթաքույց էր, որ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի այն ժամանակվա տնօրեն Հայկ Դեմոյանը ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին հրավիրեց տարածք եւ տեղեկացրեց, որ իրեն ստիպում են բլուրը «տալ»: «Սերժ Սարգսյանն ինձ ի պատասխան հարցրեց՝ կարա՞ս պահես, ես ասեցի՝ աչքիս վրա: Դա է եղել փրկությունը Ծիծեռնակաբերդի»,- հիշում է Հայկ Դեմոյանը:

Տարիներ շարունակ պատմաբան Դեմոյանի օրը սկսվել է Ծիծեռնակաբերդի տարածքում տեղի ունեցած ինչ-որ պատահարներով ու արտառոց դեպքերով: «Չարտոնված ծառահատումներ էին տեղի ունենում, մե՛կ մարդ էր կախվում անտառում, հրդեհներ էին լինում»,- պատմում է  նա:  

Հայկ Դեմոյանը հիշում է, որ 2012-2013 թվականներին, երբ նախագահ Արմեն Սարգսյանն Անգլիայում ՀՀ դեսպանն էր, թագուհու լանդշաֆտային դիզայներին էր ուղարկել Ծիծեռնակաբերդ: «Դեռ այն ժամանակից կար «Հայպարկի» գաղափարը: Մի անգամ էլ հեռախոսազրույց ունեցանք այդ թեմայով: Հանրային հանգստի վայր պետք է լիներ, հեծանվային ուղիներով, տարբեր պատմամշակութային վայրեր խորհրդանշող գոտիներով»,- ասում է Հայկ Դեմոյանը: Բայց հանրային մեծ աղմուկ բարձրացավ, եւ իշխանությունը սառեցրեց այդ ծրագիրը։

Ցեղասպանության ինստիտուտի նախկին տնօրենը չի կարծում, որ հրդեհը միտումնավոր են արել: Ավելի հավանական է համարում, որ նոր տնօրինությունը որոշել է տարածքը ջրելու համար նախատեսված գումարը տնտեսել: «Հենց հրդեհի օրն անցել եմ այդ տեղով ու մտածել եմ, որ խոտը շատ չոր է, կարող է բռնկվել: Ոռոգման համար շատ մեծ գումար է գնում»,- ասում է Հայկ Դեմոյանը:

Նա նկատել է, որ իր պաշտոնից հեռանալուց հետո դեպի Ծիծեռնակաբերդ բարձրացող ճանապարհի աջ կողմում նոր ռեստորան են կառուցել, եւ, փաստորեն, նոր տնօրենը ոչինչ չի արել այդ օբյեկտի շինարարությունը կանխելու համար:

«Գլխավոր մայրուղուց, որտեղ նախագահական կորտեժներն են անցնում, դեպի աջ, անմիջապես մուտքի մոտ բազմոցներով շքեղ ռեստորան են կառուցել, որն անվտանգության խնդիր է սստեղծելու պետական այցերի ժամանակ: Ժամանակին, երբ այդտեղ ուզում էին ռեստորան կառուցել, ես ասել եմ, որ եթե դեպք լինի, ու վնասվի պաշտոնայցի շարասյան առաջին եւ վերջին մեքենան, ճանապարհն էլ փակ լինի, դրանք չեն կարողանա դուրս գալ, կհայտնվեն թակարդի մեջ: Այն ժամանակ ռեստորանի շինարարությունն արգելեցին»,- նշում է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենը: 

Հրդեհի հաջորդ օրն իսկ թանգարանի տնօրինությունը լալահառաչ տեքստ տարածեց այն մասին, որ իրենք ամեն տարի մեծ ծավալի աշխատանքներ են կատարում ու այս տարի էլ են «ճանապարհների ու արահետների մերձակա տարածքներում առկա փարթամ խոտը հնձել ու տեղափոխել»: «Սակայն ոռոգման համակարգը հին է, իր ներկա վիճակով ի վիճակի չէ կատարելու իր վրա դրված գործառույթները»: Հայկ Դեմոյանը վստահեցնում է, որ ինստիտուտի տնօրինությունը ապատեղեկացնում է հանրությանը:  


«Իրականում նման բան չկա: Սերժ Սարգսյանի հանձնարարականով, 2009-2010 թվականներից հետո ջրագծերի խտացում եւ օպտիմալացում եղավ: Այսինքն, հրդեհված հատվածի ոռոգման համակարգի վերջին փոփոխությունը եղել է ընդամենը 10 տարի առաջ: Կա պայմանագիր ու քարտեզ: Միտումնավոր ապատեղեկատվություն են տարածում, որ իրենց մեղավորությունը կոծկեն»,- պատասխանեց Հայկ Դեմոյանը: 

Ի դեպ, Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը լուծում է առաջարկում, հղում կատարելով նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկին։ Այն է․ «Ծիծեռնակաբերդն արդի պահանջներին համապատասխանեցնել, որպեսզի զբոսայգին իրոք դառնա կանաչ տարածք, կատարի «քաղաքի թոքերի» գործառույթը»: «Դեռեւս անցյալ տարվա գարնանը ՀՑԹԻ-ն հանդես էր եկել Ծիծեռնակաբերդը «Հիշողության զբոսայգու» վերածելու առաջարկով։ Այս տարվա ձմռանը ՀՀ նախագահը թարմացրեց տարիներ առաջ իր պատրաստած առաջարկը՝ զբոսայգին «Հայ պարկի» վերածելու մասին։ Ներկայում կառավարական շրջանակներում քննարկումներ են գնում խնդրի կենսագործման ձեւերի ու ճանապարհների ուղղությամբ, եւ վստահ ենք, որ կգտնվեն ճիշտ լուծումներ»,- հաղորդում է ինստիտուտը: Դե արի, երեւանցի, ու մի կասկածիր, որ հրդեհը միտումնավոր էր եւ սարքված էր մեզ ապացուցելու համար, որ պետությունն այլեւս չի կարողանում պահել Ծիծեռնակաբերդը անտառով, խոտածածկ տարածքով հանդերձ, որ այն բեռ է դարձել Երևանի համար եւ այն պետք է տալ ուրիշ տերերի, օրինակ, շուտափույթ կերպով դնել Արմեն Սարգսյանի ծրագրի տակ, որը իրականում տարածքը զավթելու, հերթական բիզնես-պլաններն այստեղ իրագործելու նպատակ ունի:

ՀԳ․ Ուշագրավ է, որ այս բիզնես-նախագիծն Արմեն Սարգսյանը սկսել է առաջ մղել հենց կորոնավիրուսի այս շրջանում։ Իսկ գուցե սա ընդամենը իր պահվածքի «վարձատրությո՞ւնն» է՝ օրենքները ստորագրելու կամ չստորագրելու դիմաց։