«Հրապարակ»․ Ավելի մեծ զավեշտ, քան Աննայի կողմից վստահելի լրագրող լինել, չի կարող լինել

«Հրապարակ»․ Ավելի մեծ զավեշտ, քան Աննայի կողմից վստահելի լրագրող լինել, չի կարող լինել

Նիկոլ Փաշինյանը կինը՝ Աննա Հակոբյանը, հիմա էլ որոշել է թիրախավորել լրագրողական համայնքին: Հավանաբար` այն բանից հետո, երբ լրագրողները մերժել էին հանդիպել նրա հետ, Հակոբյանը որոշել է հիմա էլ որակումներ տալ լրագրողներին: Ակնհայտ է, որ Աննա Հակոբյանն ու իր ամուսինը լրագրողներին գնահատում են իշխանությանը լոյալ լինելու չափանիշով: Այս զույգի համար լավ լրագրողի օրինակը Civic.am-ի լրագրողներն են, իսկ ազատ լրագրողները նրանց կոկորդին մնացած փշի են նման: Այդ պատճառով Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջում մենք պարբերաբար գրառումներ ենք նկատում՝ լրագրողների մասին: Այս անգամ նա գրում է.

««Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է. էլ հայհոյանք, էլ զրպարտություն, էլ ափաշկարա սուտ, էլ չարախոսություն, կեղծավորություն։ …պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին… միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի»։

Հովհաննես Թումանյան

Իմ վերջերս հրապարակած հարցումը նպատակ ունի Հայաստանում բացահայտել այն լրագրողին, ով արժանացել է հանրային վստահությանը ճշգրիտ, արդար և ազնիվ աշխատանքի շնորհիվ։ Եվ ցավով արձանագրում եմ՝ քվեարկության ընթացքից երևում է, որ անգամ այսպիսի պարզ ու հասարակ հարցումը ընկալվում է որպես հերթական պատեհ առիթը՝ «թայֆաներով» աշխատելու համար։ «Կրթվելը նորաձև է» շարժման նպատակը հենց այս իրականությունը փոխելն է։ Որովհետև երբ կրթվելն ու ինքնազարգացումը դառնում են հանրային օրակարգ, «թայֆայական» մտածողությունը տեղի է տալիս ազնիվ մրցակցությանն ու արժանավորին ճանաչելու կարողությանը։ Խնդրում եմ հարցմանը մասնակցելիս լինել անկեղծ, նշել անուններ առանց ձեր և ուրիշների վստահությունը վաճառելու»։

Քաղաքական գործիչ, նախկին լրագրող Նաիրա Զոհրաբյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով Աննա Հակոբյանի հայտարարությանն ու լրագրողների հասցեին  գնահատականներ հնչեցնելուն, ասում է. «Ես տարիներ առաջ Շվեդիայում էի: Այնտեղ կար մի կուսակցության ղեկավար, որը շատ նման էր Աննա-Նիկոլ դուետին՝ իր տրյուկներով, մանիպուլյացիաներով, լեքսիկոնով և այլն: Լրագրողները, տեսնելով այդ զույգի պահվածքը, որոշում կայացրին, որ բոլոր լրատվամիջոցներն անխտիր չպետք է լուսաբանեն այդ ուժին: Հայաստանում իրավիճակն այլ է: Նիկոլ Փաշինյանն ու Աննան Հակոբյանն այնպիսի քայլեր են անում, որ դրանց մասին հրապարակումներ չանելը կարող է ոչ պրոֆեսիոնալ լինել: Նիկոլ Փաշինյանը, լինելով «Կրթվելը նորաձև է» կրթարշավի սան, բոլորովին վերջերս ուղիղ նայելով գեներալ Սեյրան Օհանյանին, երկու անգամ, ենթադրաբար, Սեյրան Օհանյանին անվանեց «համբալ», չգիտեմ ում սպառնաց գցել ԱԱԾ-ի նկուղ՝ ոտքից կապած, այլ մեկին սպառնաց՝ կտրել վիզը և այլն: Այսպիսով մենք արձանագրում ենք, որ «Կրթվելը նորաձև է» կրթարշավի սանն ու բանախոսն ունի լուրջ վարքային խնդիրներ: Նկատենք, որ «Կրթվելը նորաձև է» ստենդափները վերածվում են աղանդավորական հավաքների: Մենք տեսնում ենք, որ աշխատում են հստակ, տոտալիտար աղանդավորական սեկտաների կոդեր, անգամ ներկաները չեն էլ լսում, թե ինչ են ասում բանախոսները, սակայն նստած տեղերում երջանկությունից վրնջում են: Սա հստակ ծրագիր է, հստակ ծրագրված, որը հրահանգել են նրանց դրսի խամաճիկավարները: Նրանք ամեն գնով փորձելու են 2026 թվականին իշխանությունը զավթել, որպես տոտալիտար աղանդ: Ես` որպես լրագրող, երկար ժամանակ զբաղվել եմ տոտալիտար սեկտաներով և նույնիսկ մի քանի անգամ կարողացել մի քանի սեկտաներ մուտք գործել…. այս զույգը շատ հաճախ վիրավորում է ներկաներին, տարատեսակ արտահայտություններ անելով, սակայն նրանք այնպիսի հիպնոսի տակ են, որ վիրավորվելու փոխարեն հրճվում ու վրնջում են: Այս ամենն ինձ հուշում է, որ Նիկոլ-Աննա դուետը նման աղանդների միջոցով փորձելու է զավթել իշխանությունը: Նիկոլ Փաշինյանի հիմնական սկզբունքը «Բաժանիր, որ տիրես»-ն է: Նա դագաղների իշխանափոխություն արեց, պառակտեց ընտանիքներ, անգամ ես իմ մերձավոր հարազատներից ոմանց հետ չեմ կարողանում շփվել, մի րոպեից ավելի չեմ կարողանում նրանց ներկայությունը հանդուրժել, հավանաբար, նրանք էլ` իմը: Գալու է ժամանակը, որ սրանք դատաստանի առաջ են կանգնելու, ոչ միայն Արցախի հանձնման համար, այլև որպես աղանդավորական գուրուներ: Ես շատ երկար եմ ուսումնասիրել այն սխեման, թե ինչպես են անձին անասուն, զոմբի, մոլախոտ սարքում տոտալիտար աղանդները: Սրանք դատվելու են հանրությունը կազմաքանդելու համար: Հիմա էլ փորձում են ձեռքները գցել լրագրողներին, պղծել լրատվամիջոցները: Ավելի մեծ զավեշտ, քան Աննայի կողմից վստահելի լրագրող լինելն է, չի կարող լինել: Կան մարդիկ, ովքեր սրանց վաղուց լուրջ չեն վերաբերվում, շատերն ասում են, որ սրանք հիմար են, բայց ոչ, սրանք հիմար չեն, սրանք կարողացան կազմաքանդել մեր հանրությունը»,- նշեց Զոհրաբյանը: