ԱՄՆ դոմինանտությունը Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում

ԱՄՆ դոմինանտությունը Սիրիայում եւ Մերձավոր Արեւելքում

Սկիզբը՝ նախորդ համարում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր դեկտեմբերի 8-ի՝ Սիրիայի իրադրության վերաբերյալ ելույթում եթե անգամ չնշեր էլ, բոլորին տեսանելի է, որ Ուկրաինայում ռազմական եւ տնտեսական ահռելի ռեսուրսների վատնումը, միջազգային տնտեսական-ֆինանսական պատժամիջոցների ներքո հայտնվելը, ավելի քան 600 հազար զինվորականի կորուստը՝ որպես վիրավոր կամ զոհված, Ռուսաստանին ռազմական առումով այնպես են թուլացրել, որ Ռուսաստանը 2015-ի դերակատարումը Սիրիայում ունենալ այլեւս ի զորու չէր եւ չունեցավ։ Դրա համար չկային ռեսուրսներ։ Բայդենն իրավամբ կարող է արձանագրել, որ իր իշխանության չորս տարիներին Միացյալ Նահանգները կարողացավ ոչ միայն Պյոտր Մեծի բացած պատուհանը դեպի Եվրոպա գրեթե փակել, Շվեդիայի 300-ամյա չեզոքությունը խախտել եւ ՆԱՏՕ-ի ուժերը դաշինքի հյուսիսային թեւում կանգնեցնել Ռուսաստանի սահմանին՝ ավելի մոտենալով Սանկտ Պետերբուրգին, քան Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ հեռավորությունն է։ Ի հավելումն եվրոպական մայրցամաքում դարակազմիկ այդ տեղաշարժի՝ Ասադի ռեժիմի տապալման արդյունքում Ռուսաստանը հեռանալու է նաեւ Մերձավոր Արեւելքից, որովհետեւ հազիվ թե Սիրիայի հաջորդիվ կազմավորվող որեւէ իշխանություն թույլ տա Ասադի դաշնակից Պուտինին եւ Ռուսաստանին՝ ռազմական բազաներ ունենալ Սիրիայի ջրային կամ ցամաքային տարածքներում։ Ռուսաստանի մեկընդմիշտ հեռանալը Մերձավոր Արեւելքից Բայդենի վարչակազմը երաշխավորեց։ 

Իրանի մասով նույնպես, եթե անգամ նախագահ Բայդենը չնշեր, դարձյալ արեւի լույսի պես տեսանելի է ու հասկանալի, որ Սիրիայում Ասադի իշխանության փլուզումը նշանակեց Իրանի հեղափոխության պահապանների գնդի al-Quds ուժերի եւ անձամբ Քասեմ Սոլեյմանիի քսանամյա ջանքերի արդյունքում ձեւավորված պրոիրանական շիա խմբավորումների Դիմադրության առանցքի չեզոքացում։ Սիրիայում ֆիզիկական ներկայության կորուստը Իրանի համար հեռանկարում անշրջելիորեն նշանակում է ազդեցության մեծ կրճատում Լիբանանում, Պաղեստինում, Եմենում, վերջնահաշվում՝ ողջ Մերձավոր Արեւելքում։ 

Մնում էր իրեն տարածաշրջանային գերտերություն երեւակայած Թուրքիան, որին էլ Միացյալ Նահանգները խիստ արտահայտիչ եւ պատկերավոր, Ասադի ռեժիմի տապալվելուն համարյա համընթաց ցույց տվեց իր տեղը։ Բայդենի ելույթից ժամեր առաջ ԱՄՆ-ն իրականացրել էր յոթ տասնյակից ավելի հրթիռային հարվածներ ISIS-ի թիրախների դեմ, ինչի մասին ԱՄՆ նախագահն իր ելույթում հայտնեց։ Իսկ ելույթից քիչ անց տարածվեց ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM)-ի գլխավոր հրամանատարի հայտարարությունը, որում, ի թիվս այլնի, բառացիորեն ասվում էր․ «Սիրիայում բոլոր կազմակերպությունները պետք է գիտակցեն, որ մենք իրենց պատասխանատվության կենթարկենք, եթե համագործակցեն կամ որեւէ կերպ աջակցեն ISIS-ին» (All organizations in Syria should know that we will hold them accountable if they partner with or support ISIS in any way)։ 

Ի՞նչ էր դա նշանակում եւ ինչո՞ւ էր համարժեք Թուրքիային իր տեղը ցույց տալուն կամ Իրանի ու Ռուսաստանի նմանությամբ չեզոքացնելուն։ Թուրքիան Սիրիայում հետապնդում է, նախ, մի օրինական ու օրինաչափ նպատակ, որն ընդունելի է եւ արժանի աջակցության․ դա այն է, որ Սիրիայում հաստատվեն խաղաղություն, քաղաքացիական համերաշխություն, որպեսզի Թուրքիայում ապաստանած 3 միլիոն սիրիացի գաղթականները կարողանան վերադառնալ հայրենիք, Թուրքիայի տեղական իշխանությունները, տնտեսությունը, բյուջեն միլիոնավոր գաղթականներ պահելու ծանրությունից ազատվեն։ Սակայն դրանից այն կողմ Թուրքիան արդեն մեկեւկես տասնամյակ խառնվում է Սիրիայի գործերին հիմնականում նրա համար, որ այնտեղ չեզոքացնի քրդական YPG-ին, որի քաղաքական տանիքը Սիրիայի ժողովրդական ուժերն են։ 

Սակայն YPG-ն ԱՄՆ-ի ձեռքերն են Սիրիայում, որոնց միջոցով ԱՄՆ-ն պայքարեց եւ գործնականում ոչնչացրեց  ISIS-ին։ Պարզ է, որ YPG-ի դեմ որեւէ գործողություն ԱՄՆ-ն մեկնաբանելու է որպես ISIS-ին աջակցություն, ինչի համար էլ ISIS-ի դեմ հարվածներով եւ CENTCOM-ի հայտարարությամբ անսքող եւ հրապարակային Թուրքիային զգուշացվում էր, որ YPG-ն, որպես ԻՍԻՍ-ի դեմ հարվածային ուժ, ԱՄՆ պաշտպանության ներքո է, եւ YPG-ի դեմ չի կարող ոտնձգություն լինել։ Սակայն դա ամբողջը չէ։

YPG-ն ֆիզիկապես վերահսկում է Սիրիայի հյուսիս-արեւելքը եւ արեւելքը, որտեղ նավթի պաշարներն են։ Ասում են ՝ԱՄՆ-ն հենց այդ նավթի պաշարների իրացումով էլ ֆինանսապես պահում էր YPG-ի կառույցները, բայց մյուս կողմից էլ Ասադի իշխանությանն էր զրկել նավթի հասանելիությունից, ինչն էլ ի վերջո դարձավ քաղաքացիական ծառայողներին, առավել եւս՝ զինվորականներին վճարելու անկարողություն, եւ վերջնահաշվում, երբ ապստամբները նոյեմբերին սկսեցին իրենց հարձակումը, հոգնած ու աշխատավարձ էլ չստացող Ասադի զինվորականներն առանց մի դիմադրության զենքերը վայր դրեցին։ Նրանք պատճառ կամ մոտիվացիա չունեին՝ Ասադի  իշխանությունը պաշտպանելու։

ԱՄՆ տնտեսական պատժամիջոցներին այդպիսով գումարվեց Սիրիայի բնական հարստությունների շահագործման արգելափակումն Ասադի իշխանության համար։ Նման համակցությունը տարիների ընթացքում այնպիսի տնտեսական ճնշում ու ֆինանսական դեֆիցիտ գեներացրեց, որ Ասադին դարձրեց անպաշտպան ու լքված անգամ սեփական ծառայողների եւ զորքերի կողմից։ Ներկա պահին Ասադին փոխարինած ալ-Ջոլանին էլ երբ ճիշտ մտադրություններ է բարձրաձայնում Սիրիայի ապագայի, էթնիկ եւ կրոնական խմբերի հավասարության եւ այլնի  վերաբերյալ, այդտեղ, վստահաբար, դեր է կատարում եւ այն, որ ալ-Ջոլանին էլ կարող է Ասադի նման ֆինանսապես ձեռնունայն մնալ եւ տապալվել, եթե ճիշտ մտադրություններով չառաջնորդվի եւ դրանք գործողությունների չվերածի։ 

ԱՄՆ տնտեսական եւ ռազմական այդ ներկայությունն ու դոմինանտությունը գործուն երաշխիք են, որ Սիրիայում գնան բնականոն հասարակական վերափոխման, տարբեր խմբավորումների հաշտեցման, նոր իշխանությունների ընտրության եւ ձեւավորման քաղաքական գործընթացներ։ Ընդսմին, դժվար է պատկերացնել, թե այդտեղ լինի Ռուսաստանի, Իրանի կամ Թուրքիայի շոշափելի ազդեցություն, որքան էլ Թուրքիան մի քանի օր սնամեջ լրատվական քարոզչությամբ փորձում էր տպավորություն ստեղծել, թե Ասադի տապալումով Սիրիայում Անկարան ազդեցություն է ձեռք բերել։ Վաշինգտոնից, Սպիտակ տնից շատ ցուցադրաբար բացատրեցին Թուրքիային, որ Միացյալ Նահանգներն է կանգնած Սիրիայում։ Հետեւաբար, Սիրիայում էլ Թուրքիան պետք է մնա ներքին գործընթացներից այնքան հեռու եւ համեստ, որքան Գազայի պատերազմում եւ դրան առնչված զարգացումներում էր մնացել։