Քաղաքացիներն անցնում են կանխիկ գործարքների, բանկային հաշիվն ու գաղտնիքը

Եկամուտների համընդհանուր հայտարարագրումն արդեն տվել է իր առաջին բացասական պտուղները։ Ինչպեսեւ սպասվում էր, խուսափելով հայտարարագրումից, ՀՀ քաղաքացիները գերադասում են կանխիկ գործարքներ կատարել։ Իսկ ՀՀ Կենտրոնական բանկն արձանագրել է անկանխիկ շրջանառության անկում։ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը, որը վերջերս խոշորացույցի տակ դիտարկում էր հայտարարագրման գործընթացը, իր էջում գրառում էր արել․ «Վերջին 10 օրում կանխիկի ծավալներն ավելացել են 22 մլրդ դրամով։ Սա մի փոքր օրինակ է՝ հայտարարագրման համակարգի փորձանքների մասին»։ Էլ ի՞նչ բացասական հետեւանքներ է ունենալու այս գործընթացը։ «Կանխիկի աճ, նաեւ ստվերային գործարքների աճ է սպասվում»,- կանխատեսում է Առաքելյանը, որը նախկինում երկու բանկերում է աշխատել՝ Ardshinbank-ում եւ VTB BANK(ARMENIA)-ում։
Համընդհանուր հայտարարագրումը ներդրվում է հապճեպ
Փաստորեն, Փաշինյանին հաջողվեց մի քանի օրում ջուրը գցել ՀՀ կառավարության, տարբեր վարչապետների տարիների աշխատանքը՝ անկանխիկ շրջանառության ծավալն ավելացնելու ուղղությամբ, եւ մարդիկ սկսեցին վերադառնալ կանխիկի ժամանակներին։ Արդյո՞ք պատրաստ էր մեր տնտեսական համակարգը համընդհանուր հայտարարագրման։ Տնտեսագետ Սերգեյ Ամատունին պատասխանում է․ «Կառավարությունն էր անպատրաստ: Կարելի էր ավելի շատ բացատրական աշխատանքներ կատարել: Ավելի մտածված, քայլ առ քայլ ներդնել: Մինչդեռ հապճեպ է կատարվում, հաճախ՝ սխալ որոշումներով, իրար հակասող: Անկանխիկ շրջանառությանը մեծ վնաս հասցրին: Մարդկանց նորից հրեցին դեպի կանխիկ վճարումներ»:
Սա օնլայն դիկտատուրայի տանող ճանապարհ է
Ռազմավարական հաղորդակցության մասնագետ, ՀԱԿ վարչության անդամ Կարեն Թովմասյանն իր առեւտրի ու դրամաշրջանառության մեծ մասը նախկինում օնլայն էր անում, բայց հիմա որոշել է կանխիկի անցնել։ Ինչո՞ւ։ «Հրապարակի» հարցին նա պատասխանում է․ «Իմ կարծիքով, սա օնլայն դիկտատուրայի տանող ճանապարհ է, օրենքը ճիշտ մտածված չէ։ Ես՝ ինքս, որպես քաղաքական կուսակցության ղեկավար մարմնի անդամ, 2021-ից ներկայացնում եմ պաշտոնական հայտարարագիր, բայց այդ մեխանիզմը շատ ավելի պարզեցված ու տրամաբանված է, քան այն, ինչն առաջարկում են պարտադիր հայտարարագրման համար»։ Որպես կուսակցության ղեկավար կազմի անդամ՝ նա իր հայտարարագիրը լրացրել է մայիսի 31-ին։ «Այն պահի դրությամբ հայտարարագրման են ենթակա, եթե չեմ սխալվում, փոխանցումների աղբյուրները, որոնք գերազանցում են 5 միլիոն դրամը, այլ ոչ թե 300 հազար դրամը, ու հարազատներին փոխանցածս գումարը չի հայտարարագրվում։ Հիմնականում հայտարարագրում եմ, թե տարվա սկզբին ինչ շարժական ու անշարժ գույք եմ ունեցել, ինչ եմ օտարել ու ինչ եմ ձեռք բերել, բանկային հաշիվներիս տարվա սկզբին ինչքան գումար եմ ունեցել, ու վերջում որքան է մնացել։ Սա ավելի պարզեցված է, քան այն, ինչն առաջարկվում է, կազմված է մոտ 31 էջից, ու իմ պես «թվայնացված» մարդու համար էլ անգամ երբեմն բարդ է լրացնելը։ Վստահ եմ, որ դրա ավելի բարդացված ներկայիս տարբերակի լրացումն իսկական գլխացավանք է դառնալու։ Մտածում եմ կա՛մ այդ նոր տարբերակին բոյկոտելու, կա՛մ էլ օնլայն դրամաշրջանառությունս մինիմալի հասցնելու մասին»,- ասում է Թովմասյանը։ Նա կասկած ունի, որ համընդհանուր հայտարարագրմամբ քայլ է արվում վերահսկելու քաղաքացիների դրամական շարժերը։ «Ու դա արվում է այն պայմաններում, երբ բոլորիս բանկային գաղտնիքը, պատկերավոր ասած, վերածել են Հովիկ Աղազարյանի հեռախոսին։ Դա իշխանությանը կտա անսահմանափակ հնարավորություն՝ իրենց քիթը խոթելու իմ դրամական միջոցների ու անձնական կյանքի մեջ»։
Եթե քաղաքացին չտա, կմտնեն դատարան` կստանան հաշվի քաղվածքը
Համընդհանուր հայտարարագրման երկրորդ փուլում կա՞ արդյոք իրավունքի խախտում, որը քաղաքացիների մոտ մեծ դժգոհություն է առաջացնում: «Քաղաքացի-հարկատու-բիզնես իրավապաշտպան կազմակերպություն» ՀԿ նախագահ Էդուարդ Բադալյանը կարծում է, որ, այո, կա իրավունքի խախտում: «Սա պայմանավորված է նրանով, որ քաղաքացու հաշիվները շատ հեշտ հասանելի են դառնում ՊԵԿ-ին։ Ճիշտ է, իրենք ասում են, որ հասանելի չեն, եւ որ իրենք ԿԲ-ից ստանալու են ընդհանուր տեղեկություններ` մուտք-ելք-մնացորդ տարբերակով, բայց ՊԵԿ նախագահն էլ հայտնել է, որ ստուգման ժամանակ կարող են ստանալ այդ տվյալները։ Մտցվելու է կարգավորում, որով գրավոր հարցում են անելու եւ պահանջելու են տալ քաղաքացու հաշվից քաղվածք, եւ եթե քաղաքացին չտա, մի քանի օրում մտնում են դատարան, ստանում են քաղվածքը։ Կարգավորումն այնպիսին է, որ դատարանն այս պահանջի հիմնավորվածությունը չի ստուգում, իսկ ստուգում որեւէ ֆիզանձի մոտ՝ կարող են անել։ Հիմա համապատասխան նախագիծն ԱԺ-ում է։ Այն իմաստով, որ այս ցանկությունը պատճառաբանելու պահանջը թույլ է դրված օրենքում, այո, այս իմաստով, կարծում եմ, կա իրավունքի խախտում»։
Որպես իրավապաշտպան ՀԿ նախագահի` Էդուարդ Բադալյանին եւս բիզնես աշխարհից տեղեկություններ են հասնում, որ առեւտուրը գերազանցապես անկանխիկ կատարող մարդկանց մոտ հունվարին նկատել են կանխիկ գործարքների աճ։ Եթե մարդիկ բոյկոտեն հայտարարագրումը, ի՞նչ է լինելու։ «Օրենքով սահմանված է պատասխանատվության միջոց, եթե չեմ սխալվում, նախ նախազգուշացում է, հետո՝ 5 հազար դրամ, հետո՝ 10 հազար։ Կարծեմ, կա նաեւ 50 հազար։ Բայց մենք չգիտենք, թե ինչ ծավալով կկիրառվի պատասխանատվությունը»։ Էդուարդ Բադալյանը հիշեցնում է, որ անցյալ տարի էլ շատերը բոյկոտել են գործընթացը, եւ այս մասին հայտարարել է ՊԵԿ-ը։ «Մոտ 120 հազար հայտարարատուից, եթե չեմ սխալվում` 60 հազարն է տվել հայտարարագիր, առաջին փուլով։ Սա նշանակում է, որ 60 հազարը չի տվել։ Հազարից քիչ ավելի դեպքերով վարչարարություն են արել, հիմա մենք չգիտենք՝ կցանկանա՞ն շարունակել վարչարարությունը, թե՞ ոչ»։
Կարծիքներ