Այսօր ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցի համարում ունեցող haqin.az կայքը հարկ է համարել մեր թերթի մասին ամբողջությամբ կեղծ տեղեկատվություն տարածել։ Գրել է, որ՝ «ՀՀ իշխանություններին քննադատող «Հրապարակ» թերթն ապրիլին կփոխի սեփականատիրոջը և կանցնի Փաշինյանների ընտանիքի վերահսկողության տակ»,- նշելով, որ այս տեղեկությունը հայտնում են հայկական ալիքները:
Այս կեղծ եւ անհեթեթ լուրին չէինք անդրադառնա, եթե մի քանի տասնյակ հաղորդագրություններ չստանայինք վերջին ժամերի ընթացքում:
Ի գիտություն հաքինազ-ների եւ տարբեր անհայտ ալիքների, «Հրապարակ օրաթերթը» չի վաճառվում, սեփականատեր փոխելու մտադրություն չունի և առավել եւս՝ խոսք չի կարող գնալ Փաշինյանների ընտանիքի հետ որեւէ առնչություն ունենալ մասին: 15 տարի շարունակ գործող լրատվամիջոցը պատկանել է եւ պատկանում է թերթի միակ խմբագիր Արմինե Օհանյանին եւ լրատվամիջոցում աշխատող անձանց:
Ինչ վերաբերում է Հաքքին.Ազին, որը շատ ակտիվ թարգմանում և տարածում է մեր նյութերը, հուսանք այս նյութն էլ կթարգմանի և կհերքի իր իսկ հրապարակած ապատեղեկատվությունը:
Քանի որ ոչ մի հղում չկա, թե որ հայկական ալիքներն են հանդիսացել այս «բադիկի» սկզբնաղբյուրը, դժվար է հասկանալ, թե որտեղից է տարածվում այս ապատեղեկատվությունը:
Հայաստանում, իհարկե, բարդ է անկախ լրատվամիջոց լինելը, բայց «Հրապարակը» եղել է եւ փորձելու է մշտապես պահպանել այդ կարգավիճակը՝ որքան էլ դա դժվար լինի։ Հասկանալի չէ, թե ինչու է մեր թշնամի պետության լրատվամիջոցին հետաքրքրում մեր լրատվադաշտը եւ ինչ նպատակով են այս կեղծ տեղեկությունը տարածում:
