Օռլովի բերդում խնջույք կազմակերպողին բռնեցին Երեւանում

Օռլովի բերդում խնջույք կազմակերպողին բռնեցին Երեւանում

ԱԱԾ քննչական դեպարտամենտի նոր պետ Արթուր Պողոսյանն անցել է գործի: Նա բռնել է իշխանահաճո ուղղություն՝ պայքար քրեական ենթամշակույթի դեմ, եւ ակտիվորեն գողերի հետ համագործակցության հանցավոր սխեմաներ է «բացահայտում»: Եվ սա հրապարակվում է նրա նշանակման մասին պաշտոնապես հայտնելու հաջորդ օրը:
Եվ այսպես․ գործը հարուցվել է մարտի 13-ին, իսկ մայիսի 20-ին արդեն «քրեական ենթամշակույթին հարող» 10 անձ բերման է ենթարկվել ԱԱԾ քննչական դեպարտամենտ: 
ԱԱԾ-ն կասկածում է, որ նրանք քրեական ենթամշակույթ կրող խումբ են ստեղծել կամ մասնակցել են դրան: Բռնվածների թվում են օրենքով գող Արսեն Երեւանսկին՝ Արսեն Մկրտչյանը, եւ քրեական հեղինակություն հանդիսացող՝ «Բասար» մականունով Արմեն Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ Արսեն Երեւանսկին ՌԴ քաղաքացի է, 42 տարեկան: Նա համացանցում տարածված սկանդալային տեսանյութի հերոսն է: Կադրերում երեւում է, որ Երեւանսկին Օռլովի մարզի Լիվնա քաղաքի բանտում Զատիկի կապակցությամբ դատապարտյալներին շարել է ու նրանց համար ճոխ կերուխում կազմակերպել։ 

Երեւանսկին բանտում էր հայտնվել թմրամիջոցների խոշոր խմբաքանակ պահելու գործով: Տեսանյութից հետո ՌԴ դատախազությունը բանտերում ստուգումներ էր իրականացրել: 
Արսեն Մկրտչյանը 2018 թվականին վաղաժամկետ ազատվել եւ դուրս էր եկել կալանավայրից, բայց ՌԴ-ում եւ ՀՀ-ում օրենքով գողերի նկատմամբ օրենսդրական խստացումներից հետո սպասվում էր, որ նրան կրկին կկալանավորեն, քանի որ նա աշխարհին ի ցույց էր դնում իր՝ օրենքով գող լինելու հանգամանքը: Երեւանսկին թագադրվել է 21 տարեկանում, հայտնի օրենքով գող Դեդ Հասանի մասնակցությամբ: Հասանի աջակցությամբ նա կովկասյան ազդեցություն սահմանեց մինչ այդ ռուսական հեղինակությունների «տակ գտնվող» Տուլայի մարզի վրա: 
ԱԱԾ-ի տարածած երկարաշունչ եւ «ջրառատ» հաղորդագրությունից մի բան է պարզ՝ որ քրեական գործը հարուցված է եղել մարտի 13-ին, եւ որ ունեն տվյալներ, թե գողին դիմող է եղել՝ «նրա անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով նյութական կամ ոչ նյութական օգուտ կամ այլ առավելություն ստանալու» նպատակով: 

Ինչպես հայտնի է, գողերին դիմում են հիմնականում նրանք, ովքեր հույս չունեն օրինական ճանապարհով ստանալ իրենց հասանելիքը: ԱԱԾ-ն հաղորդում է, որ բերման ենթարկվածների բնակարաններում եւ ավտոմեքենաներում կատարվել են խուզարկություններ, գումարներ ու թմրամիջոց են առգրավվել: