Ամերիկացի փորձագետներն անդրադարձել են ՀՀ խորհրդարանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացման պատճառներին և հնարավոր հետևանքներին։
Ամերիկյան համալսարանի քաղաքագետ Քրիս Ռուդոլֆի կարծիքով, այսպիսով Երևանը փորձում է ներգրավվել երրորդ անկախ կողմ Բաքվի հետ ունեցած իր հակադրության մեջ: Դրա հետ մեկտեղ նա չի բացառել այլ դրդապատճառներ:
«Չեմ կարող ասել հստակ, թե արդյոք Հայաստանն այսպիսով ձգտում է ինչ-որ բան հասկացնել Ռուսաստանին, թե ոչ, բայց հաշվի առնելով այն որոշումը, որ ՄՔԴ կայացրել է Վլադիմիր Պուտինին ձերբակալելու մասին այս տարվա սկզբին, միամտություն կլինի կարծել, որ հնարավոր է վավերացնել ստատուտը առանց ռուսական կողմի բացասական արձագանքի»,- Ռուդոլֆի խոսքերը մեջբերում է Ամերիկայի Ձայն-ը։
Տարտուի համալսարանի Արևելագիտության կենտրոնի փորձագետ Բորիս Դոլգինի խոսքով, Հայաստանի կողմից ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումը միանգամայն կանխատեսելի էր, բայց ոչ հայ-ռուսական հարաբերությունների, այլ Ադրբեջանի նկատմամբ Երևանի քաղաքականության համատեքստում։ Նա հիշեցրել է, Հայաստանում Հռոմի ստատուտի վավերացման նախագիծը հաստատվել էր դեռ 1998 թվականին՝ «նախապուտինյան դարաշրջանում»։
Միևնույն ժամանակ, ըստ փորձագետի, հասկանալի է, թե Մոսկվան ինչու է Հռոմի ստատուտի վավերացումը ընկալում որպես իրեն ուղղված մարտահրավեր. «Այժմ, առավել քան երբևէ, Կրեմլի համար կարևոր է ՄՔԴ և նրա որոշումների ապալեգիտիմացումը։ Բայց Հայաստանը հնարավոր չհամարեց փոխել իր ծրագրերը՝ ելնելով Ռուսաստանի նկատառումներից ու մտավախություններից։ Սակայն Երևանը Մոսկվային առաջարկեց բանակցություններ վարել, որոնք կարող են այս կամ այն չափով մեղմել Ռուսաստանի ղեկավարության մտահոգությունները՝ [Հայաստանում] Պուտինի ձերբակալության վերաբերյալ: Սակայն, ըստ երևույթին, դա բավարար չէր Կրեմլի համար»։
Քրիս Ռուդոլֆի կարծիքով էլ՝ ՄՔԴ-ի համար ընդունելի չէ առանձին գործարքի կնքումը: «Այսպիսով, եթե եղել է հանցագործություն, և դա ՄՔԴ-ի իրավասության ներքո է, ու եթե կնքվի ինչ որ տեսակի քաղաքական համաձայնություն՝ ՄՔԴ-ի որոշումը շրջանցելու համար, ապա կարծում եմ, որ ՄՔԴ-ը չի ճանաչի նման տեսակի պաշտպանության տրամադրումը ոպես գործարքի մաս»:
Մինչդեռ ըստ Դոլգին, մյուս կողմից, Երևանի գործողությունները կարելի է դիտարկել 2020 թվականից ի վեր Հայաստանում ամրապնդվող ընկալման համատեքստում, թե Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ը «անհույս պատմություն են՝ երկրի անվտանգության իրական ապահովման համար»։
Բորիս Դոլգինի ներկայացմամբ, այս ամենը սկսել է բացասաբար ազդել հայ-ռուսական հարաբերությունների վրա․ «Հասկանալի է, որ Կրեմլից կլինեն թշնամական նոր հայտարարություններ և Հայաստանի ղեկավարությանը տապալելու փորձեր։ Ռուսաստանում հայկական մեծ համայնք կա, որի հետ կապված բավականին բարդ խնդիր կա: Այն կարող է հարվածի տակ հայտնվել։ Ի թիվս այլ քայլերի, կարող ենք սպասել, որ Մոսկվայի խտրական նոր գործողություններ կձեռնարկի Հայաստանի տնտեսության դեմ, որի որոշ ճյուղեր մեծապես կախված են Ռուսաստանից»։
ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումն ավելի շատ կապ ունի Հայաստանի ներքաղաքական զարգացումների հետ, և այդ կերպ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի իր շուրջը համախմբել հակակրեմլյան տրամադրությունները՝ պաշտպանվելու «Ղարաբաղը Ադրբեջանին հանձնելու» և ազգային շահերը դավաճանելու մասին շարունակ հնչող մեղադրանքներից, նման տեսակետ էլ հայտնել է քաղաքագետ Արկադի Դուբնովը։