«Հրապարակ». Եթե նախկինում պաշտոնյաները 10-20 տարում էին ցինիկանում, հիմա 2-3 տարի է տեւում

«Հրապարակ». Եթե նախկինում պաշտոնյաները 10-20 տարում էին ցինիկանում, հիմա 2-3 տարի է տեւում

Հեղափոխությունից հետո պետական հաստատությունները լայն բացեցին դռները մասնագիտական որակներից զուրկ, բայց հեղափոխությանը եւ դրա առանձին լիդերներին հավատարիմ մարդկանց առաջ: Ծանոթ-բարեկամ-նվիրյալների ինստիտուտը, թիմակիցներին գործի ընդունելու ու կուսակիցներով աշխատելու ավանդույթը նախկինում էլ տարածված էր, բայց որոշ չափանիշներ պետական ու հանրային ծառայողների առաջ դրվում էին՝ թեկուզ ձեւականորեն: 

Հեղափոխությունից հետո չափանիշներն էլ սկսեցին վերանալ, ցենզերն իջեցվեցին: Եվ որպեսզի անփորձ, բանից անտեղյակ նվիրյալները հեշտ մտնեն ապարատ, պետք էր վերացնել նրանց ճանապարհի գլխավոր խոչընդոտը՝ օրենքները։ Մասնավորապես՝ դատավորների ու ռեկտորների, Գլխավոր շտաբի պետի ու ոստիկանապետի, տարբեր պաշտոնների նշանակմանը վերաբերող դրույթները եւ հատկապես՝ Քաղծառայության մասին օրենքը, որը սկսեցին փոխել: Կամայական նշանակումներ էին արվում, մինչ այդ ձեւական մրցույթներ են անցկացվում, իրավական դաշտի փոփոխության պատճառաբանությամբ՝ թափուր տեղերը հիմնականում զբաղեցնում են ժամանակավոր աշխատանքային պայմանագրերով: ԺՊ-ները մնում են պաշտոններին, թվում է՝ առհավետ: Ապա մրցակիցներին վերացնելով՝ նրանց մրցույթով անցկացնում են եւ նշանակում։
Ցենզերի անկման վառ օրինակ է այն, որ «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված քաղաքական մարմինների ղեկավարների խորհրդականի համար հանված է տարիքային չափանիշը: Մինչեւ հեղափոխությունը խորհրդականի պաշտոնի անձնագիրը ենթադրում էր, որ հավակնորդը պետք է առնվազն 30 տարեկան լինի: 2018 թվականի փոփոխված օրենքով, ղեկավարն ինքն է որոշում իր խորհրդականի տարիքը: Օրենքում գրված է, որ խորհրդականի պաշտոնի «չափանիշներ սահմանում է այն պաշտոնատար անձը, որի անմիջական ենթակայությամբ աշխատելու է խորհրդականը: Պաշտոնի անձնագիրը, ներկայացված չափանիշներին համապատասխան, հաստատում է տվյալ մարմնի գլխավոր քարտուղարը (աշխատակազմի ղեկավարը)»: Մինչդեռ նախկինում պաշտոնի անձնագիրը սահմանում էր Քաղծառայության խորհուրդը: 

Քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանը, որն այժմ ՀԿ է ստեղծել՝ «Հանրային ծառայողների արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» անունով, մեզ հետ զրույցում խոսեց աշխատանքային ստաժի պահանջների մեղմացման մասին: «Եթե նախկինում սահմանել էինք 5 տարի, հիմա 3 է, որտեղ 3 էինք սահմանել, հիմա 2 է: Հարմարեցվում է մարդկանց, որոնք փորձ չունեն, աշխատանքային գործունեություն չեն վարել, բայց հանրային ծառայության նման նուրբ օրգանիզմը դրանից քայքայվում է»,- ասաց նա: 

Որպես անկման վառ օրինակ՝ նա առանձնացրեց Քաղծառայության գրասենյակի ստեղծումը, որը 2018 թվականի փոփոխված օրենքով, նվազ դերակատարում ունի՝ ֆունկցիաների ապակենտրոնացում է իրականացվել, որի արդյունքում  մրցույթները պետական մարմիններն իրենք են անցկացնում: «Եթե նախկինում մրցույթները կենտրոնացված էին, գոնե ինչ-որ շեմեր կային, լավ, թե վատ, պահում էինք, մարմինների հետ բախումներ էինք ունենում, էսօր ամեն մարմին ընտրում է իր աշխատողներին: Դեպքեր կան, երբ իրենց նախընտրած թեկնածուն չի հաղթում, եւ այդ դեպքում մրցույթի արդյունքները չեղարկում են: Մինչդեռ նման մեխանիզմ կամ ընթացակարգ օրենքում չկա: Դա միայն դատական կարգով կարելի է չեղարկել, եթե օրենքի խախտմամբ մրցույթ է տեղի ունեցել»,- նշեց Մանվել Բադալյանը: Նա հիշեցրեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հայտարարությունը՝ որ 2018-ից Հայաստանում վերացել է խնամի-ծանոթ-բարեկամ ինստիտուտը: «Եթե նախկինում պաշտոնյաները մի 10-20 տարում էին ցինիկանում, անցնում չափերը, ապա հիմա դրա համար 2-3 տարի է հարկավոր։ Ես սա ցավով եմ ասում: Իսկ ամենադաժանը ԺՊ-ների համակարգն է, մարդ կա՝ երեք տարի ԺՊ է: Նախկինում եթե կար ծառայողական քննություն, աշխատանքից ազատվելու ժամանակ խորհուրդը համաձայնություն տալիս էր կամ չէր տալիս, հիմա դա էլ է մարմիններին փոխանցվել: Այսինքն՝ մարդուն ապօրինի աշխատանքից ազատողը պետք է ինքն իրեն տույժ տա: Ցենզերի առումով կրթության պահանջն է իջեցվել»,- ասաց Մանվել Բադալյանը: 

Բանն այն է, որ նախկինում պետական բարձր պաշտոնների, դատավորների, այլոց համար պահանջվում էր պետական նմուշի կամ ոչ պետական, բայց հավատարմագրված բուհերի դիպլոմ: Նոր օրենքով այս պահանջը եւս հանվել է, ինչը սկանդալների տեղիք է տվել: Բավական է հիշել Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի եւ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի կեղծ դիպլոմները: 

Վերջերս վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատավոր դարձավ նախկին ՔՊ-ական պատգամավոր Արթուր Դավթյանը, որը 1997թ. ավարտել է Երեւանի «Վարդանանց» համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Առհասարակ, դատական իշխանության ձեւավորման առումով չափանիշների անկումն ավելի տեսանելի է: 

Օրինակ, 2007 թվականի դատական օրենսգրքով, որը գործել է մինչեւ 2018 թվականի մարտ ամիսը, դատավորների ծառայողական առաջխաղացման ցուցակներում իրավաբան գիտնականների ընդգրկման կարգը նախատեսում էր, որ, օրինակ, վերաքննիչում նշանակվելիս թեկնածուն պետք է գիտական աստիճան ունենա, իսկ վճռաբեկում՝ լինի իրավագիտության դոկտոր եւ վերջին 8 եւ 10 տարիների ընթացքում դասավանդած լինի բուհում կամ ունենա դասավանդելու իրավունք: Հիմա վճռաբեկ դատարանի դատավոր դառնալու համար բավական է ունենալ 10 տարվա իրավաբանի ստաժ: Ցանկացած հիմնարկում։ 

Դատական նոր օրենսգրքով եւ հարակից օրենքներով իջեցվել է տարիքային ցենզը դատավորների համար՝ 28-ից մինչեւ 25 տարի: 5 տարվա մասնագիտական աշխատանքի փորձառության փոխարեն սահմանվել է 3 տարի։ 

Նախկին դատավոր Էդիկ Ավետիսյանը պատմում է, որ կային մարդիկ, որոնք գալիս էին դատարան ու զուտ դատավորի խոսքը լսելով, փոշմանում էին, հաշտվում էին, որ չեն կարող դատավոր աշխատել: «Դատավորը պետք է լինի հոգեբան, առաքինի, փորձառու: Նա լուծում է ընտանեկան հարցեր, նրա խոսքը պետք է ազդեցիկ լինի: 20 տարեկան երեխան, որ ոչինչ չի տեսել, եթե անգամ տիրապետում է փայլուն օրենսդրությանը, նա մարդու հետ ո՞նց է խոսելու: Նույնը՝ քրեական գործերում: Նա պետք է կարողանա մտնել հանցագործի ուղեղի մեջ: Բաներ կան, որոնք կապված են մարդու հոգեկան ապրումների, արյան վրեժի, հուզական աշխարհի հետ, որոնք անկրկնելի են: Կարծում եմ՝ առնվազն 30 տարեկան պետք է լինի դատավորը, գոնե, եւ պետք է վստահություն ունենաս դատարանի հանդեպ։ Դա Աստծո դուռ է, որոշ առումով, կառույց է, որը կարգավորում է բոլոր անարդարությունները: 25 տարեկան երեխան դա ի վիճակի՞ է անելու: Կադրերը պետք է նախապատրաստեն տարիների ընթացքում: Նախկինում դա աշխատում էր: Տեսնում էին, որ, օրինակ, մարդը լավ օրենքներ գիտի, բայց էմոցիոնալ է, ասում էին՝ սա դատավորի բան չի»: 
Ինչո՞ւ են դատավորների համար չափանիշներն իջեցնում: «Քաղաքական ենթատեքստ ունի, կարծում եմ, զուտ»,- ասաց դատավորը:

ՀԳ. Նիկոլ Փաշինյանը չի սիրում  աշխատել պրոֆեսիոնալների հետ: Պրոֆեսիոնալ մարդիկ ամենուր գլխացավանք են՝ կարող են պահանջել, որ օրենքով աշխատեն, քննադատեն, քննարկեն շեֆերի որոշումները, ու, ամենակարեւորը՝ ոնց ուզում ես նայի, ինչ-որ կապ կգտնես նախկինների հետ: Շնորհալի մարդիկ անցյալում էլ են զբաղված եղել, աշխատանք ունեցել։ Նաեւ կրթություն են ստացել նրանց օրոք, ապրել են, ստեղծագործել, բաներ, որոնք այսօր, երեւի, պետք չեն: