Ընձառյուծը՝ իշխանական քարոզչության «վանդակում»

Ընձառյուծը՝ իշխանական քարոզչության «վանդակում»

Տավուշի անտառներում՝ նախախնամության կամքով հենց վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրենի Ենոքավան գյուղի մերձակայքում հայտնված այդ խեղճ գազանը, որ բազմացման տենդով բռնված՝ խելակորույս վազ է տալիս իր բնազդների ետևից և հենց այդ պատճառով ուր ասես կարող էր հայտնվել, իշխանական քարոզչամեքենայի կողմից համարյա քաղաքական դերակատարություն ունեցավ։ 

Թեպետ՝ ինչո՞ւ «համարյա»․ Ն․ Փաշինյանի ընտանեկան թերթը մայիսի 23-ի խմբագրականում վարչապետի վերջին «100 փաստից»  առանձնացրել է «արցախյան բանակցությունների» խնդիրը և, մինչ այդ,  «ընձառյուծի դրվագը»՝ գրելով․ «․․․ Թեեւ վարչապետը որպես դրական փաստ նշել էր ոչ թե Տավուշի անտառներում ընձառյուծի հայտնվելը, այլ երկրում բնապահպանական իրավիճակի ընդհանուր բարելավումը, որի դրսեւորումներից մեկն էլ ընձառյուծի հայտնվելու փաստն էր՝ ընդամենը որպես ասվածի վառ ապացույց»։ 

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, թե վերջին երկու տարում Տավուշի անտառներում ի՛նչ բնապահպանական իրավիճակ է էականորեն փոխվել-բարելավվել, որ միանգամից հրապուրել է նույնիսկ գազան-«տուրիստներին», մի կողմ թողնենք նաև այս գազանի առնչությամբ ծնված «վառ» մակդիրի զարմանալի գեղարվեստականության հանգամանքը և հետևենք սույն խմբագրականի ոգով և նույն ընձառյուծի «թեմայով» հետագա քարոզչական զարգացումներին։ 

 «Հայկական ժամանակի» խմբագրականին  հաջորդում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ֆեյսբուքյան նախաձեռնությունը, որի նպատակը պատմական և մարդավայել մի անունով վերոհիշյալ գազանին պատվելն էր՝ որպես մարդկային երախտագիտության «վառ ապացույց»։ Եվ նախարարության ֆբ-յան էջը հայտարարում է ընձառյուծին տրվող երկու անհատական անվան տարբերակների «մրցույթ»՝ Ընծա և Լեո։ 175 մասնակցից 135-ը, պարզվում է, նախապատվությունը տալիս է Ընծա տարբերակին, որն էլ այսուհետ և մինչ ի մահ դառնալու է իր բնազդների հետևից վազող կենդանու անհատական անունը։ 

Աշխարհում ընդունված է, որ անհատական անուններ տրվում են այն վայրի կենդանիներին, որոնք գտնվում են մարդու վերահսկողության ներքո և նրա կողմից տնօրինվող տարածքներում՝ կենդանաբանական այգում, արգելոցում կամ մասնավոր  փակ տարածքներում։ Իսկ մեր Ընծան (արդեն մերն է՝ հո անտեր չե՞նք թողնի՝ որտեղ էլ որ գտնվի) քանի որ ո՛չ կենդանաբանական այգում է՝ վանդակում, ո՛չ արգելոցում, ո՛չ էլ որևէ օլիգարխի մասնավոր տարածքում՝ կրկին վանդակում,  դառնում է Երկիր մոլորակի թերևս առաջին ազատ գազանը, որն անվանակոչվել է մարդու կողմից։

Եվ ամենազավեշտալին այն է, որ շրջակա միջավայրի նախարարությունը (նրա ֆեյսբուքյան էջը), որ փաստորեն չափազանց արագ և նրբորեն «լսել» էր ընձառյուծին քարոզչության գործիք դարձնելու վարչապետական անուղղակի հրահանգը, «շնորհավորում է բոլորիս, քանի որ կովկասյան ընձառյուծի՝ Տավուշի մարզում հայտնվելու փաստն արդեն ինքնին հաղթանակ է բոլորիս համար»։

Ուշադրություն դարձնենք մեջբերման հույժ գրագետ բառապաշարին՝ «ինքնին հաղթանակ», և ընդհանուրի անունից խոսելու մեծամիտ ոճին՝ «բոլորիս համար»։

ՀԳ․ Դժվար է ասել՝ Ընծան շնորհակա՞լ է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանն իր անվանակոչության համար, բայց այդ խեղճ գազանի հոգեբանա-կենսաբանական վիճակը նկատի ունենալով՝ նախարարությունը նրան մեծ  ընծա արած կլիներ, եթե կարողանար մի էգ ընձառյուծ հաջողեցնել Տավուշի անտառներում։
ՀԳ․ Հոդվածի վերնագրի նախնական տարբերակն էր՝ «Ընծան՝ քծնանք»․ թող ընթերցողը որոշի՝ ո՛րն է ավելի հաջող։

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ