Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի

Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի

Կարծեմ՝ Ֆինլանդիայի ղեկավարներից մեկն է ասել. «Շատ շուռումուռ մի արի անկողնում, մանավանդ երբ արջի կողքին ես պառկած»: Այս թեմայով մի առակ էլ Ավետիք Իսահակյանն ունի՝ «Արջն ու օձը»: Կարդացած կլինեք… Էն, որ արջն ու օձը ընկեր են լինում, բայց արջին սկսում է դուր չգալ օձի ծուռումուռ «սողքը»: Այո, օձին, թերեւս, պետք չէր արջին «ներվայնացնել»: Իսկ հիմա առակի այն մասը, թե ինչպես արջը լուծեց այդ հարցը.

Էս ծուռ ու մուռ գնացողին,
Ընկեր լինի թե կաթնախպեր,
Չէ, չեմ սիրում, ես չեմ ուզում:
Գոռաց այսպես եւ թաթն ուժգին
Դըրեց, սեղմեց օձի գլխին
Ու մյուս թաթը օձի մարմնով
Մինչեւ պոչը քաշեց թափով.
Ապա մոտիկ հոսող գետին
Հանձնեց օձի անկենդան դին:
Եվ նայելով ջրերի հետ
Նետի նման սուրող օձին`
Գոհ մրթմրթաց բեղերի տակ.
- Ա՛յ ընկերը էսպես շիտակ
Պիտի լինի,
Դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի:

Հիմա, որպեսզի չասեմ, որ այս առակն ամբողջությամբ հայ-ռուսական հարաբերությունների մասին է, նշեմ միայն, որ առակի եւ հայ-ռուսական հարաբերությունների խորքում նույն փիլիսոփայությունն է դրված՝ ընկերության ու բարեկամության ընկալման հարցը: Առավել ուշադիր համադրելով առակն ու քաղաքականությունը՝ մենք տեսնում ենք մի շատ կարեւոր տարբերություն արջի եւ ռուսական կողմի միջեւ: Ի տարբերություն ռուսական կողմի, որ քանիցս Հայաստանին նախազգուշացրել ու զգուշացրել է, մեղմ ասած, վերջինիս անհասկանալի պահվածքի մասին, արջը օձի հետ իր հարաբերություններում չի ընկնում ավելորդ ձեւականությունների հետեւից: Նա օձի հարցերն ուղղակի լուծեց գյուղական կարգով:

Կարո՞ղ էր, արդյոք, Ռուսաստանը Հայաստանի (Նիկոլի) հարցը լուծել նույնկերպ եւ ազատվել ավելորդ գլխացավից: Խնդրում եմ անիմաստ վեր-վեր մի թռեք, որովհետեւ այս հարցը մեկ պատասխան ունի՝ այո, կարող էր: Այո, կարող էր, եւ ոչ ոք Ռուսաստանին չէր համարձակվի ասել՝ էս ինչ ես անում: Աշխարհը շատ խառն էր… Սիրիայով Եվրոպա գնացող խողովակների հարց էր լուծվում, Ուկրաինայի հողի ու հարստությունների հարց էր լուծվում, միջինասիական էներգակիրների տարանցման հարց էր լուծվում, առջեւում Իրանի ու Չինաստանի հարցերն են… Այս մեծ խաղի մեջ էլ ո՞ւմ տանձին էր Հայաստանը (Նիկոլը), որ մի հատ էլ միջամտեին արջի եւ օձի հարաբերություններին: Այո, խառն էր նաեւ Ռուսաստանը, բայց ի՞նչ էր անում Հայաստանը (Նիկոլը) այդ խառնակ օրերին: Մեկ նախազգուշացվեց, երկու նախազգուշացվեց… Անօգուտ: Հայաստանը (Նիկոլը) շարունակում էր իր «բեկ-բեկ սողքը»՝ մենք սառեցնում ենք մեր հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, մենք կբռնենք Պուտինին, եթե գա Հայաստան, մենք ԵՄ անդամակցության գործընթաց ենք սկսում, մենք պատրաստ ենք մտնել ՆԱՏՕ… Պետք էր, իհարկե, քաղաքական հեռատեսություն ունենալ եւ այդքան «չներվայնացնել» արջին: Կարելի էր, չէ՞, հաշվարկել, թե ինչ տեղի կունենա, երբ Ռուսաստանի ձեռքերն ազատվեն «խառը գործերից», եւ նա կարողանա լեզու գտնել փլուզվող Արեւմուտքի հետ: Հաշվարկե՞լ: Ո՞վ հաշվարկեր, Նիկո՞լը…Իսկ նա երբեւէ որեւէ բան հաշվարկած կա՞… Պետք եղավ՝ կովբոյի շլյապա կդնի, հարկ լինի՝ ռուսական գալոշ կհագնի, ճարը կտրվի՝ ադրբեջանական կեպի կքաշի գլխին: Մարդը քաղաքականություն է վարում, բա ի՞նչ եք կարծում… Ադրբեջանը խաղաղության պայմանագիրը չստորագրի՝ կգնամ թուրքերի դուռը, կսողամ, կխոստանամ, ինչ ուզեն, կտամ՝ սա է Նիկոլի հաշվարկն ու «թռիչքը»: Եվ այսպես՝ յոթ տարի: Շահածներս էլ ի՞նչ է՝ Արցախի կորուստը, սուվերեն տարածքներից զրկվելը, տասնյակ հազարավոր զոհերը, անվերահսկելի գնաճը, տնտեսական ֆիասկոն, մոլեգնող անգրագիտությունը, համատարած արտագաղթը, բանակի ամորձատումը, անվտանգության բացակայությունը եւ ինչ-որ շատ վատ մի բան, որի անունը ապագա են դրել: Եվ, շատ ներողություն, Նիկոլ Փաշինյանի այս «հաջողություննե՞րը» նկատի ունեիք, երբ վեր-վեր էիք թռչում, թե առակի արջը չի կարող մեզ հետ վարվել՝ ինչպես օձի հետ…  

ՀԳ. Մաքսիմ Գորկու «Բազեի երգը» բանաստեղծության մեջ այսպիսի տողեր կան. «Սողալու համար ծնվածը թռչել, օ՜, անկարող է…»: Մեզ նոր իշխանություն՝ մեզ բազե է պետք: Նիկոլն ինչ էլ անի՝ կասեցնի դեպի ԵՄ ընթացքը, Ռուսաստանի հետ վերականգնի միջկառավարական հանձնաժողովների շփումները, Մոսկվայում մասնակցի հաղթանակի շքերթներին, հայտարարի, որ տաքացնում է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ում, Մատվիենկո կամ Վոլոդին բերի Հայաստան, միեւնույն է՝ նրան այլեւս առաջվա բարեկամի ու ընկերոջ տեղ չեն դնելու: Մի օր էլ, դե արջին ասա, որ չի կարելի, թաթը դնելու է գլխներիս ու մյուս թաթով քաշի մինչեւ վերջ՝ դե՛հ, շիփ-շիտակ գընա հիմի: