«Վերնատունը» շուտով նորից կակտիվանա

«Վերնատունը» շուտով նորից կակտիվանա

Անցած նոյեմբերին տեղի ունեցավ «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբի առաջին համաժողովը։ Ակումբը, որտեղ հավաքվել են գործող իշխանություններին դեմ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, գլխավորում է Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանը։ Ակումբը ստեղծման օրվանից մի քանի հավաքներ է արել, հանդես է եկել քաղաքական հայտարարություններով՝ կապված այս կամ այն իրադարձության հետ, քննադատել է իշխանություններին, օրինակ՝ Արցախի հարցի հետ կապված, ապա «անհետացել» դաշտից։

Երեկ հետաքրքրվեցինք Վազգեն Մանուկյանից, թե ինչով է զբաղված «Վերնատունը», ինչու ձայնը չի լսվում։ «Վերնատան» մամուլի խոսնակ Անի Գասպարյանը հայտնեց, որ ակումբի վերջին հաղորդագրությունն ուղարկվել է փետրվարի 29-ին՝ «Արցախի, անվտանգության եւ արտաքին հարաբերությունների» թեմայով քննարկման շրջանակներում։ Իսկ վերջին մեկուկես ամսում նիստեր չեն անցկացվում՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով։ «Բացի այդ, ակումբն այս պահին որոշ տեխնիկական խնդիրներ է լուծում, այդ թվում՝ տարածքի հետ կապված, շուտով կսկսի իր բնականոն գործունեությունը»,- ասաց խոսնակը։