Ինչ ունեինք եւ ինչ դարձանք 

Ինչ ունեինք եւ ինչ դարձանք 

Եթե երկու հայկական պետությունները րոպե առաջ դուրս չգան լեթարգիական քնից, ու չփորձենք լուծել մեր առջեւ ծառացած բարդագույն խնդիրները, եւ ժողովուրդն էլ, որը կարծես թմրանյութի մեծ դոզայի տակ է, չսթափվի՝ հասկանալով, որ մենք կորստյան ռեալ վտանգի առջեւ ենք կանգնած,  հասկանալի չէ, թե ինչի ենք սպասում, եւ այդ սպասումը մեզ ինչ է տալու: Վատագույն տարբերակը՝ կորցնել հայրենիքը, արդեն դառնում է իրողություն, դրանից վատ ի՞նչ կարող է լինել, եթե մի վերջին ճիգով չենք փորձում փրկության ուղի գտնել: 

Նույն՝ Հայաստանի ժողովուրդն էր չէ՞, որ, 1988-ին կայսրական Խորհրդային Միության կազմում, ռիսկ արեց դուրս գալ ԽՍՀՄ հզոր մեքենայի դեմ եւ պահանջել՝ Լեռնային Ղարաբաղը դուրս բերել Խորհրդային Ադրբեջանի կազմից ու միավորել Հայաստանին: Դա՝ այն պարագայում, որ նույն Խորհրդային Միությունը կարող էր 5 րոպեում ճնշել այդ ցույցերը եւ ջախջախել պայքարողներին: Բայց Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ոչ միայն չվախեցան, այլեւ ավելի մեծ թափով շարունակեցին պայքարը։ Չվախեցան նաեւ Ադրբեջանի հետ լուրջ պատերազմի մեջ մտնելուց եւ շուրջ երկու տարի կռվեցին, մեծ թվով մարդկային կորուստներ՝ տասնյակ հազարավոր զոհեր, անհետ կորածներ, վիրավորներ ունենալով: Եվ ետ գրավեցինք մեր սուրբ  Արցախը, հռչակեցինք Արցախի անկախ հանրապետությունը, անվտանգության գոտի ձեւավորեցինք, որ թշնամին այլեւս չռմբակոծի հայկական հողերը: Արդյունքում, մեր փառապանծ  հայրերի, որդիների, մայրերի, քույրերի կյանքի ու զրկանքների գնով հայ ժողովրդի վաղեմի երազանքներից մեկն իրականություն դարձավ...

Ցավոք, մեր կարճատեսությունը, ինքնավստահությունն ու չարդարացված հանգստությունը մեզ հասցրին 2020թ. սեպտեմբերյան 44-օրյա դաժան պատերազմին, որտեղ նվաստացուցիչ պարտություն կրեցինք՝ կորցնելով արյան գնով ետ բերած տարածքները, եւ ունեցանք տասնյակ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ ու գերիներ՝ «հանուն ոչնչի»: Նոյեմբերի 9-ին ՀՀ վարչապետը ստորագրեց եռակողմ՝ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան կապիտուլյացիոն պայմանագիրը, որն այն ժամանակ հայ ժողովրդի համար որակվեց որպես նվաստացուցիչ եւ կորուստների պայմանագիր: Այն ժամանակ մենք չգիտեինք, որ երեք տարի հետո հայ ժողովրդի համար անգամ դա է դառնալու երազանքի պայմանագիր, քանզի չէինք պատկերացնում, որ հետագա երեք տարիների ընթացքում Ադրբեջանն այնքան է նվաստացնելու մեզ, այնքան պայմաններ է դնելու մեր առջեւ, Հայաստանից նորանոր տարածքներ է գրավելու, անընդհատ հարձակումներով նոր տարածքային եւ մարդկային կորուստներ է պատճառելու մեզ եւ Հայաստանին այնքան է վախեցնելու, որ անգամ իր սահմանները չպաշտպանի՝ նոր էսկալացիայի հիմք չտալու համար։ Եվ պաշտոնական Երեւանը հայտարարելու, որ պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը թողնելով նրա կազմում: Ու սա դեռ վերջը չէ... 

Թշնամին լկտիաբար հայտարարելու է ու փորձելու է պարտադրել Հայաստանին, որ տրամադրենք «Սյունիքի միջանցքը», այլապես հաջորդ պատերազմով կոչնչացնի նաեւ Հայաստանը: Կփակի Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, որն արդեն 108 օր շարունակ փակ է եւ անգամ ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վճռից ու աշխարհի բազմաթիվ երկրների պահանջից հետո շարունակում է փակ մնալ, ու հայտնի չէ, թե երբ է բացվելու։

Իսկ այսօր եկել-հասել ենք մի իրավիճակի, որ Արցախից բավականին տարածքներ կորցնելուց, մարդկային լուրջ կորուստներ տալուց հետո սուվերեն Հայաստանից ենք արդեն տարածքներ կորցնում։ Պաշտոնական Երեւանն էլ համաձայն է ոչ միայն ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը նրա կազմում, այլեւ՝ որ կտոր-կտոր մեր հողից էլ պոկեն-տանեն, միայն թե նոր պատերազմ չսկսվի:
Ի՜նչ ունեինք 90-ականներին եւ այսօր ինչի առջեւ ենք կանգնած...

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ