Էրեխեքին տանելու ենք բանտախցի՞կ մտցնենք, աննորմալ պայմաններ են․ Էդուարդ Ղազարյան 

Էրեխեքին տանելու ենք բանտախցի՞կ մտցնենք, աննորմալ պայմաններ են․ Էդուարդ Ղազարյան 

Կորոնավիրուսային հիվանդության պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույցը ուղղակի զարհուրեցրել է մարդկանց։ Բոլորը նույն հարցն են տալիս՝ ի՞նչ է լինելու երեխաների հետ, ո՞նց են փոքր երեխաները ժամերով դասասենյակում դիմակ կրելու, ի՞նչ են ստանալու նրանք այդ կրթությունից։

«Հրապարակն» այս և այլ հարցերի շուրջ զրուցել է կրթության նախկին նախարար, ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանի հետ, որն այդ ուղեցույցն անվանում է «ուղղակի խայտառակություն»։

-Ինչու՞, պարոն Ղազարյան։

-Մենք մեր բակն ունենք, էդ երեխեքը առավոտից իրիկուն դուրս են գալիս, ֆուտբոլ են խաղում, հեծանիվ են քշում, շփվում են իրար հետ։Հիմա տանելու ենք բա՞նտ, բանտախցիկ մտցնենք նրանց․ 4 ժամ, 6 ժամ դիմակները հագա՞ծ։ Կամ ինչու՞ իրավունք չունեն մոտենալու գրատախտակին․․․ որ չմոտեցան գրատախտակին, ո՞նց են մաթեմատիկա, ֆիզիկա պարապելու նրանց հետ․․․ առանց գրատախտակի, ես չեմ պատկերացնում։ Աննորմալ պայմաններ են, էդպիսի պայմաններ չի կարելի, վնաս կբերի երեխաների և՛ առողջությանը, և՛․․․ հետո երևի ստիպված նորից կփակեն դպրոցները, օնլայնի կանցնեն։  Մի խոսքով․․․

-Նույն ուղեցույցով՝ պատասխանատվությունը տնօրենի վրա է, հիմա այդ փակ, զմռսված դասասենյակներում հնարավո՞ր է, որ դեպքեր չլինեն։

-Այո, մի բան էլ եղավ․ մեղքը գցելու են ուսուցչի վրա։ Բոլորը պատասխանատվությունը գցելու են դպրոցի վրա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ այդ ուղեցույցով առաջնորդվելու դեպքում ուսուցիչը, ուսուցչուհին 5 րոպեն մեկ պետք է երեխեքին ուղեկցի տուալետ ու անհայտ է, թե էդ ժամանակ երեխեքը դասասենյակում ինչպես են իրենց պահելու ուսուցչի բացակայությամբ։ Մի խոսքով՝ չմտածված քայլեր են։ Մանավանդ, որ տարբեր երկրներ ֆիքսել են, որ մինչև 12 տարեկան երեխաներն ընդհանրապես վարակակիր չեն և գոնե ազատ կարելի էր 1-6 -րդ դասարանները ազատ թողնեին, որ նորմալ դասապրոցես ընթանար։

-Իսկ երեխաների մոտ հնարավո՞ր չ՞, որ զզվանք առաջանա և՛ դասապրոցեսի, և՛ ուսման նկատմամբ։ 

-Եթե ինչ-որ պարտադրանք կա՝ շարժվելու, շփվելու, արդեն դա տհաճ է երեխային, և, այո, հնարավոր է՝ հակակրանք էլ առաջանա։ Մեր հոգեբանները, բժիշկները, ախր, պետք է արձագանքեն։ Որոշ քաղաքական գործիչներ արձագանքել են այս ուղեցույցի հետ կապված, բայց կարծում եմ, որ պետք է նրանք հանդես գան, նաև ուսուցիչները։

-Վախենում են, միկրոֆոնի մոտ չեն խոսում, իրենց բազում մտահոգություններն արտահայտում։

-Դե ուսուցիչները հասկացանք՝ վախենում են, բա բժիշկները, հոգեբանները․․․ էդ վախի մթնոլորտում ապրե՞լ կլինի, ո՞նց կարելի է։

-Ինքներդ, եթե լինեիք նախարար, ի՞նչ կառաջարկեիք, ի՞նչ սխեմայով կանեիք։ Հեռավա՞ր։

-Գիտեք՝ դա էլ չարդարացրեց։ Կենդանի շփումը լրիվ ուրիշ բան է․ դու էներգիա ես փոխանցում աշակերտին, նա էլ քեզ, նայում ես նրանց դեմքերին, միմիկա է, իսկ էդ հեռավարը չարիքների փոքրագույնն է։ Նորից եմ ասում՝ ցածր դասարանները կարելի էր ազատ թողնել, որ նորմալ պարապմունքներ անցկացվեն։ Գոնե մինչև 7-րդ դասարան։ Էդ էրեխեքը, մեկ ա՝ շփվում են իրենց ընկերների հետ։

-Կրթության չափորոշիչների հետ կապված նաև մեծ աղմուկ բարձրացավ․ Հայաստանի ու Թուրքիայի պատմություն, գրականություն։

-Գիտեք՝ պատմության,լեզվի, գրականության բոլոր մասնագետները հանդես եկել են, ես բնագետ եմ՝ մասնագիտությամբ ֆիզիկոս, մի բան կարող եմ ասել, որ ինձ համար հասկանալի չէ, թե ինչ է նշանակում՝ «աշխարհի քաղաքացի»։ Էդ ուղղվածությունը բերում է նրան, որ մենք աշխարհի քաղաքացի ենք դաստիարակում։ Ըստ իս՝ օբյեկտիվ ուղղությունը պետք է լինի ազգայինից դեպի համամարդկային։ Առանց ազգայինի, ինքնության պահպանման, հավատքի, մշակույթի չես կարող դառնալ ինչ-որ մի անդեմ քաղաքացի՝ աշխարհի քաղաքացի։ Գլոբալիզացիային ես կատեգորիկ դեմ եմ և կարծում եմ, որ այդ փոփոխությունները կնպաստեն այդ պրոցեսին, որ ուզում են իրականացնել․ պատմություն են գրում Թուրքիայի ու Հայաստանի․․․ինչ-որ գաղտնի․․․

-Նաև ականավոր շատ գիտնականներ՝ գիտական ամենաբարձր կոչումներով, ճանաչված նաև դրսում, բողոքում են, որ որևէ մեկն իրենց չի լսում,իրենց հետ ոչ մի հարց չեն քննարկում,  որ «մեզ բանի տեղ չեն դնում», նորերը որոշում են այն, ինչ իրենց մտքով է անցել։ Չեն հարցնում մասնագիտական կարծիքներ։

-Իմ փորձից կարող եմ ասել, որ մի քանի անգամ առիթ եղել է, ես հանդես եմ եկել մամուլում և նաև ՀԽ-ում վարչապետի հետ հանդիպում է եղել, նախարարի՝ Հարությունյան Արայիկի, ինչ-որ հարցեր բարձրացվել են՝ հանրակրթության, ակադեմիայի հետ կապված, գլուխները կախ լսում են, այդքան բան։Չեն ասում՝ եկեք քննարկենք, մասնակցենք էդ քննարկումներին, լսենք իրար, վիճենք։ Լսելու կարողություն չունեն։ Ցանկություն էլ չունեն։ Երևի մտածում են, որ աշխարհի վերին ճշմարտությունը հայտնաբերել են ու ինչ իրենք ասում են՝ բացարձակ ճշմարտություն է։