Եթե Բրյուսելը տապալվի, ԱՄՆ-ը Վրաստանում ռազմաբազա կտեղակայի 

Եթե Բրյուսելը տապալվի, ԱՄՆ-ը Վրաստանում ռազմաբազա կտեղակայի 

Երեկ հաստատվեց, որ բրյուսելյան հանդիպումից առաջ ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները հանդիպելու են Սոչիում: Սակայն հայաստանյան եվրոպամետները կասկածում են, որ Սոչիում որեւէ հանդիպում է կայանալու: Հայաստանի «կառուցողական կուսակցության» նախագահ Անդրեաս Ղուկասյանը վստահ է, որ «Սոչի չի լինելու»։

- Ձեր կարծիքով` ինչու՞ Բրյուսելից առաջ Սոչի։

- Պաշտոնապես հաստատվե՞ց, որ լինելու է Սոչի...ես դա հավանական չեմ համարում։

- Ինչու՞։

- Որովհետև դեկտեմբերի 15-ին Բրյուսելում նախապատրաստվում է կնքել խաղաղության պայմանագիր Մինսկի խմբի հովանու ներքո։ Նախապես քննարկվում է, որ այդ հանդիպմանը պետք է մասնակցի ոչ միայն վարչապետը, այլ նաև երկու կողմերի արտգործնախարարներն ու պաշտպանության նախարարները։ Եվ, ըստ էության, որևէ այլ բան անտեղի է։ Բոլոր փորձերը՝ իրականացնել խաղաղ կարգավորումը  Ադրբեջանի առաջարկած տարբերակով, ձախողվել են այս ընթացքում։
Բազմաթիվ պատճառներ կան, թե ինչու դա, ըստ էության, քիչ հավանական է։ Իհարկե, այս օրերին ջանքեր են գործադրվում՝ որևէ կերպ տապալելու դեկտեմբերի 15 -ի հանդիպումը, բայց հավանականությունը, որ դա կհաջողվի, դեռևս ցածր է։ 

- Կա կարծիք, որ Ռուսաստանը, հասկանալով, որ Հայաստանում հակառուսական տրամադրությունները աճում են, ինքն է հորդորել Փաշինյանին՝ գնալ ու Բրյուսելում Ալիևի հետ պայմանավորվել, որպեսզի հակահայ լուծումները չասոցացվեն ՌԴ-ի հետ։

- Ոչ, այդպիսի բան չկա․ Ռուսաստանի Դաշնությունը Մինսկի խմբի հովանու ներքո եռանախագահների ֆորմատով իր համաձայնությունը տվել է, որպեսզի Արցախում հաստատվի միջազգային մանդատ, Արցախում տեղակայվեն միջազգային զորքեր, անվտանգության գոտում: Ըստ որում՝ 94 թվականի սահմաններով, և այդ հարցը պայմանավորված է ՌԴ գեոպոլիտիկ շահերով։ Եւ դիմադրել Արևմուտքի շահերին ու գնալ էլ ավելի լուրջ առճակատման, Ռուսաստանը չի ցանկանում։ Ինչպես նաև չի ցանկանում, որ ԱՄՆ -ն իր ռազմաբազան տեղակայի Վրաստանում,որը կլինի պատասխանը, եթե տապալվի դեկտեմբերի 15-ի՝ ՄԽ հովանու ներքո հանդիպումը։ Ուստի, ՌԴ գործոնն այսօր չեզոքացված է։

-  Կարծում եք` չի կարո՞ղ ՌԴ-ն գործել անուղղակի։

- Չի կարող։ Սա ամենաբարձր մակարդակով ընդունված որոշում է, որը բոլորը պիտի կատարեն։ Ով չենթարկվի, պատժվելու է։

- Հայաստանում կա նաեւ համոզմունք, որ Բաքվին հրահրում է ՌԴ-ն։

- Դեկտեմբերի 15-ին այդ դարաշրջանն ավարտվում է։ Արցախի շուրջ մանիպուլյացիաները, չկարգավորված վիճակը, սրա շուրջ կազմակերպված քաղաքական պրոցեսները և այլն, ավարտվում են։ Սկսվում է նոր փուլ։

- Արցախը ենթադրենք՝ ավարտվեց, իսկ Սյունիքը սկսվեց։

- Արցախը ավարտվելու է (խնդրի լուծում) ՄԱԿ-ի կառավարման ներքո։ Արցախի շուրջ տեղակայվելու են շվեդական՝ միջազգային բազմազգ ուժեր։ 

- Ի դեպ, տեղեկություն կա, որ Մակրոնը շարունակում է պնդել իր առաջարկը, որ ֆրանսիացի խաղաղապահներ, ֆրանսիական ռազմաբազա տեղակայվի Հայաստանում։

- Ո՛չ ֆրանսիացիները, ո՛չ ռուսական, ո՛չ ԱՄՆ զորքերը, ո՛ չ թուրքական զորքերը, ո՛չ վրացական, ո՛չ Թուրքմենիայի։ Սկզբունքը հետևյալն է․ խաղաղարար օպերացիայում չեն կարող մասնակցել ո՛չ համանախագահող պետությունների, ո՛չ էլ հարևան պետությունների զորքերը։ Խաղաղարար ուժերը պետք է լինեն բազմազգ։ Չեն կարող լինել մեկ պետության զորքերը։ Սրանք ԵԱՀԿ-ի ֆունդամենտալ դրույթներն են, որոնք այս կազմակերպության կողմից տարիներ շարունակ մշակվել են և այսօր Ֆրանսիան, ԱՄՆ-ը պնդում են, որ դա պետք է կատարվի։ Ֆրանսիան իր կողմից Հայաստանին պատրաստ է ռազմական օժանդակություն ցուցաբերել, եթե Հայաստանը գտնում է, որ անվտանգության հարցերում  ունի բաց։ 

- Այսինքն՝ ռուս խաղաղապահներն էլ չեն լինի՞։

- Դա նշանակում է, որ ռուս խաղաղապահները չեն լինի։

- Որքանո՞վ է դա տեղավորվում ռեալ պոլիտիկի մեջ։

- Դա ռեալ պոլիտիկի այսօրվա միակ լուծումն է, որում հայտնվել է Ռուսաստանը։ Հակառակ դեպքում, ԱՄՆ-ն Վրաստանում կտեղակայի ռազմաբազա։ 

- Ինչից եք դա ենթադրում։ Եվ առհասարակ, դա ձեր վերլուծությու՞նն է, թե՞ տեղեկություններ ունեք։ 

- Հետևում եմ բոլոր իրադարձություններին, մինչև պատերազմը տեղյակ եմ եղել բանակցային գործընթացում առկա առաջարկություններին։ Անցած տարի օգոստոսին Սամվել Բաբայանը ցանկացողների համար փակ հրապարակում արեց, Լավրովի պլան հանդիսացող փաստաթղթերի թղթապանակը, ես չալարեցի, Հմայակ Հովհաննիսյանի հետ այցելեցի և Սամվել Բաբայանը ցույց տվեց այն փաստաթղթերը, որոնք առաջարկված են եղել նախքան պատերազմը։ Պատերազմից հետո ակնհայտ է, որ այդ փաստաթղթերը ենթարկվել են փոփոխությունների, բայց ֆունդամենտալ մոտեցումները չէին կարող փոխվել։ Վիճելի հարցերը ուժով չեն լուծվում․ դա  միջազգային հարաբերությունների ֆունդամենտալ սկզբունք է։ Այսինքն՝ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի գործադրումը  քաղաքական որևէ հետևանք Մինսկի խմբի գործընթացի վրա չէր կարող ունենալ։ Դա ակնհայտ էր ի սկզբանե։ Այն փորձերը, որոնք Ադրբեջանը ուզում էր իրականացնել, որին սատարում էին Թուրքիան և Ռուսաստանը, այն էր, որ Հայաստանը և Ադրբեջանը կնքեն ՄԽ ձևաչափից դուրս խաղաղության պայմանագիր, այս մեկ տարվա ընթացքում տապալվեցին։

 -Ասում եք՝ չի կարող ուժով, բայց կարծիք կա, որ Ադրբեջանին թույլատրված է ամեն ինչ։ 

- Դա ոչնչով չհիմնավորված կարծիք է։

- Արևմուտքն էլ այս օրերին հավասարության նշաններ դրեց Սյունիքում էսկալացիայի հեղինակի ու մեր միջեւ, կողմերին կոչ արեց զերծ մնալ։

- Ոչ ոք հավասարության նշան չի դնում։ Հունվար-փետրվար ամիսներին Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանին կճանաչի ագրեսոր և նույն ժամանակահատվածում, պլյուս-մինուս 2 ամիս, Հաագայի միջազգային դատարանը կճանաչի, որ Ադրբեջանում տեղի է ունեցել հայերի նկատմամբ մասսայական խտրականություն։ Դուք տեղյակ եք, որ այդ գործառույթներն ընթանում են։

- Դուք ապագայի մասին եք խոսում, ես՝ 2 օր առաջվա Սյունիքի դեպքերից։ Երբ Ադրբեջանը մտել է ՀՀ սուվերեն տարածք՝ Արևմուտքը, նույն՝ ԵԽ-ն ասում են` «կողմերը» զերծ մնան իրավիճակի հետագա լարումից։

- Եվ ինչպես մտել են, այնպես էլ դուրս են եկել։

- Բայց դիրքեր են գրավել, չէ՞։

- Էդ բոլոր դիրքերը հետ են վերցվել։ Վարչապետն այս մասին պաշտոնապես հայտարարեց ԱԺ-ում։ Որ Հայաստանի Հանրապետությունը տարածքային կորուստներ չունի։ Ինչ դիրքեր են վերցրել, ոնց են արել և այլն․․․

- Դուք հավատում ե՞ք նրան, ինչ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Եւ առհասարակ ՀՀ պաշտոնական տեղեկատվությանը մարդիկ չեն հավատում։

- Ես չեմ հավատում վարչապետի բոլոր հայտարարություններին, նա անում է ակնհայտ սուտ հայտարարություններ,  բայց այս հարցը վերաբերում է ոչ թե վարչապետին, այլ գերտերությունների ընդունած որոշումներին։ Եվ դրանք խախտելու համար ցանկացած կողմ՝ լինի Ադրբեջան կամ Հայաստան, պատժվելու են։ Պատժամիջոցներին դիմադրելու ռեսուրս ո՛չ Հայաստանն ունի, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ ՌԴ-ն ու Թուրքիան ունեն ցանկություն՝ լրացուցիչ պատժամիջոցների ենթարկվել։ Առանց այդ էլ արդեն առերեսվել են դրա հետ։