Կենսաթոշակները հնարավոր էր բարձրացնել ոչ թե 10, այլ՝ 50 տոկոսով

Կենսաթոշակները հնարավոր էր բարձրացնել ոչ թե 10, այլ՝ 50 տոկոսով

2020 թվականի պետական բյուջեով սոցիալական պաշտպանությանն ուղղվող միջոցների 60 տոկոսը (շուրջ 275 միլիարդ դրամ), պետությունը վճարում է քաղաքացիներին՝ որպես կենսաթոշակ: Ինքնին դրական է, որ 2020 թվականին միջինը 10 տոկոսով բարձրացվել են կենսաթոշակների չափերը:


Սակայն զուգահեռաբար առաջանում են նաև օբյեկտիվ հարցեր.

«Համարժեք և բավարար ե՞ն կենսաթոշակի ոլորտում իրականացվող փոփոխությունները տրված խոստումներին: Եվ խոստացված բարեփոխումներն իրականացնելու դեպքում որքա՞ն պետք է բարձրանար կենսաթոշակը:»:


Բազմիցս ենք նշել՝ այս համակարգում շարունակվում են չլուծված մնալ համակարգային խնդիրներ, որոնց լուծման խոստումները տեղ են գտել նաև գործող կառավարության ծրագրերում:

Սակայն փաստն այն է, որ խոստացված այդ լուծումները կա՛մ հետաձգվում են ապաշնորհ կառավարման հետևանքով, կա՛մ էլ ենթարկվում են տրամաբանորեն հակառակ փոփոխությունների՝ պոպուլիստական հիմնավորումներով:

Սրա հետևանքով առաջանում են պետական բյուջեի լրացուցիչ ծախսեր, ինչը թույլ չի տալիս առկա հնարավորություններն ուղղել կենսաթոշակների չափերի էական բարձրացմանը: Այդ լրացուցիչ ծախսերն ունեն աճի միտում, իսկ դրանց մի մասն էլ՝ կոռուպցիոն բնույթ: Եվ միայն իրավապահ մարմինների պայքարն այս ոլորտում առկա արատավոր երևույթի դեմ չի կարող փոխարինել համակարգային անհրաժեշտ բարեփոխումներին և ապահովել լիարժեք արդյունք:

Մասնավորապես, փաստացի շարունակվում է կենսաթոշակի անցնող անձանց աշխատանքային կեղծ ստաժերի հավելագրումը, իսկ աշխատանքային ստաժը կենսաթոշակի իրավունքի և չափի որոշման հիմքն է:

Այս խնդրի համակարգային լուծման համար օրենքով նախատեսված էր մինչև 2019 թվականի հունվարի 1-ն ավարտել աշխատանքային գրքույկների թվայնացման աշխատանքները: Ընդ որում՝ աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը մեկնարկել է կառավարության որոշմամբ՝ դեռևս 2016 թվականի օգոստոսին: 2018 թվականի վերջին նոր ձևավորված կառավարության առաջարկով մեկ տարով հետաձգեց աշխատանքային գրքույկների թվայնացումը: 2019 թվականն ավարտվեց և օրենքով սահմանված վերջնաժամկետը լրացավ, սակայն աշխատանքային գրքույկների թվայնացումը իրականացված չէ: Նաև պարզ չէ՝ կշարունակեն արդյո՞ք և ե՞րբ կավարտեն համակարգային այս բարեփոխումը: Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայությունն այս աշխատանքները կատարելու համար ունի 51 տարածքային կենտրոններ, 650 աշխատողներ և ուներ ավելի քան բավարար՝ երեք տարի ժամանակ: Խոսքը վերաբերում է շուրջ 600 հազար վարձու աշխատողների աշխատանքային գրքույկներին, որոնք գործատուները պետք է ներկայացնեին պետական այդ ծառայություն, իսկ վերջինս էլ՝ ընդամենը պետք է դրանք սքանավորեր ու մուտքագրեր կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան:

Պարզ է, որ պատասխանատու պետական մարմինը չի իրականացնում օրենքով իրնեն վերապահված աշխատանքները՝ դրանց օբյեկտիվ անհրաժեշտությունը չկարևորելու և իր հիմնական գործառույթների իրականացումը ոչ պատշաճ կազմակերպելու հետևանքով:

Առանց աշխատանքային գրքույկների թվայնացման անհնար է վերացնել կեղծ ստաժերի հավելագրման շարունակվող արատավոր պրակտիկան: Մեկ անգամ և ամբողջական թվայնացնելով աշխատանքային գրքույկները՝ հնարավոր կլիներ լիարժեք ապահովել անհրաժեշտ տեղեկատվական հիմքը՝ աշխատանքային կեղծ ստաժի հիման վրա կենսաթոշակի նշանակումները բացառելու համար:

Այս մասին շուրջ երկու տարի է միայն խոսում են գործող իշխանությունները, իսկ արատավոր այդ երևույթներն էլ ավելի են խորանում՝ բարձիթողի կառավարման ֆոնին:

Կեղծ աշխատանքային ստաժի հիմքով ավել վճարվող գումարները կարող են ուղղվել կենսաթոշակների բարձրացմանը: Ընդհանրական գնահատումներով կենսաթոշակային համակարգը կեղծ ստաժներից մաքրելու արդյունքում խնայվող պետական միջոցները բավարար կլինեն կենսաթոշակների միջին չափը շուրջ 10-15 տոկոսով բարցրացնելու համար:

Մյուս կողմից՝ օրվա իշխանությունները հետևողականորեն առաջ են մղում կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը, որին նախկինում սկզբունքորեն դեմ էին, բայց իշխանության գալուց հետո ոչ միայն կողմ են, այլ նաև այս բաղադրիչը ընդլայնելու համար հատկացնում են լրացուցիչ պետական միջոցներ: Մասնավորապես, 2019 թվականին պետական բյուջեով պարտադիր կուտակային համակարգի ֆինանսավորմանը հատկացվել է նախորդ տարվանից 12 միլիարդ դրամով ավել գումար՝ 56 մլրդ դրամ: Իսկ 2020 թվականին այս համակարգի ֆինանսավորմանը պետական բյուջեից կհատկացվի 70 միլիարդ դրամ, որի աճը 2019 թվականի համեմատ կազմում է 14 միլիարդ դրամ:

Խնդրահարույց այս համակարգի չեղարկման դեպքում հնարավոր կլիներ այդ միջոցներով էապես՝ առնվազն 25 տոկոսով բարձրացնել կենսաթոշակների չափերը:

Փաստորեն՝ առկա համակարգային խնդիրները խոստացվածին համարժեք և ժամանակին լուծելու պարագայում կենսաթոշակների միջին չափը հնարավոր կլիներ 10 տոկոսի փոխարեն բարձրացնել շուրջ 50 տոկոսով:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող