Գուցե լավ բան է, բայց Հայաստանում չի աշխատի

Գուցե լավ բան է, բայց Հայաստանում չի աշխատի

ԳԱԱ-ում կրճատումների ու վարկանիշավորմանը սպասելիս Հայաստանի բոլոր կառավարությունները՝ Անդրանիկ Մարգարյանից մինչեւ Նիկոլ Փաշինյան, հայտարարել են Գիտությունների ազգային ակադեմիայի ինստիտուտների աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու մասին։ Սա, ըստ էության, Խորհրդային Միությունից ժառանգություն մնացած համակարգ է, որը 30 տարի շարունակ բարեփոխել չի հաջողվում։ Տպավորություն կա, որ հիմա ընտրվել է համակարգը փուլային տարբերակով՝ տարեցտարի, աստիճանաբար փակելու-վերացնելու ուղին, սկզբում մարդիկ կկրճատվեն, հետո կառույցները կփակվեն։

Այս գարնանը Արայիկ Հարությունյանը ստորագրեց «Գիտական կամ գիտատեխնիկական պետական կազմակերպությունների գիտական եւ գիտատեխնիկական գործունեության արդյունավետության գնահատման, տարակարգման եւ բազային ֆինանսավորման հիմնական սկզբունքները եւ չափանիշները հաստատելու մասին» հրաման։ Այն սահմանում է գիտական հիմնարկների ֆինանսավորումն իրականացնել ըստ նրանց տարակարգման: Գիտության կոմիտեում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը պետք է ամռան ընթացքում մշակեր արդյունավետության գնահատման մեթոդաբանություն, որով անցկացվեր ինստիտուտների վարկանիշավորում, որով էլ ինստիտուտները կստանային տարակարգեր եւ ըստ այդմ՝ կֆինանսավորվեին։

Մենք Գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանից փորձեցինք տեղեկանալ, թե ինչ վիճակում է այդ չափորոշիչների մշակումը։ Նա ասաց՝ ընթացքի մեջ է, գրեթե ավարտվել է։ «Բայց կիրարկումը երբ կանենք, չենք կարող ասել, որովհետեւ որոշ անակնկալներ եղան։ Բանն այն է, որ որոշ տվյալներ իրականությանը չեն համապատասխանում։ Օրինակ՝ գիտական հոդվածների հետ կապված հավելյալ ստուգումների կարիք ունեն, ինչն ահռելի ու ժամանակատար աշխատանք է»,- ասաց կոմիտեի նախագահը, ով կասկածում է, որ հաջորդ տարեսկզբից հնարավոր կլինի իրականացնել գիտական հիմնարկների արդյունավետության չափելիության մեթոդոլոգիան։

Նրա խոսքով, օրինակ, պարզվել է, որ ամսագիրը, որում տպագրվել է գիտական հոդվածը, կա՛մ գիտական չէ, կա՛մ այն ամսագիրը չէ։ Սամվել Հարությունյանի խոսքով՝ գիտական հիմնարկների վարկանիշավորման արդյունքում լինելու է 4 կատեգորիա։ «4-րդն այն հիմնարկներն են լինելու, որոնց փրկել հնարավոր չէ, որոնք շատ վատ են աշխատում, եւ նրանց ֆինանսավորումը դադարեցվելու է։ Երրորդ կատեգորիայում հայտնված ինստիտուտներին տրվելու է 2 կամ 3 տարի փորձաշրջան՝ երկրորդում կամ առաջինում հայտնվելու համար»։ Նշենք, որ որոշ ինստիտուտներում վարկանիշավորումը չսկսած՝ զգուշացրել են հնարավոր կրճատումների մասին։ 

Որոշ ինստիտուտների տնօրեններ, օրինակ՝ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ իրենց մոտ նման բան չկա։ Տպավորություն ստացանք, որ դա հենց ինստիտուտների հայեցողությամբ է կատարվում։ Սամվել Հարությունյանը հաստատեց․ «Սա նոր չէ, վաղուցվանից ենք ասել, որ ձեր ներքին գործն է, ձեր ներսում, ձեր ստրուկտուրաները կարող եք հարմարեցնել։ Շատ ինստիտուտներում, օրինակ, կան 2-3 հոգանոց լաբորատորիաներ, ես անձամբ այն կարծիքին եմ, որ նման լաբորատորիաների գոյությունն անիմաստ է»։

Հարցրինք՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն, որ որոշ գիտական հիմնարկներ միավորվելու են։ Սամվել Հարությունյանը հաստատեց՝ ասելով, որ 2022-ից այն ինստիտուտների պարագայում, որոնք պրոֆիլով մոտ են, նման կառուցվածքային փոփոխություններ նախատեսվում են։ «Շատ հիմնարկներ ստիպված կլինեն գնալ խոշորացման, ուժերի միավորման՝ իրենց շահերից ելնելով։ Սա իր հետեւից միայն դրական հետեւանքներ է բերելու»,- ասաց Հարությունյանը։

Նշենք, որ գիտաշխատողներից մեկը, որը չցանկացավ ներկայանալ, բողոքում էր, որ գիտական ազդեցիկ ամսագրերում 1-1,5 տարվա հերթեր են, կամ ստիպված են հավաքարարին մոտ իրենց աշխատավարձերից հսկա գումարներ տրամադրել վճարովի ամսագրերում տպագրվելու համար։ Սամվել Հարությունյանն ի պատասխան բերեց վատ պարողի ու նրան խանգարող հանգամանքների հայտնի օրինակը։ Գիտության կոմիտեի ղեկավարն ասաց նաեւ․ «Նայած ամսագիր, օրինակ՝ որեւէ գիտական խմբի կողմից «Նեյչըրսում» տպագրվելու համար իմաստ ունի չարչարվել կամ սպասել»։

Ներկա պահին Հայաստանում կան գիտական եւ գիտական կազմակերպություններում 6 հազար 56 աշխատակից, գիտական աստիճանի համար հավելավճար ստացող 597 դոկտոր եւ 1500 թեկնածու։ Գիտաշխատողների շրջանում նաեւ լուրեր են շրջանառվում, որ կես դրույքով աշխատող թեկնածուները կամ դոկտորները հավելավճարներ չեն ստանալու։ Սամվել Հարությունյանը դա էլ հաստատեց՝ ասելով, որ շատ գիտնականներ իրենց աշխատավարձից բարձր հավելավճար են ստանում։ «Մեկ հաստիքի վրա 0․1 տասնորդական հաստիքով 4 դոկտոր է աշխատում, որոնք ստանում են 25-հազարական աշխատավարձ եւ, ասենք, 50-հազարական հավելավճար»,- ասաց Սամվել Հարությունյանը։ Նրա ամփոփմամբ՝ գիտական հավելավճար կստանան այն գիտնականները, որոնք լիարժեք եւ նվազագույնից բարձր աշխատավարձ են ստանում։

Հիշեցնենք, որ օրերս ներկայացվեց բարձրագույն կրթության եւ գիտության մասին նոր օրենքի նախագծի աշխատանքային տարբերակը, որի շուրջ գիտնականների հիմնական մասը մեծ վերապահումներ ունի։ Բոլորը՝ ԳԱԱ ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից մինչեւ ԳԱԱ ինստիտուտների տնօրեններ, նույն բանն են ասում․ գուցե լավ բան է, ընդունված է աշխարհում, բայց Հայաստանում չի աշխատի։

«Էն մասը, որը վերաբերում է գիտությանը, բավականին անհիմն է, եւ գիտության մասին շատ քիչ բան կա»,- ասաց Ռադիկ Մարտիրոսյանը։ Հիշեցնենք, որ դրա առանցքային կետերից մեկը ԳԱԱ ինստիտուտների՝ բուհերին միացումն է։

ԳԱԱ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի տնօրեն Սամվել Չաիլյանը համակարծիք է ԳԱԱ նախագահի հետ․ «Գիտության մասին ոչ մի խոսք չկա։ Միայն, որ ինստիտուտները միացվում են բուհերին, գիտությունն արվում է ինստիտուտների հովանավորության տակ, ինստիտուտների աշխատողները համալսարանի հետ անում են գիտություն։ Ոնց որ ամբողջ աշխարհում է, բայց ամբողջ աշխարհը՝ մի բան, մենք՝ մի բան։ Դա իրենց մոտ համակարգ է, որ 100 տարվա մեջ զտվել է, աշխատում է, իսկ մենք միանգամից ուզում ենք վերցնենք միացնենք, փոխենք։ Չգիտեմ․․․»։ Հարցրինք՝ գիտնականները չե՞ն կարող աշխատել այդ համակարգում։ Ասաց՝ կարող են, բայց դա ոչինչ չի տա գիտության զարգացմանը։

Գրեթե նույն բանն է ասում նաեւ Ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը։ «Դա ողջ աշխարհում ընդունված ձեւ է, բայց ինչքանով է մեր պայմանների համար ճիշտ․․․ էդ հարցի պատասխանի վրա մտածում ենք, դժվար հարց է, հեշտ հարց չէ»,- ասում է ինստիտուտի տնօրենը։